ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ Է ԳՏՆՈՒՄ ԱՐՄԱՆ
ԲԱԲԱՋԱՆԵԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԷՏ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒՄԸ
15-07-2008 20:00:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 15 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մօտ օրերս
«Դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկէտ ազատելու
կամ պատժի չկրած մասն աւելի մեղմ պատժատեսակով փոխարինելու անկախ
յանձնաժողով»-ը քննարկելու է «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխաւոր
խմբագիր Արման Բաբաջանեանի` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկէտ
ազատելու վերաբերեալ ՀՀ ԱՆ «Դատապարտեալների հիւանդանոց» ՔԿՀ-ի
միջնորդութիւնը:
ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատուութեան
եւ հասարակայնութեան հետ կապերի բաժինը յիշեցնում է, որ 2007թ.
յուլիսին` «Նուբարաշէն» ՔԿՀ-ի եւ 2007թ. դեկտեմբերին
«Դատապարտեալների հիւանդանոց» ՔԿՀ-ի համապատասխան
միջնորդութիւնները անկախ յանձնաժողովի կողմից մերժուել են:
Նկատի ունենալով, որ Ա.Բաբաջանեանը նախկինում դատապարտուած չի
եղել, ինչպէս նաեւ հաշուի առնելով խնդրի հասարակական նշանակութիւնը
եւ վերջին շրջանում միջազգային հեղինակաւոր իրաւապաշտպան եւ
լրագրողական կազմակերպութիւնների յայտարարութիւնները, ՀՀ Մարդու
իրաւունքների պաշտպանը նպատակահարմար է գտնում նրա պայմանական
վաղաժամկէտ ազատ արձակումը: