ՈՐԵՒԷ ՄԷԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԵՏԱՊՆԴՎԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԵԱՑՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ,-
ԱՍՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ
14-07-2008 20:15:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 14 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահի աշխատակազմի
ղեկավար Հովիկ Աբրահամեանի եւ Եւրոպայի Խորհրդի մարդու
իրաւունքների յանձնակատար Թոմաս Համմարբերգի յուլիսի 14-ի
հանդիպմանը քննարկուել են Եւրոպայի Խորհրդի Խորհրդարանական
Վեհաժողովի թիւ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքը,
մասնաւորապէս, անդրադարձ է եղել անազատութեան մէջ գտնուող անձանց
իրաւական կարգավիճակի եւ մարտի 1-ի իրադարձութիւնների անկախ
հետաքննութեան խորհրդարանական ձեւաչափի հետ կապուած հարցերին: ԵԽ
մարդու իրաւունքների յանձնակատարն այս խնդիրների վերաբերեալ
սեպտեմբեր ամսին մոնիտորինգի յանձնաժողովում պէտք է ներկայացնի
զեկոյց:
Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի Մամլոյ
գրասենեակից, Հ.Աբրահամեանը վստահեցրել է, որ Հայաստանի
իշխանութիւնները հաստատակամ են մարտի 1-ի իրադարձութիւնների
լիարժէք հետաքննութեան եւ մեղաւորներին պատժելու հարցում: Նա
միաժամանակ ընդգծել է, որ որեւէ մէկը չի կարող հետապնդվել
քաղաքական հայեացքների համար: