ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանը դատապարտել է կալանաւորների
նկատմամբ բռնութիւնների կիրառումը
24-12-2008 18:08:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Նուբարաշէն»
քրէակատարողական հիմնարկում գտնուող կալանաւոր Գրիգոր Ոսկերչյանի
շահերի պաշտպան, փաստաբան Ստեփան Ոսկանեանը դեկտեմբերի 23-ին
զանգվածային լրատւութեան միջոցներով յայտարարել է, որ իր
պաշտպանեալը քրէակատարողական հիմնարկում ծեծի է ենթարկուել: Նոյն
օրը ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմ է ահազանգել
«Նուբարաշենում» գտնուող կալանաւոր Գեւորգ Մանուկեանի շահերի
պաշտպան, փաստաբան Ինեսա Պետրոսեանը եւ յայտնել, որ իր պաշտպանեալը
նույնպես քրէակատարողական հիմնարկում ծեծի է ենթարկուել եւ իրեն չեն
թողնում տեսակցել վերջինիս հետ:
ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեանի
յանձնարարութեամբ աշխատակազմի աշխատակիցներն այցելել են
«Նուբարաշէն», հանդիպել նախնական կալանքի տակ գտնուող Գ.Ոսկերչյանին
եւ Գ.Մանուկեանին:
Պաշտպանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ
Գ.Ոսկերչեանը յայտնել է, որ դեկտեմբերի 23-ի ժամը 10-ին կալանախուց
են մտել հարկի հերթապահ Թաթուլ Յակոբեանը եւ իրեն անծանօթ այլ
անձիք` կալանախցում խուզարկութիւն կատարելու համար: Իրեն որպէս
տարիքով աւագի թողել են կալանախցում, իսկ միւս կալանաւորներին
հանել են խցից: Խուզարկութիւն կատարողներից մէկը տեղեկանալով, թէ
ինքը ՀՀ քրէական օրենսգրի որ յօդուածով է մեղադրւում, ուժգին
ապտակել է իրեն, որից յետոյ եւս մէկ հարուած է ստացել աջ ոտքին:
Ստացած հարուածների հետեւանքով իր ինքնազգացողութիւնը խիստ վատացել
է, որի պատճառով էլ իրեն նշանակուած ժամից ուշ են տարել դատարան:
Գ.Մանուկեանը յայտնել է, որ հրաժարվում է իրեն ծեծի
ենթարկելու կապակցութեամբ որեւէ յայտարարութիւն անել, քանի դեռ չի
խորհրդակցել իր փաստաբանի հետ:
Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնում են ՀՀ Մարդու իրաւունքների
պաշտպանի աշխատակազմի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ
կապերի բաժնից, Ա.Յարութիւնեյանը դատապարտել է նման բռնութեան
երեւոյթը` համարելով այն որպէս ճնշում ամբաստանեալների վրայ:
Գ.Ոսկերչյանի յայտնած տեղեկութիւնների վերաբերեալ պաշտպանը դիմել
է ՀՀ արդարադատութեան նախարարին` առաջարկելով անցկացնել
ծառայողական քննություն եւ պատժել մեղաւորներին:
ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանը համապատասխան ատեաններում
բարձրացրել է նաեւ լրագրողների կողմից «Յոթի գործով» դատական նիստը
լուսաբանելու պայմանների հետ կապուած հարցերը, որպէսզի նրանք
հնարաւորութիւն ունենան ինքնուրոյն լուսաբանել դատավարութիւնը,
այլ ոչ թէ ստիպուած լինեն օգտուել մատուցուած նյութից, եւ
ամբաստանեալների հարազատների դատական նիստերի դահլիճ մուտքի
ապահովման հարցը, քանզի դեկտեմբերի 23-ին դատական նիստերի
դահլիճում էին գտնւում քաղաքացիական հագուստով բազմաթիւ
ոստիկանութեան աշխատակիցներ, մինչդեռ ամբաստանեալների հարազատների
մեծ մասը չէին կարողացել մուտք գործել այնտեղ: