ՄԷԿ ԱՃՈՒՐԴԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ` ԹԵՂՈՒՏՈՒՄ<br />


ՄԷԿ ԱՃՈՒՐԴԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ` ԹԵՂՈՒՏՈՒՄ

  • 11-06-2008 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 1600 բնակիչ ունեցող Թեղուտը ընդամէնը 11 հա վարելահող եւ 71 հա տնամերձ ունի: Ընդարձակվող գիւղում տնամերձերի խիստ պակասութիւն է զգացվում: Գիւղապետարանը պատրաստւում է այս խնդիրը լուծել ի հաշիւ չմշակվող գիւղատնտեսական նշանակութեան հողերի: Համայնքապետարանը պատրաստւում է դիմել կառավարութիւն դրանց նշանակութիւնը փոխելու եւ այդ տարածքները բնակելի կառուցապատման համար նախատեսելու: Թեղուտը առողջարանային Դիլիջան քաղաքից ընդամէնը 8 կմ հեռաւորութեան վրայ է գտնւում: Դիլիջանն էլ կառավարութեան որոշմամբ հանրապետութեան ֆինանսական կենտրոն պէտք է դառնայ: Թեղուտի տարածքում, նշանաւոր Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին հողամաս ունենալը շատ երեւանցիների է հրապուրում: «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակիցը ներկայ գտնուեց Թեղուտում մայիսին անցկացուած եւ համայքներում արդէն «դասական» դարձած մէկ աճուրդի: Տաւուշի մարզի Թեղուտ համայնքում կազմակերպուել էր հողամասի վաճառք: Գիւղի «Հաղարծին յալ» թաղամասում 1190 քառակուսի մետր հողամասի աճուրդի առաջարկութեամբ համայնքի ղեկավար Գեւորգ Թամրազեանը դիմել էր աւագանուն, որն էլ այդ մասին որոշում էր կայացրել: Աճուրդային վաճառքի մասին յայտարարութիւնը տպագրուել էր «Հայաստանի հանրապետութիւն» օրաթերթի ապրիլի 4-ի համարում: Աճուրդի մեկնարկը յայտարարուած էր ժամը 12-ին: Սակայն կէսօրին գիւղապետ Գեւորգ Թամրազեանը, ով պէտք է անցկացնէր աճուրդային վաճառքը, Թեղուտում չէր: Նա անձնական գործերով Երեւան էր մեկնել: Գիւղապետարանի աշխատակիցներից տեղեկանալով լրագրողի ժամանման մասին, պրն Թամրազեանը զանգահարեց մեզ եւ յայտնեց, որ աճուրդը սկսուելու է ժամը 15-ին: Սակայն սա աճուրդի կարգի միակ խախտումը չէր: Աճուրդին մասնակցել ցանկացողները պէտք է մրցոյթից առնուազն 3 օր առաջ մասնակցութեան յայտ ներկայացնեին Թեղուտի գյուղապետարան: Հողամասի աճուրդային վաճառքին յայտ ներկայացրած 2 անձանց` Սեյրան Յովսէփեանի եւ Ալեքսանդր Բադալեանի յայտերում ուշագրաւ զուգադիպությամբ նոյն ջնջումն էր. յայտերը սկզբից լրացվել են մէկ ամսաթուով եւ յետոյ ջնջումներով յայտերի ներկայացման ամսաթիւը դարձել էր այլ: Ժամը 15-ին գիւղապետարանում սկսուեց բնակելի կառուցապատման նպատակով վերոհիշյալ հողամասի վաճառքը: Հողամասը օտարւում էր կադաստրային արժէքով, մէկ քառակուսի մետրը 222 դրամով, մեկնարկային ընդհանուր գինը` 265 հազար դրամ: Աճուրդը անցաւ կանխատեսելի սցենարով: Երեւանի բնակիչ Սեյրան Յովսէփեանը մի քայլ կատարեց մեկնարկային արժէքի 5 տոկոսի չափով: Դրան հետեւեց միւս մասնակցի` նույնպես երեւանցի Ալեքսանդր Բադալեանի քայլը` 5 տոկոսի չափով: Գիւղապետը փայտե մուրճիկով ազդարարեց աճուրդի աւարտը, եւ Ալեքսանդր Բադալեանը 291 հազար դրամով (947 դոլարով) տեր դարձաւ 1190 քառակուսի մետր մակերեսով հողամասին, որը հենց ճանապարհի եզրին է, առանձնատների կողքին, գիւղապետի տնից 50 մետր հեռավորությամբ, կոմունիկացիաների` խմելու ջրագծի, գազատարի եւ էլեկտրական գծերի հարեւանութեամբ, իսկ տեղանքից էլ հիանալի տեսարան է բացւում դէպի «Դիլիջան» ազգային պարկի անտառներ: Սեյրան Յովսէփեանը, ով մայրաքաղաքից 100 կմ ճանապարհ էր անցել աճուրդում լոկ մէկ քայլ կատարելու համար, պարտութիւնից իրեն վհատուած չէր զգում. աճուրդից յետոյ նա նստեց Ալեքսանդր Բադալեանի աւտոմեքենան, եւ նրանք միասին վերադարձան Երեւան: Գիւղապետ Գեւորգ Թամրազեանի վկայութեամբ, 2007թ. գիւղում թւով 7, ընթացիկ տարում` 2 հողամաս է աճուրդով վաճառուել: Այն հարցին, թէ սակաւահող Թեղուտ համայնքում հողերի օտարումը ի՞նչ նպատակ է հետապնդում, նա պատասխանեց. «Մի քանի նպատակ. համայնքում խնդիրներ կան լուծելու, որոնց համար ֆինանսներ են պահանջւում: Պարենի համաշխարհային ծրագրի աջակցութեամբ ջրագիծ ենք կառուցում: Այդ ծրագրում համայնքը պէտք է կատարի 4.5 միլիոն դրամի ֆինանսական ներդրում: Այլ տեղից ֆինանսական օգնութեան հոյս չունենք: Համայնքի հողերն օտարելով` մի կողմից լուծում ենք խմելու ջրի հարցը, միւս կողմից` չօգտագործվող հողատարածքները վաղը-միւս օրը կը բարելաւուեն, կկառուցապատվեն. գիւղը կընդարձակվի, որից նաեւ գիւղի բիւջէն կմեծանա, գոյքահարկ, հողի հարկ կգանձուի»: Այսինքն` բոլոր առումներով դա գիւղին ձեռնտու է: Սակայն համայնքի բիւջէն էապէս համալրվելու համար պէտք է իսկապէս աճուրդային վաճառք կայանայ` մեծ թւով անձանց մասնակցութեամբ: Մանաւանդ որ գիւղապետն էլ ընդունում է, որ Թեղուտի 1600 բնակիչներից աճուրդին մասնակցելու համար վճարունակ մարդիկ կան: Գիւղապետը ասում է` ցանկալի կլինէր, որ աճուրդին թեղուտցիներ մասնակցէին: Գիւղապետարանի շէնքի առաջին հարկի ապակուն զանազան բնոյթի ազդեր են փակցվում: Սակայն այնտեղ 1190 քառակուսի մետր հողամասի վաճառքի վերաբերեալ տեղեկատուութիւնը չէր զետեղվել: Գիւղապետ Գ.Թամրազեանը հաւաստիացնում էր, որ համայնքի բոլոր բնակիչներն էլ աճուրդային վաճառքից տեղեակ են. քանի որ ինքը համայնքի աւագանու անդամներին պատուիրել էր, որպէսզի նրանցից իւրաքանչիւրն իր թաղամասում տեղեկացնի աճուրդի վերաբերեալ: Գիւղապետարանի դիմաց խմբված թեղուտցիների հետ մեր զրույցը հակառակն ապացուցեց: Այդ վաճառքից անտեղեակ էր նաեւ համայնքի աւագանու ակտիւ անդամներից մէկը` Ռենիկ Բաբինյանը: Վերջինս ասաց, որ գիտէր աճուրդով հողի վաճառքի մասին, սակայն տեղեակ չէր, թէ երբ է կայանալու աճուրդը: Առաւել ուշագրաւ էր գիւղապետի տեղակալ Ալբերտ Յովհաննիսեանի հայտնածը: Երբ նրան հարցրինք, թէ հողամասի վաճառքի յայտարարութիւնը տպագրած «Հայաստանի հանրապետութիւն» օրաթերթի քանի՞ օրինակ է ստացւում գիւղում, նա անվարան պատասխանեց` շուրջ 50: Մեր տարակուսանքը տեսնելով, նա միայն ծուռ ժպտաց...
  -   Տնտեսութիւն