Սահմանային բարեփոխումները կապահովէն Հայաստանի տնտեսութեան թռիչքային զարգացումը


Սահմանային բարեփոխումները կապահովէն Հայաստանի տնտեսութեան թռիչքային զարգացումը

  • 04-04-2011 16:05:22   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը 2010թ նոյեմբերի 3-ին ստորագրել է Պետական սահմանի անվտանգութեան ապահովման եւ սահմանների համալիր կառավարման ռազմավարութիւն» փաստաթուղթը, որով նախատեսւում է համապատասխան միջոցառումների անցկացում 2011-15թթ. ընթացքում։ Մասնաւորապէս, Եւրոմիութեան կողմից ֆինանսաւորուող եւ Մակ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացուող «Հարաւային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագիրը նպատակ ունի Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում ներդնել սահմանների համալիր կառավարման սկզբունքները, ինչպէս նաեւ զարգացնել եւ ընդլայնել ներգերատեսչական, միջգերատեսչական եւ միջազգային համագործակցութիւնը։ Շուրջ 1 403 000 եւրոյ բիւջէ ունեցող ծրագիրն ուղղուած է ապրանքների ու մարդկանց օրինական տեղաշարժի ապահովմանը, ցանկացած ապօրինի գործունէութիւնից պետական սահմանի պաշտպանութեանը։ Ինչպէս ծրագրի իրականացման ուղղութեամբ կատարուող աշխատանքների ընթացքի վերաբերեալ ապրիլի 4-ի քննարկմանը նշեց Հայաստանի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանը, ներկայումս ՀՀ նախագահի կարգադրութեամբ կառավարութիւնում մշակւում է յիշեալ ռազմավարութիւնից բխող միջոցառումների փաթեթը, որը մօտ ապագայում կհաստատուի։ Նա համոզմունք յայտնեց, որ ծրագրի իրականացումը բերելու է շատ լաւ արդիւնքների, յաւելելով, որ ծրագրի իրականացման համար արդէն իսկ յատկացուել է շուրջ 7,7 մլն եւրոյի աջակցութիւն։ Ծրագրի շրջանակներում, մասնաւորապէս, նախատեսւում է իրականացնել Բագրատաշեն, Բաւրայ, Գոգաւան խոշոր սահմանային անցակէտերի կառուցման աշխատանքները։ Ըստ ԱԱԽ քարտուղարի, սահմանային ենթակառուցուածքների արդիականացման եւ պետական սահմանի համալիր կառավարման ծրագրի իրականացումը կը յանգեցնի լուրջ առաջընթացի։ «Մենք յոյս ունենք, որ եւրոպական չափանիշներով սահմանային անցակէտերի կառուցումը եւ գործարկումը առաջիկայ երկու տարիների ընթացքում հնարաւորութիւն կը տայ էականօրէն բարելաւել գործարար մթնոլորտը եւ կտրուկ նուազեցնել, կամ զրոյի հասցնել բոլոր հնարաւոր կոռուպցիոն ռիսկերը, վտանգները, դարձնել առաւել հեշտ քաղաքացիների ու ապրանքների տեղաշարժը, ներդնել մէկ պատուհանի գաղափար»,- ասաց Ա.Բաղդասարեանը, հաւաստիացնելով, որ ծրագիրը նախանշուած յստակ ժամկէտներում, լիարժէք եւ ամբողջ ծաւալով կիրականացուի։ ԱԱԽ քարհուղարը նշեց, որ ընթացիկ տարում կը ստորագրուի պայմանագիր Վրաստանի հետ սահմանային անցակէտերի համատեղ օգտագործման մասին. այն տարածաշրջանային համագործակցութեան համատեքստում կը դառնայ քաղաքական ու տնտեսական համագործակցութեան փայլուն օրինակ։ Նախատեսւում է նաեւ այս տարուայ ընթացքում համաձայնագիր ստորագրել Եւրոպական միութեան արեւելեան սահմանների կառավարման գործակալութեան հետ, որը ոլորտում բարեփոխումներն էլ աւելի մեծ ուժով առաջ մղելուն լրացուցիչ հնարաւորութիւն կտա։ Հայաստանում Մակ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինայ Գերչեւան ընդգծեց, որ ծրագրի իրականացումը կը նպաստի տնտեսական առաջընթացին ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ տարածաշրջանում։ Եւրոմիութեան հայաստանեան գրասենեակի ղեկավարի ժամանակաւոր պաշտօնակատար Ժան Քրիստոֆ Գայրանը կարեւորեց ծրագրի իրականացումը արդարութեան, ազատութեան եւ անվտանգութեան ապահովման, մասնաւորապէս, մաքսանենգութեան եւ մարդկանց առեւտրի դէմ արդիւնաւէտ պայքար մղելու տեսանկիւնից։ «Դա կարեւոր է ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլ նաեւ Եւրոմիութեան համար»,- ընդգծեց նա։ Սահմանային բարեփոխումների փաթեթում ներգրաւուած առանցքային 5 պետական մարմիններից մէկի՝ Պետական եկամուտների կոմիտէի, նախագահ Գագիկ Խաչատրեանը համոզմունք յայտնեց, որ այդ բարեփոխումներն ապահովելու էն Հայաստանի տնտեսութեան թռիչքային զարգացումը։ Նա պարզաբանեց, որ սահմանային անցակէտերը սոսկ գեղեցիկ շէնքեր չէն, այլ ԵՄ ստանդարտներին համապատասխանող կառոյցներ։ Նա յայտնեց նաեւ, որ արդէն իսկ համաձայնագիր է ստորագրուել Վրաստանի ֆինանսների նախարարութեան հետ սահմանային անցակէտերը համատեղ օգտագործելու մասին։ Աշխատանքներ էն տարուելու նաեւ երկու երկրների օրէնսդրութիւնը ներդաշնակեցնելու ուղղութեամբ, ինչը կը յանգեցնի գործարար միջավայրի բարելաւմանը։
  -   Տնտեսութիւն