ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՑԱՒ ՁԵՌՆԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԵՒՐՈՊԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՑԱՒ ՁԵՌՆԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԵՒՐՈՊԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ

  • 20-06-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատէրերը այսուհետ հնարաւորութիւն կունենան շփուելու եւ գործընկերներ գտնելու նաեւ եւրոպական շուկայում` Հայաստանի Ձեռնարկութիւնների եւրոպական ցանցին (Enterprise Europe Network) միանալու շնորհիւ: Ցանցին միանալու պաշտօնական արարողութիւնը կայացաւ յունիսի 20-ին Հայաստանում Եւրոպական յանձնաժողովի պատուիրակութիւնում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը նշեց, որ զարգացած եւրոպական շուկայի հետ առնչվելը, եւրոպացի մասնագէտների պրոֆեսիոնալ խորհրդատւութիւնը զարգացման հնարաւորութիւն կտայ ոչ միայն փոքր եւ միջին, այլեւ խոշոր ձեռնարկատէրերին: Ըստ նրա, ցանցի ծառայութիւններից կարող են օգտուել ինչպէս Երեւանի, այնպէս էլ մարզերի գործարարները: Այն յատկապէս օգտակար կլինի այն մարդկանց համար, որոնք նոր են սկսում զբաղուել բիզնեսով: Հայաստանում Եւրոպական յանձնաժողովի պատուիրակութեան ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերի խօսքերով, ցանցին Հայաստանի անդամակցութիւնը Եւրոպական հարեւանութեան ծրագրի շրջանակներում կատարուված հերթական կարեւորագոյն քայլերից է, որը աւելի հասանելի կդարձնի եւրոպական շուկան հայ գործարարների համար: «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրէն Իշխան Կարապետեանը յայտնեց, որ ցանցը կաջակցի ձեռնարկութիւններին նոր գործարար համագործակցութեան, շուկայի հետազօտութիւնների եւ պոտենցիալ գործընկերների յայտնաբերման, բանակցութիւնների վարման եւ համագործակցութեան համաձայնագրերի կնքման, միջազգային շուկայում գործունէութեան իրականացման համար իրենց պատրաստուածութեան եւ հնարաւորութիւնների գնահատման առումով: Նրա խօսքերով, արդէն իսկ ստեղծուել են 14 աշխատանքային խմբեր, որոնք աշխատում են տնտեսութեան տարբեր ոլորտներում: Միաժամանակ նշուեց, որ արդէն ցանցի ծառայութիւններից օգտուելու 5 առաջարկ է ստացուել, եւս 25-ը` մշակման փուլում է: Նշենք, որ ներկայումս «Ձեռնարկութիւնների եւրոպական ցանցը» գործում է Եւրոմիութեան անդամ 27 երկրներում, Եւրոմիութեան անդամութեան թեկնածու երկրներ Թուրքիայում եւ Մակեդոնիայում, եւրոպական տնտեսական գօտու երկրներ Նորվեգիայում եւ Իսլանդիայում, իսկ 2008թ.-ից ցանցին են անդամակցել նաեւ Իսրայելն ու Շվեյցարիան:
  -   Տնտեսութիւն