Բերդաշենում սկսուել են «Արփի լիճ» ազգային պարկի ձեւաւորման<br /> աշխատանքները<br />


Բերդաշենում սկսուել են «Արփի լիճ» ազգային պարկի ձեւաւորման
աշխատանքները

  • 16-03-2010 20:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԲԵՐԴԱՇԵՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը մարտի 16-ին այցելել է Շիրակի մարզի Բերդաշեն համայնք, որտեղ սկսուել են «Արփի լիճ» ազգային պարկի ձեւաւորման աշխատանքները: Բնապահպանութեան նախարարը ու ոլորտի պատասխանատուները վարչապտին ներկայացրել են ներդրումային «Արփի Լիճ ազգային պարկի ստեղծում Հայաստանի Ջավախքի (Աշոցք) տարածաշրջանում» ծրագրի մանրամասները: Ծրագիրն ունի երկու հատուած` ներդրումային ծրագրի մասնաբաժին եւ համայնքային զարգացման ծրագրեր: Ծրագիրը ֆինանսաւորւում է KfW բանկի եւ համաֆինանսաւորւում ՀՀ կառավարութեան կողմից: Այն իրականացնում է «Բնութեան համաշխարհային հիմնադրամի» հայաստանեան մասնաճիւղը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, Տ.Սարգսեանը Զորակերտ համայնքում մասնակցել է մարզային խորհրդատուական խորհրդի երրորդ նիստին, որի ընթացքում համայնքների ղեկավարները ներկայացրել են առկայ խնդիրներն ու ծրագրի իրականացման վերաբերեալ իրենց պատկերացումները: Ամփոփելով խորհրդակցութիւնը, Տ.Սարգսեանը գոհունակութիւն է յայտնել, որ ծրագիրը դրական է գնահատւում ոչ միայն կառավարութեան, այլեւ համայնքների ղեկավարների կողմից, քանի որ ուղղուած է համայնքների զարգացմանն ու կարող է արդիւնաւէտ իրականացուել միայն նրանց մասնակցութեամբ: Վարչապետը ծրագիրը կարեւորել է նաեւ կառավարութեան գործունէութեան գերակայութիւններից մէկի` օրգանիկ գիւղատնտեսութեան զարգացման հայեցակարգին համահունչ լինելու տեսանկիւնից: Տ.Սարգսեանը համապատասխան յանձնարարական է տուել պատկան գերատեսչութիւններին` ստեղծել նպաստաւոր պայմաններ ծրագրի իրականացման համար: Անդրադառնալով «Արփի լիճ» յատուկ պահպանուող տարածքի ճանապարհաշինարարական աշխատանքներին, վարչապետը ՀՀ տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարարին յանձնարարել է ներկայացնել առաջարկութիւններ տուեալ տարածքի ճանապարհաշինութեան վերաբերեալ, որոնք կօժանդակեն ծրագրի իրականացմանը:
  -   Տնտեսութիւն