Լիբիայի իշխանութիւնները համաձայն են քաղաքական բարեփոխումներ կատարել, պայմանով, որ Կադաֆին շարունակի ղեկավարել անցումային շրջանում
05-04-2011 18:23:47 | | Միջազգային
Յանուն ճգնաժամի յաղթահարման Լիբիայի իշխանութիւնները պատրաստ են քաղաքական բարեփոխումներ կատարել եւ հանրաքուէ կամ ընտրութիւններ անցկացնել:
Սակայն դա կ'իրականացուի միայն այն դէպքում, եթէ ապստամբները թոյլ տան Մուամար Կադաֆիին հանգիստ ղեկավարել մինչեւ անցումային շրջանի աւարտը:
Միեււնոյն ժամանակ կողմերը պատրաստակամութիւն են յայտնում հրադադար կնքել:
Արեւմտեան երկրների կողմից իրականացուող օդային ռմբակոծութիւնները ստիպեցին Լիբիայի իշխանութիւններին համաձայնութեան եզրեր փնտրել ապստամբների հետ:
Մի քանի շաբաթ տեւած դիմակայութիւնից յետոյ պաշտօնական Տրիպոլին պատրաստակամութիւն է յայտնում բարեփոխումներ կատարել եւ հանրաքուէ ու ընտրութիւններ անցկացնել: Սակայն Լիբիայի իշանութիւնների ներկայացուցիչ Մուսայ Իբրագիմի խօսքերով, դա կ'իրականացուի միայն 2 պայմանով:
Նախ Մուամարայ Կադաֆին պէտք է շարունակի ղեկավարել երկիրը` «Միայն նա կարող է ղեկավարել անցումային շրջանում,որպէս երկրի միասնութեան երաշխաւոր», եւ երկրորդ` երկրի բոլոր ներքաղաքական որոշումները պէտք է կայացուեն Լիբիայի ժողովրդի կամքով եւ ոչ թէ այլ պետութիւնների թելադրանքով:
«Մեր պայմանները շատ պարզ են. մեր փոխարէն մի որոշէք մեր ճակատագիրը: Լիբիայի ապագան պէտք է ընտրեն լիբիացիները` հանրաքուէի կամ ընտրութիւնների ժամանակ, բայց այդ որոշումը չպէտք է պարտադրուի արտաքին ուժերի կողմից»,-փոխանցում է Իտառ-տասս-ը: