Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդը փետրուարի 10-ին
կստանձնի իր պաշտօնը
09-02-2010 17:46:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 9 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 10-ին Մայր
Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Վահան ծայրագոյն վարդապետ
Յովհաննիսեանը կստանձի Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ
Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդի պաշտօնը:
Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից «ՆՈՅԵԱՆ
ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, Տ. Վահան ծայրագոյն
վարդապետ Յովհաննիսեանը Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ է
ընտրուել 2009թ.-ի դեկտեմբերին գումարուած Բրիտանահայ Համայնքային եւ
Եկեղեցական խորհրդի ժողովի ընթացքում: Առաջնորդի ընտրութիւնը
հաստատուել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնութեամբ:
Վերջին տարիներին նա ծառայում էր ԱՄՆ-ի Հայոց Արեւելյան թեմի Նյու
Եորքի Սրբոց Նահատակաց եկեղեցում` իբրեւ հոգեւոր հովիւ:
Տ. Վահան ծայրագոյն վարդապետ Յովհաննիսեանը (աւազանի անունը`
Սարգիս) ծնուել է 1963թ.-ին Բաղդադում: 1988թ.-ին ձեռամբ Իրաքի
Հայոց թեմի առաջնորդ Տ. Աւագ արքեպիսկոպոս Ասատուրեանի ձեռնադրուել
է սարկաւագ եւ մեկնել է ԱՄՆ` ուսումը շարունակելու Նյու Յւորքի Ս.
Վլադիմիր աստուածաբանական ճեմարանում: 1990թ.-ին ձեռամբ Տ. Աւագ
արքեպիսկոպոս Ասատուրեանի ձեռնադրուել է կուսակրոն քահանա:
1995թ.-ին, պաշտպանելով վարդապետական ատենախօսութիւնը, ստացել է
Մասնաւոր վարդապետութեան առաջին չորս աստիճանները` ձեռամբ ԱՄՆ
Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանի:
2006թ.-ին ստացել է ծայրագոյն վարդապետութեան աստիճան`
պաշտպանելով ատենախօսութիւն «Գ. Կորնթացիս թուղթը» թեմայով: Նոյն
տարիներին որպէս հոգեւոր հովիւ ծառայել է Նյու Եորքի Ս. Խաչ եւ
Նյու Ջերսիի Սրբոց Ղեւոնդեանց եւ Նյու Եորքի Սրբոց Նահատակաց
եկեղեցիներում: Որոշ շրջան եղել է Ս. Վարդան առաջնորդանիստ
եկեղեցու լուսարարապետը: Ֆորդհեմ համալսարանից ստացել է
Աստվածաշնչագիտության դոկտորի աստիճան: