Քննարկվեց «Մէկ ազգ, մէկ մշակոյթ»-2010 ծրագիրը<br />


Քննարկվեց «Մէկ ազգ, մէկ մշակոյթ»-2010 ծրագիրը

  • 09-02-2010 21:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: 2010թ. փետրուարի 9-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում տեղի ունեցաւ «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ` հոգաբարձուների խորհրդի նախագահ ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի նախագահութեամբ: Նիստի սկզբում, ողջունելով խորհրդի նախագահին եւ անդամներին, զեկուցողը` «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն Թամար Պողոսեանը, ամփոփեց 2009 թուականի գործունէութիւնը: Ըստ նրա, անցած տարին յատկապէս նշանաւորուեց հոգաբարձուների խորհրդի նոր նախագահի ընտրութեամբ, որի գլխաւորութեամբ էական որակական փոփոխութիւններ տեղի ունեցան խորհրդի գործունէութեան մէջ: 2009 թուականին լրացաւ հիմնադրամի ստեղծման հինգերորդ տարին, որի ընթացքում հիմնադրամը բազմաթիւ միջոցառումներ իրականացրեց` այդ թւում նաեւ «Վազգէն Սարգսեյանի 50-ամեայ յոբելեանի տարուան» նուիրուած միջոցառումների շրջանակներում: Խորհուրդը դրական գնահատական տվեց հիմնադրամի անցած տարուայ գործունէութեանը: Օրակարգի երկրորդ հարցը «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» ծրագրի շրջանակներում 2010 թուականին նախատեսուած միջոցառումների քննարկումն էր: Նշուեց, որ դրանք առանձնակի կարեւորութիւն են ստանում` հաշուի առնելով, որ 2010 թուվականը յայտարարուած է «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» փառատոնի տարի, որն անցկացւում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքոյ: Նախատեսւում է անցկացնել մի շարք համահայկական մշակոյթային միջոցառումներ, որոնք մեկնարկելու են Հայոց ցեղասպանութեան 95-րդ տարելիցին նուիրուած կերպարուեստի համահայկական ցուցահանդէսի կազմակերպմամբ: Նախատեսւում է նաեւ անցկացնել «Արուեստի փառատոն», «Հայ կատարողական արուեստի ներկայացուցիչների համահայկական համաժողով», թատերախմբերի հիւրախաղեր, «Զանգվածային լրատւութեան միջոցների ներկայացուցիչների համաժողով» եւ մի շարք այլ միջոցառումներ: Խորհրդի անդամները հանդէս եկան նախատեսւող միջոցառումների մասշտաբայնության եւ ֆինանսական ապահովման, նախապատրաստական աշխատանքներին այլ գերատեսչութիւններին ներգրաւելու հետ կապուած առաջարկութիւններով: Ամփոփելով նիստի աշխատանքները` խորհրդի նախագահ Հրանուշ Յակոբեանը կարեւորեց յստակ ժամանակացույց ունենալու եւ իւրաքանչիւր ծրագրին խորհրդի անդամների թուից պատասխանատու նշանակելու խնդիրը: Կարեւորուեց նաեւ խորհրդի բոլոր անդամներին ծրագրերի ֆինանսական ապահովման մասին մանրամասն տեղեկատուութեան ներկայացումը: 2010 թուականին նախատեսուած միջոցառումների ծրագրի շուրջ տեղի ունեցաւ քննարկում, որի արդիւնքում ծրագիրն ընդունուեց որոշակի խմագրմամբ եւ լրացումներով:
  -   Հասարակութիւն