ԱԴԱԲԱՇՅԱՆԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՆՄԱՆ ԵՆ ԿՏԱՒՆԵՐԻ <br />


ԱԴԱԲԱՇՅԱՆԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՆՄԱՆ ԵՆ ԿՏԱՒՆԵՐԻ

  • 15-02-2010 12:57:00   | Ռուսաստան  |  Մշակոյթ

ՄՈՍԿՈՒԱ, 15 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ճանաչուած կինեմատոգրաֆիստ, սցենարիստ եւ նկարիչ Ալեքսանդր Ադաբաշյանն այս օրերին մոսկովեան հանրութեանը ցուցադրում է իր նկարչական տաղանդի նոր դրսեւորումները` «Արտ-բաշմակ» պատկերասրահում բացուած ցուցահանդէսում: Իր սցենարներով նկարահանուած բազմաթիւ ֆիլմերում նա հանդէս է եկել նաեւ որպէս բեմադրող նկարիչ, ինչպէս օրինակ «Սեւ աչեր» ֆիլմում, որտեղ բնապատկերների փոխարէն օգտագործված են իր կտաւները: «Մի քանի օր Օբլոմովի կեանքից» ֆիլմում սյուռեալիստական Պետերբուրգը նույնպես նկարահանուած է Ադաբաշյանի կտաւների միջոցով: Նա ասում է, որ սցենար գրելու ժամանակ միշտ էսքիզներ է անում: «Իմ կարծիքով, սցենար գրելիս աչքիդ առաջ պատկերները պէտք է երեւան որպէս կտաւներ, ինչպէս դա անում են իսկական գրողները: Այդպէս է ստեղծագործել Լեւ Տոլստոյը»,- ասում է Ադաբաշյանը: «Ազգ»-ը թարգմանաբար ներկայացնում է իր արուեստի եւ կինոյի մասին նրա մտքերը` քաղված ռուսական մամուլից: «Վասիլի Իւանովիչ Չապաեւի պես ես էլ համալսարան չեմ աւարտել: Իմ բոլոր մասնագիտութիւնները սկսել եմ ենթավարպետ դառնալով: Այդպէս նաեւ կինոսցենարի ասպարէզում: Երբեք ոչինչ չէի գրում: Մինչեւ հիմա չգիտեմ, թէ ինչն էր Կոնչալովսկուն դրդել ինձ առաջարկել աշխատելու մի սցենարի վրայ, որը պատվեր էր Միջին Ասիայից: Սկսեցի մաղմղել, իսկ նա առանց բարկանալու բացատրեց, որ գրածս բանի պէտք չէ, իսկ ես պնդեցի, որ ամէն ինչ հրաշալի է: Անկեղծ ասած, ես նոյնիսկ չգիտեմ, թէ ի՞նչ եմ մտածում ինքս իմ մասին` որպէս կինեմատոգրաֆիական օբյեկտի: Իսկապէս չգիտեմ: Առհասարակ, կարծում եմ, որ ռեժիսուրան ոչ թէ մասնագիտութիւն է, այլ բնաւորութեան մի ամբողջ պաշար: Ես ինձ ռեժիսոր չեմ համարում: Աւելի ճիշտ, իրականում ռեժիսոր չեմ, այլ նկարիչ: Ռեժիսորական կրթութիւն երբեւէ չեմ ստացել: Ընդունուած է, որ ռեժիսորն ամէնից առաջ պէտք է լինի իսկական լիդեր, մարդ` լիապես համոզուած, որ իր աշխարհայեացքը միանգամայն ճշմարիտ է: Իր ամէն մի ֆիլմում նա պէտք է ամբողջացնի ու վերջնակէտին հասցնի այն թեման, որի մասին նկարում է: Եթէ ֆիլմը սիրոյ մասին է, ուրեմն` վերջ, այլեւս ոչ ոք այդ թեմայով չպէտք է նկարահանի: Թեման փակված է: Իսկական ռեժիսոր է համարւում նա, ով մասսայական տեսարանի համար կարող է հարիւր մարդու մտցնել սառցաջրի մէջ ու նրանց կէս ժամ այնտեղ պահելուց յետոյ ասել.«Ոչ, աւելի լաւ է ափում նկարահանել»: Իսկ ես շատ հպարտ եմ, որ բեմադրող նկարիչ լինելու ընթացքում ոչ մի ծառ չեմ սղոցել: Շատ պարզ ու հասարակ ամէն անգամ առաջարկել եմ փոխել տեսախցիկի դիրքը: Ոչինչ չեմ կոտրել, ոչ մի բան չեմ փչացրել: Իսկական ռեժիսոր է համարւում նա, ով չի խնայում ոչ իր, ոչ էլ ուրիշի առողջութիւնը: Այդպիսիների մասին յետոյ պատմում են, որովհետեւ նրանք շատերին են դուր գալիս: Նկարահանման հրապարակում բոլորը թաքուն տրտնջում են, իսկ յետոյ հիացմունքով յիշում. «Ա~յ, նա ռեժիսոր էր, ա~յ, ես դա հասկանում եմ»: Խոշոր պլանի համար դերասանին 14 ժամ պահում են սառնամանիքի տակ այն դէպքում, երբ նոյն տեսարանը կարելի է նկարահանել հիւրանոցի բակում, բայց... դա է պահանջում ռեժիսուրան: Այդպիսի ռեժիսորի բնութագիր ունենալու յատկութիւններ ես բնաւ չունեմ: Ինձ համար ամենադժուարն ու հետաքրքրականը հանդիսատեսի զգացմունքները կառավարելն է: Բայց ոչ երբեք նրանց առեղծվածանկարներ լուծել առաջարկելով, այլ բացառապէս նրանց մտքի մէջ թափանցելով եւ մտածելու տեղիք տալով: Այդ առումով ինձ չափազանց շատ է օգնել իմ առաջին մասնագիտութիւնը` կերպարուեստը: Օգնել է այն տեսանկիւնից, որ կինոյի համար էսքիզները շատ յաճախ արւում են խիստ պոետիկ ոճով. օդում թռչում է տրակտորը, գիւղում խոտը կապույտ է, ծառը` նարնջագույն, իսկ ձին լողում է ոտքերը վեր տնկած: Ահա այդպիսի գիւղական պատկերներ: Իսկ թէ ինչպե՞ս է պէտք այդ ամէնը նկարահանել, բոլորովին այլ խօսակցութիւն է: Ինքներդ գլխի ընկեք: Երբ «պերեստրոյկան» սկսուեց, իմ կարծիքով, բոլոր ուժերը, որ մնացել էին երկրում, պէտք էր ուղղել դէպի կրթութեան ոլորտ: Ամէնից առաջ դպրոցական կրթութեան: Բոլոր համակարգիչների, մեքենաների առջեւ պէտք էր նստեցնել պրոֆեսորներին եւ ակադեմիկոսներին` նրանց վճարելով ամենաբարձր աշխատավարձը, որպէսզի նրանք դասավանդեին դպրոցներում: Այդ պարագայում այժմ կունենայինք բոլորովին այլ սերունդ: Կարծում եմ, դա կլինէր ազգային այն գաղափարը, որին ամէն ոք հաւանութիւն կտար: Նոյն բանը կառաջարկէի անել կինոյում: Փոքր բիւջէով պսեւդոամերիկյան ֆիլմեր նկարահանելու փոխարէն մեր ամբողջ ուժն ու կարողութիւնը պէտք էր տալ ՎԳԻԿ-ին, որպէսզի կինոյի վարպետներն իրենց վայել վարձավճարով դասավանդեին այդ ինստիտուտում, այլ ոչ թէ սեփական գոյութիւնը պահելու համար նկարահանեին ինչ պատահի: Կինոինստիտուտը պէտք է ստանար այն ժամանակուայ ամբողջ կինոսարքավորումները: Այդ դէպքում, երեւի թէ, կունենայինք ոչ թէ մէկ, այլ երկու սերունդ, որոնք այսօր մեզ կգերազանցեին ճգնաժամային վիճակից դուրս գալու իրենց կարողութիւններով: Այնպէս որ, հարցը ոչ թէ գաղափարների սովն է, այլ համընդհանուր գաղափարի բացակայութիւնը: Մեր կինոյում հիմա երկարաձիգ ճգնաժամ է` առաջացած համաեւրոպական կինոճգնաժամի հոսքից: Կարծես նոր-նոր սկսեցին հասկանալ, որ կինոն նախեւառաջ արտադրութիւն է: Առհասարակ կինոն ամբողջապէս արուեստի տեսակ չէ, որովհետեւ եթէ կինոն համեմատենք գրականութեան, գեղանկարչութեան, թատրոնի, բալետի եւ երաժշտութեան հետ, կը նկատենք, որ դրանցում մարդու ինքնարտայայտման բացառիկ դրսեւորումները պահանջում են նուազագոյն միջոցներ: Երգիչը կարող է բղաւել ամբողջ կոկորդով, բանաստեղծը` գրել իր մտքում, նկարիչը` քարանձավների պատերին նկարել: Իսկ եթէ կինոյից հանենք երկու առարկայ` ժապավէնը եւ կինոխցիկը, ապա այն պարզապէս կդադարի գոյութիւն ունենալուց: Հենց այդ պատճառով կինոն կապուած է տեխնիկական առաջընթացի հետ: Հիմա էլեկտրոնային կրիչներն աւելի կատարեալ են ժապաւէնից, իսկ դա նշանակում է, որ նախապատւութիւնը առաջինին է տրվելու: Վիրտուալ բոլոր հնարաւորութիւնները կը փոխարինեն նկարահանումների աւանդական ձեւին, տաղավարներին, կոստյումներին, սոսնձված մորուքներին: Ի վերջոյ, 15 տարի անց, ամէն մէկն իր տան համակարգիչով իր համար ֆիլմ կհորինի, որում հանդէս կգան Մերիլին Մոնրոն, Եուրի Նիկուլինը, Չարլի Չապլինը: Մի խօսքով, ով ինչպէս յարմար կգտնի, ում խելքին ինչ կփչի, կմնայ միայն մէկ անհրաժեշտութիւն` յորինել պատմություններ»:
  -   Մշակոյթ