Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութիւնը նախանշեց առաջիկայ երեք տարիների իր ռազմավարութիւնը


Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութիւնը նախանշեց առաջիկայ երեք տարիների իր ռազմավարութիւնը

  • 08-04-2011 21:43:25   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
 Ապրիլի 8-ին Երեւանում կայացաւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութեան (ԻՏՁՄ) 11-րդ համագուրը, որին մասնակցում էին նաեւ համակիրներ, Տեղեկատուական եւ հեռահաղորդակցութեան ոլորտի ընկերութիւնների, պետական գերատեսչութիւնների, կրթութեան ոլորտի ներկայացուցիչներ Հայաստանից, Արցախի տնտեսական զարգացման նախարար Կարէն Եսայեանը: Ինչպէս նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրէն Կարէն Վարդանեանը, ընթացիկ համագումարի կարեւորութիւնն այն էր, որ նախանշուեց միութեան 2011թ.-ի հիմնական նպատակը, ընդունուեց միութեան նոր` 2011-2013թ.թ.-ի ռազմավարութիւնը, որում ներառուած է նաեւ առաջիկայ 20 ամիսների գործողութիւնների ծրագիրը: «Քանի որ միութիւնը ոլորտի ընկերութիւնները միաւորող ամենախոշոր կառոյցն է, ապա ռազմավարութիւնն էական ազդեցութիւն է ունենալու ոլորտի առաջիկայ 1-3 տարիների զարգացման վրայ»,-ասաց նա: Միութիւնը հիմնադրուել է 2000թ.-ին` որպէս Հայաստանում գործող տեղեկատուական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ձեռնարկութիւնների բիզնէս ասոցիացիայ` ոլորտի ձեռնարկութիւնների շահերի պաշտպանութեան, բիզնեսի խթանման նպատակով: Հիմնադիրներն էն «Միգմայ», «Ալգորիթմ», «Լինկ», «Հայկական ծրագրեր», «Արմինկոյ» եւ «Սեդիթ» ընկերութիւնները: Ներկայումս անդամների թիւը հասել է 53-ի, որոնց թւում էն նաեւ Հայաստանում գործող միջազգային կազմակերպութիւններ եւ ընկերութիւններ: Մինչեւ տարեվերջ ակնկալւում է, որ անդամների թիւը կաճի եւս 15-ով: «Իմ անձնական, միգուցէ` սուբյեկտիւ կարծիքով, շատ յաջող տարի է եղել մեր միութեան համար: Շատ մեծ աճ ենք ունեցել, զգալի յաջողութիւններ կան, թէկուզ եթէ նայենք մեր անցեալ տարուայ միջոցառումները»,- ամփոփելով միութեան 2010թ.-ի գործունէութիւնը` նշեց ԻՏՁՄ նախագահ Յովհաննէս Աւօյեանը: Նա յատկապէս կարեւորեց ոլորտի բիզնէս միջավայրի ստեղծմանն ուղղուած DigiTec Expo ամենամեայ ցուցահանդէսի եւ DigiTec ցուցահանդէս-ֆորումի, ՏՀՏ առաջնորդների հանդիպում-ֆորումների անցկացումը: «Նամանաւանդ` վերջին բիզնէս ֆորումը, որը շատ յաջող անցաւ եւ զգալի աճ ունեցանք նախորդ տարիների համեմատ, նաեւ որակապես աճ ունեցանք այն իմաստով, որ աւելի շատ էին ներկայացուած բիզնէս լուծումները, աւելի մեծ էր հետաքրքրութիւնը»,-ընդգծեց Հ.Աւօյեանը: 2010թ.-ի միջոցառումների շարքում առանձնայատուկ կարեւորուեց ռոբոտների Հայաստանի բաց առաջնութիւնը` ArmRobotics-ը, որը, միութեան նախագահի բնորոշմամբ, բաւականին յաջող էր: «Զգում ենք, որ արդէն հասունանում է մի կրիտիկական զանգուած, որը սկսում է հետաքրքրուել այս ուղղութեամբ»,-ասաց նա: Նշուեց նաեւ, որ այս տարի միութիւնը նախաձեռնել է Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնութեան անցկացումը, որը մէկ-երկու տարուց կը լինի կայացած միջոցառում: «Ունեցանք նաեւ մի շարք բաւականին յաջողուած հանդիպումներ նախարարների եւ նախարութիւնների հետ: Բաւականին յաջող համագործակցութիւն է սկսուել Պաշտպանութեան նախարարութեան հետ, կապուած ՏՏ ոլորտի ներուժի օգտագործման հետ, ինչպէս աւելի գրաւիչ եւ ժամանակակից դարձնել բանակում ծառայութիւնը, ինչպէս անել, որպէսզի երիտասարդները ծառայութեան ընթացքում չկորցնէն իրենց մասնագիտական հմտութիւնները եւ անգամ զարգանան, որպէսզի քաղաքացիական կեանքին վերադառնալուց յետոյ կարողանան օգուտ բերել տնտեսութեանը»,-ասաց Հ.Աւօյեանը: Ըստ նրա, միութիւնը համագործակցում է նաեւ Պետեկամուտների կոմիտէի հետ: Վերջինի հետ ձեւաւորուած համատեղ աշխատանքային խումբը փորձում է լուծել տարբեր խնդիրներ: «Յոյս ունենք, որ դա լինելու է շարունակական, եւ կ'ունենաք բեկումնային փոփոխութիւններ»,-ընդգծեց նա: Առաջիկայում միութիւնը մտադիր է նաեւ ակտիւացնել համագործակցութիւնը Կրթութեան եւ գիտւթեան նախարարութեան հետ, ինչպէս նաեւ ամրապնդել Էկոնոմիկայի նախարարութեան հետ առկայ աւանդական կապերը: «Այս տարուայ նուաճումներից մէկն այն է, որ թիմը շատ պրոֆէսիոնալ, լաւ գործ է անում, ինչը մեր ապագայ յաջողութիւնների գրաւականն է լինելու, եւ շատ ոգեւորիչ է: Մենք այս տարի ունենք շատ մեծ առաքելութիւն, մենք արդէն որոշել ենք, որ ունենք մի քանի թիրախային ուղղութիւններ, որոնց վրայ կենտրոնանալու ենք, եւ դա արտացոլուած է նաեւ մեր ռազմավարութեան մէջ: Դա առաջին հերթին` կրթութիւնն է, մենք ունենք որակեալ կադերի զգալի պահանջ, եւ այսօր բիզնեսը զարգանալու հիմնական խոչընդոտն անհրաժեշտ թուով որակեալ մասնագէտների պակասն է: Այս ուղղութեամբ ունենք զգալի անելիքներ»,-ասաց նա: ԻՏՁՄ նախագահն ընդգծեց. «Ունեցանք նաեւ շատ լաւ հանդիպում Արցախում, եւ էս յոյս ունեմ, որ մենք ինչ-որ չափով նաեւ լիցք տուեցինք, որ ՏՏ ոլորտը սկսի զարգանալ նաեւ Արցախում, ինչն իր հերթին թոյլ կը տայ այլ ոլորտներում եւս խթանել տնտեսական զարգացումը»: Արցախի Հանրապետութեան Տնտեսական զարգացման նախարար Կարէն Եսայեանն էլ իր հերթին յայտնեց, որ 2001թ.-ից Արցախում ՏՏ ոլորտը յայտարարուած է որպէս գերակայ, «սակայն, առանց չափազանցութեան, նկատելի որեւէ աշխատանք, հետեւապէս` նաեւ արդիւնք մենք չունեցանք»: «Անկեղծ ասած, վերածնունդ կամ այլ կերպ ասած էական ձեռքբերումների սկիզբ կարելի է համարել, երբ 2010թ.-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ էկոնոմիկայի նախարարութեան կողմից կազմակերպուեց մեր շրջայցը ՏՏ հայաստանեան կազմակերպութիւններ, որտեղ էս ուղղակի ոգեւորուած էի, որտեղ մենք հնարաւորութիւն ունեցանք համոզուելու, որ իրօք հնարաւոր է, որպէսզի հայ ճարտարագէտը կամ հայ գործարարը ստեղծի մի արդիւնք, որը յաջողութեամբ իրացւում է ոլորտի համաշխարհային լիդէր համարուող երկրներում: Սա իրօք բացայայտում էր ինձ համար»,-ասաց նախարարը: Ըստ նրա, սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին արդէն Արցախում կազմակերպուեց ոլորտի առաջնորդների «մի հրաշալի միջոցառում, որը Արցախի ՏՏ ոլորտի սկիզբը հանդիսացաւ»: «Կարճ ժամանակահատուածում ունեցանք առաջընթաց, կոնկրէտ քայլեր, ունեցանք մի քանի հայկական ընկերութիւնների բիզնեսի ընդլայնում դէպի Արցախ»,-յայտնեց Արցախի նախարարը` յաւելելով, որ ոլորտի զարգացման համար որոշակի նախադրեալներ է ստեղծում Արցախի` ի համեմատ Հայաստանի, աւելի մեղմ հարկային դաշտը: «Ձեռնարկութիւնների ինկուբատոր հիմնադրամը, որը մեծապէս օժանդակում է Արցախում մեր գործունէութեանը, թոյլ տուեց խօսելու այն մասին, որ, երեւի թէ, մէկ ամսուայ ընթացքում մենք կարող ենք յայտարարել Արցախում տեղեկատուական կենտրոնի բացման մասին, ներկայացնելով նրա մոդելը»,-վստահեցրեց Կ.Եսայեանը: ԻՏՁՄ գործադիր տնօրէն Կ.Վարդանեանը` անդրադառնալով նոր ռազմավարութեանը, ընդգծեց վերջինի հիմնական նպատակը. «Մենք Հայաստանը տեսնում ենք որպէս զարգացած տեխնոլոգիական երկիր, եւ ռազմավարութեան ամբողջ նպատակն ուղղուած է դրան: Դա դիտարկուած է բոլոր` ոլորտի համախմբման, շահերի պաշտպանութեան, ոլորտի զարգացման, պետութեան հետ համագործակցութեան, կրթութեան, ասոցիացիայի զարգացման ուղղութիւններով: Այս բոլոր ուղղութիւնները կարեւորւում էն, եւ համաչափ պէտք է անցկացնենք»,-վստահեցրեց նա: Ըստ նրա, չափազանց կարեւոր էն նաեւ այն բոլոր հարցերը, որ իրենք առաջադրել էն ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ. «Դա կրթութեան, տեխնոլոգիական համալսարան ունենալու խնդիրն է, լայն տեխնոլոգիական ձեռներէցութեան շարժում սկսելն է, այսինքն, որ երիտասարդները մեծ քանակով գնան դէպի տեխնոլոգիական ձեռներէցութիւն, եւ երրորդ` կառավարման մարմնի ստեղծման եւ հայեցակարգի խնդիրներն էն»: Նշուեց, որ ակնկալւում է սկսել նոր` տեխնոլոգիական համալսարանի ձեւաւորումը Ճարտարագիտական համալսարանի բազայի հիման վրայ: «Յոյս ունենք, որ մի 10 տարի յետոյ Հայաստանում կ'ունենանք գոնէ 100 լաւագոյն տեխնոլոգիական համալսարաններից մէկը»,-ասաց Կ.Վարդանեանը: Տեխնոլոգիական ձեռներէցութեան խթանման կապակցութեամբ էլ Կ.Վարդանեանը յոյս յայտնեց, որ այսօր գործող 300 տեխնոլոգիական ընկերութիւնների քանակը, առնուազն առաջիկայ 8 տարում, մօտենա 1000-ի: «Պետութեան հետ համագործակցութեան առումով էլ խնդիրներ ենք տեսնում: Մասնաւորապէս, մեր հիմնական նպատակն է, որ Հայաստանի տնտեսութիւնը տեխնոլոգիաներ շատ կիրառի, եւ այդտեղ յատուկ գործողութիւններ էն պէտք: Կիրառումը, ի հարկէ, տարէցտարի աւելանում է, բայց տեմպերը գոհացուցիչ չէն»,-ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրէնը: Պետութեան ֆինանսական աջակցութեան հարցը, ըստ նրա, դեռեւս մնում է «օդի մէջ», լուրջ փոփոխութիւն չկայ: «Կարծում եմ, իրավիճակը կը փոխուի, որովհետեւ այսպէս չի կարող մնալ»,-վստահեցրեց Կ.Վարդանեանը:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ