Սումգայիթի ողբերգական իրադարձութիւնների տարելիցի<br /> կապակցութեամբ Ֆրանսիայում կազմակերպուել են յիշատակի միջոցառումներ<br />


Սումգայիթի ողբերգական իրադարձութիւնների տարելիցի
կապակցութեամբ Ֆրանսիայում կազմակերպուել են յիշատակի միջոցառումներ

  • 02-03-2010 19:08:00   |   |  Քաղաքական
ՓԱՐԻԶ, 2 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սումգայիթի ողբերգական իրադարձութիւնների, հայազգի բնակչութեան ջարդերի տարելիցի կապակցութեամբ մի շարք միջոցառումներ են անցկացրել Ֆրանսիայում ՀՀ դեսպանութիւնը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչութիւնը եւ ֆրանսահայ կազմակերպութիւնները: Փետրուարի 28-ին Ֆրանսիայի հայկական եկեղեցիներում զոհերի յիշատակին մատուցուել է պատարագ, որին ներկայ են եղել դեսպանութեան եւ հայ համայնքի ներկայացուցիչները: Ֆրանսահայ կազմակերպութիւնների համակարգող խորհուրդը (Conseil de Coordination des Organisations Armeniennes de France - CCAF) ֆրանսիական պետական եւ ոչ պետական կազմակերպություններին յայտարարութիւն է ուղարկել` նշելով, որ Սումգայիթի հայազգի բնակչութեան դէմ կազմակերպուած ջարդերին հետեւեցին Բաքւում, Գանձակում եւ Շահումեանում Ադրբեջանի կողմից իրականացուած ոճրագործութիւնները: Յայտարարութեանը կից ներկայացուել են Սումգայիթի ողբերգական իրադարձութիւնների վերաբերեալ 1988թ. ֆրանսիական «Le Monde» օրաթերթի ռեպորտաժները եւ 1988թ. յուլիսին Եվրոխորհրդարանում ընդունուած բանաձեւի տեքստը: Նիւթեր են տարածուել նաեւ Խոջալուում տեղի ունեցած դէպքերի մասին` յղում կատարելով միջազգային հանրութեան ապակողմնորոշմանն ուղղուած Ադրբեջանի կառավարութեան կողմից շարունակաբար տարածւող աղաւաղուած փաստերին: Ֆրանսիայում ՀՀ դեսպանի անունից նամակներ են ուղարկուել Եվրոխորհրդարանի ֆրանսիացի պատգամաւորներին, ովքեր աջակցել են 1988թ. յուլիսեան բանաձեւի ընդունմանը: Նրանք հրաւիրուել են մասնակցելու մարտին Փարիզում կայանալիք Սումգայիթի եւ Բաքուի ողբերգական իրադարձութիւններին նուիրուած գիտաժողովին: Փետրուարի 22-28-ին հայկական կազմակերպութիւնների կողմից կազմակերպուած միջոցառումներում, որոնց մասնակցում էին ֆրանսիական պետական եւ ոչ պետական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, մէկ րոպե լռութեամբ հարգվել է Սումգայիթի ողբերգութեան զոհերի յիշատակը: Ֆրանսիայում ՀՀ դեսպանն իր ելոյթներում մասնակիցների ուշադրութիւնը հրաւիրել է Սումգայիթի ոճրագործութիւնների փաստերի վրայ` նշելով, որ այդ դաժանություններին հետեւեցին Ադրբեջանի յարձակողական գործողութիւններն` ուղղուած Լեռնային Ղարաբաղի բնակչութեան բնաջնջմանը: Հանդիպումների ժամանակ մասնակիցներին բաժանուել է Սամուել Շահմուրադեանի «Սումգաիթի ողբերգութիւնը» («La Tragedie de Soumgait») գիրքը` Ելենա Բոների եւ Բեռնար Կուշների նախաբանով: Սումգայիթի վերաբերեալ տեղեկատուական նիւթերը են տարածուել նաեւ ուսումնական հաստատութիւններում, որտեղ սովորում են հայ ուսանողները:
  -   Քաղաքական