Դոնի Ռոստովում գործում է Ռուսաստանում առաջին հայագիտական<br /> լաբորատորիան <br />


Դոնի Ռոստովում գործում է Ռուսաստանում առաջին հայագիտական
լաբորատորիան

  • 09-02-2010 14:21:00   | Ռուսաստան  |  Կազմակերպութիւններ
ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ, 9 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Դոնի Ռոստովում գործում է Ռուսաստանում առաջին հայագիտական լաբորատորիան: Լաբորատորիայի ստեղծման եւ նրա գործունէութեան մասին «Հայերն այսօր» թերթին պատմում է գիտութեան գծով ՀԴՀ-ի Վերապատրաստման եւ որակաւորման բարձրացման ինստիտուտի (ՎՈԲԻ) տնօրէնի տեղակալ, պրոֆեսոր Վլադիմիր Վիկտորովիչ Չեռնոուսը: - Վլադիմիր Վիկտորովիչ, ինչպե՞ս ստեղծուեց Հայագիտութեան լաբորատորիան: Ի՞նչ խնդիրներ են ծառացած նրա առջեւ: Ովքե՞ր են աշխատակիցների թւում: - Հայագիտութեան լաբորատորիայի ստեղծման պատճառը պարադոքսային այն իրավիճակն էր, երբ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Ռուսաստանում չէր մնացել որեւէ գիտական կառոյց, որը յատուկ զբաղվեր հայերի համալիր ուսումնասիրութեամբ, ժողովուրդ, որ բազում փոխադարձ կապերով անբաժանելի է Ռուսաստանից Կիեւեան Ռուսիայի ժամանակներից ի վեր: Ամենամարդաշատ եւ հին հայկական համայնքներից մէկը գտնւում է Ռոստովի մարզում: Մարզի բուհերում քիչ չեն մասնագէտները, որ զբաղւում են հայ ժողովրդի պատմութեան եւ մշակոյթի խնդիրներով, Ռուսաստանի հետ նրա փոխհարաբերություններով: ՌՊՀ-ի բազմամեայ ռեկտոր, ՌԳԱ-ի թղթակից անդամ Յու. Ա. Ժդանովը միշտ սատարել է գիտական հետազօտութիւնների այս ուղղութեանը եւ ամրապնդել փոխադարձ կապերը Հայաստանի գիտութիւնների ակադեմիայի եւ բուհերի հետ: Ուստի եւ բնական էր իր աշակերտների եւ կրտսեր գործընկերների` Հարաւային դաշնապետական համալսարանի ՎՈԲԻ-ի տնօրէն, պրոֆեսոր Յու. Գ. Վոլկովի եւ Հայաստանի հետ բարեկամութեան եւ համագործակցութեան ռուսական ընկերութեան նախագահ, բանասիրական գիտութիւնների թեկնածու Վ. Վ. Կրիվոպուսկովի նախաձեռնութիւնը Հայագիտութեան լաբորատորիա ստեղծելու վերաբերեալ, որը արժանացավ ՀԴՀ-ի ռեկտոր Վ.Գ.Զախարեւիչի եւ ՌԳԱ-ի Սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրէն, ՌԳԱ-ի թղթակից անդամ Մ. Կ. Գորշկովի, ՀԴՕ-ում Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր հիւպատոս Ա. Դ. Գոմցեանի պաշտպանութեանը: 2008 թ. ստեղծուեց ՀԴՀ-ի ՎՈԲԻ-ի եւ ՌԳԱ-ի ՍԻ-ի համատեղ Հայագիտութեան լաբորատորիան, որը գլխաւորեց Վ. Վ. Կրիվոպուսկովը: Նրա գիտական խնդիրներն են` հայագիտութեան տեսական հայեցակարգումը, հայերի եւ ռուս-հայկական յարաբերութիւնների պատմութիւնը, հայոց ցեղասպանութեան խնդիրների ուսումնասիրութիւնը, հայկական համայնքների համալիր ուսումնասիրումը, Հայաստանեայց առաքելական եկեղեցու դերակատարության ուսումնասիրումը, Ռուսաստանի հարաւի եւ Կովկասի էթնոքաղաքական գործընթացներում հայերի մասնակցութեան մոնիթորինգ եւ այլն: Լաբորատորիան հեշտ չի կայանում, նրա ստեղծումը համընկաւ ճգնաժամի եւ ՀԴՀ-ում, ՌԳԱ-ի ՍԻ-ի Հարաւ-ռուսական մասնաճիւղում տեղի ունեցող վերակազմավորումներին: Այդ պատճառով Լաբորատորիան առայժմ գործում է ոչ թէ հաստիքային, այլ ցանցային հիմքի վրայ եւ արտաբիւջէտային միջոցների (հիմնականում հովանաւորչական աջակցութեան) հաշուին: Անցած տարի լաբորատորիան անցկացրեց միջազգային խոշոր գիտաժողով` «Ռուսաստանը եւ հայերը. փոխգործակցութեան պատմութիւն, աւանդոյթներ, ժամանակակից խնդիրներ եւ հեռանկարներ», եւ տարածաշրջանային գիտական համաժողով` նուիրուած Յովսէփ Արղության-Երկայնաբազուկին: Իր գործունէութեամբ լաբորատորիան հենւում է ՀԴՀ-ի պրոֆեսորներ Ս. Ս. եւ Ն. Ա. Կազարովների, դոցենտ Ռ. Գ. Թիքիջյանի, Վ. Ն. Ռյաբցեւի, ասպիրանտներ Ս. Վ. Նասխուլիյանի, Ս. Ա. Մանուկեանի, մագիստրոս Մ. Ռ. Գրիգորիադիսի վրայ, սերտ համագործակցում է համահայկական «Հայազգ» մշակոյթային-լուսավորական ֆոնդի (նախագահ` Ս. Մ. Սայադով) եւ այլոց հետ: - Կայ՞ն այնպիսի առարկաներ, որ հիմնուած են լաբորատորիայի նիւթերի վրայ եւ դասաւանդւում են ֆակուլտետում: - Լաբորատորիան հետազօտութիւնների արդիւնքները, համաժողովների նիւթերը ընդգրկում է ՀԴՀ-ի ՎՈԲԻ-ի «Երկրագիտություն» բաժանմունքի ուսումնական գործընթացում (ազգաբանության, միջմշակութային հաղորդակցութեան, կոնֆլիկտոլոգիայի դասընթացներ եւ այլն): Ծրագրւում է ստեղծել հայագիտութեան գծով մասնագիտացում, հիմնել հայոց լեզուի դասընթաց (այդ հարցում կարող է օգնել Սփիւռքի նախարարութիւնը), բայց եւ կան կազմակերպական դժուարութիւններ (ուսումնական ստանդարտների փոփոխում): - Ի՞նչ խնդիրներ կան եւ ինչո՞վ կարող է Ձեր լաբորատորիային օգնել Սփիւռքի նախարարութիւնը: - Վ. Վ. Կրիվոպուսկովի Հայաստան` դիւանագիտական աշխատանքի մեկնելու կապակցութեամբ նոր ղեկավար էինք ընտրում: Ներկայումս համաձայնեցուած է Գ. Վ. Միրզոեանի թեկնածութիւնը (ՀԴՀ-ի ՎՈԲԻ-ի դոկտորանտ եւ ռուսաստանցի յաջողակ գործարար): Ընթացակարգային բոլոր հարցերի լուծմամբ յոյսեր են կապւում, որ կբարձրանայ լաբորատորիայի գիտական եւ կրթական գործունէութեան արդիւնաւէտութիւնը: Սփիւռքի նախարարութիւնը կարող է օգնել ուսանողների, ասպիրանտների եւ դոկտորանտների փոխանակման կազմակերպմանը, Նախարարութեանը հետաքրքրող պրոբլեմատիկայի առնչութեամբ պատուէրների ներգրաւման հարցում: Գոհար Ոսկանեան, Դոնի Ռոստով, յատուկ hayernaysor.am համար
  -   Կազմակերպութիւններ