ՀՀ Կառավարութիւնը քննարկում է գազի սակագների բարձրացման
հետեւանքները մեղմելու տարբերակներ
17-03-2010 20:14:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆինանսների
նախարարի գլխաւորութեամբ ստեղծուել է աշխատանքային խումբ, որը
քննարկում է գազի սակագների բարձրացման պարագայում բնակչութեան
առաւել խոցելի խաւերին ֆինանսական օժանդակություն ցոյց տալու
հնարաւորութիւնը: Այս մասին մարտի 17-ի Ազգային
ժողով-կառավարութիւն հարցուպատասխանի ժամին յայտնեց Հայաստանի
վարչապետ Տիգրան Սարգսեանը: «Մենք քաջ գիտակցում ենք, որ
աղքատութեան հիմնախնդիր ունեցող Հայաստանի Հանրապետութեան
առաջնային նշանակութիւն ունեցող հարց է` պաշտպանել սոցիալապէս
անապահով խաւերին եւ մեր կառավարութեան ծրագրում էլ համապատասխան
դրոյթներ կան: Աւելին, նաեւ մեր հակաճգնաժամային ծրագրի հիմնարար
սկզբունքներից մէկը կայանում էր նրանում, որ մենք ոչ մի սոցիալական
ծրագիր չենք կրճատելու, սոցիալական ծրագրերը կատարելու ենք ամբողջ
ծաւալով եւ 2010թ. հայթայթելու ենք լրացուցիչ միջոցներ` ուղղելու
սոցիալական խնդիրների լուծմանը»,- ասաց նա:
Վարչապետն ընդգծեց, որ ինքը կողմնակից չէ եկամուտների
ինդեքսացիայի օրենսդրական կարգաւորմանը: Ըստ նրա, ինդեքսացիայի
մեխանիզմները կիրառւում են այն երկրներում, որոնք ունենում ենք 10
տոկոսանոց եւ աւելի գնաճ: «Ես կողմնակից եմ այն քաղաքականութեանը,
որ մենք ջանքեր գործադրենք գնաճի ցուցանիշը նուազեցնելու համար:
Ինդեքսացիայի մեխանիզմը ինքն իր մէջ պարունակում է գնաճի խթանման
մեխանիզմ եւ համապատասխան ազդակներ է ուղարկում հասարակութեանը»,-
ասաց նա:
Ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը «Զվարթնոց» օդանավակայանի
մերձակայ տարածքում ազատ առեւտրի գօտու ստեղծման ծրագրի
կապակցութեամբ նշեց, որ ծրագրի հիմնական նպատակն է արտահանման
ուղղուածութեան ճիւղերի` սննդարդյունաբերության, գիւղատնտեսութեան
առանձին ապրանքատեսակների համար արտահանման խթանման մեխանիզմների
եւ արտահանման խթանումը: Ներկայումս աշխատանքները ժանակացույցով
ընթանում են եւ ըստ ֆինանսների նախարարի, «մինչեւ յաջորդ տարի ռեալ
արդիւնքը կարող ենք տեսնել»: