ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ
ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՊԱՀՊԱՆԵՑ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ, ԻՍԿ ԿԱՆԱՆՑ ԹԻՄԸ ԵԶՐԱՓԱԿԵՑ
ՈՒԺԵՂԱԳՈՅՆ ՎԵՑՅԱԿԸ
26-11-2008 18:45:00 | | Սպորտ
ԴՐԵԶԴԷՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 25-ին
Դրեզդէնում տեղի ունեցաւ շախմատի համաշխարհային 38-րդ օլիպիադայի
փակման հանդիսաւոր արարողութիւնը:
Հայաստանի տղամարդկանց հաւաքականը, որում ընդգրկուած են Լեւոն
Արոնեանը, Վլադիմիր Յակոբեանը, Գաբրիէլ Սարգսեանը, Տիգրան
Լ.Պետրոսեանը եւ Արտաշէս Մինասեանը, 19 միաւորով 154 թիմերի
պայքարում գրաւեց առաջին տեղը` երկրորդ անգամ անընդմէջ նվաճելով
չեմպիոնի կոչումը ու արժանանալով օլիմպիադայի ոսկէ մեդալների:
Այսպիսով «Համիլթոն Ռասելի» գաւաթը կրկին վերադարձավ Հայաստան:
Հայաստանի հաւաքականում երկրորդ եւ երրորդ խաղատախտակները
ներկայացրած Վլադիմիր Յակոբեանը (11 հնարաւորից 8 միաւոր) եւ
Գաբրիէլ Սարգսեանը (9 միաւոր) արժանացան ոսկէ մեդալների:
Մրցանակային յաջորդ տեղերը զբաղեցրին Իսրայելի (18 միաւոր) եւ
ԱՄՆ-ի (17 միաւոր) թիմերը:
Հայաստանի կանանց հաւաքականը վերջին` 11-րդ, փուլում 2,5:1,5
հաշւով առաւելութեան հասաւ հնդկուհիների նկատմամբ եւ 114 թիմերի
մրցակցութիւնում 16 միաւորով գրաւեց 6-րդ պատուաւոր տեղը: Նախորդ
օլիմպիադայի համեմատ հայ շախմատիստուհիները (Էլինա Դանիելեան,
Լիլիթ Մկրտչեան, Նելլի Աղինյան, Լիլիթ Գալոյեան, Սիրանուշ
Անդրիասյան) առաջադիմեցին 2 տեղով: Իրեն գերազանց դրսեւորեց Լիլիթ
Մկրտչեանը, որը 11 հնարաւորից վաստակեց 8 միաւոր եւ նուաճեց բրոնզէ
մեդալ:
Կանանց մրցաշարում չեմպիոնի կոչման արժանացավ Վրաստանի
ընտրանին (18 միաւոր լրացուցիչ ցուցանիշով): Մրցանակային յաջորդ
երկու տեղերը զբաղեցրին Ուկրաինայի (18 միաւոր) եւ ԱՄՆ-ի (17
միաւոր) պատուիրակները: Վերջինի կազմում բրոնզէ պարգեւ նուաճեցին
Կատերինա Ռոհունյանը եւ Տաթեւ Աբրահամեանը: ԱՄՆ-ի տղամարդկանց
հաւաքականի կազմում բրոնզէ մեդալ ստացաւ Վարուժան Յակոբեանը:
Նշեաք, որ Դրեզդէնում հայ շախմատիստների վերջին փուլի
մրցելույթներին հետեւում էր ՀՀ նախագահ, Շախմատի հանրապետական
ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսեանը: