Լոյս է տեսել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի կազմած
«Արդիւնաւէտ հանրային պաշտպանութիւն» տեղեկագիրը
02-02-2010 19:16:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ:Համաշխարհային բանկի եւ
«Քաունթերփարթ ինտերնեշնլ»-ի հայաստանեան գրասենեակների, «Ջինիշյան
յիշատակի հիմնադրամ»-ի հետ համատեղ իրականացyող «Քաղաքացիական
հասարակութեան հիմնադրամ-2010» ծրագրի շրջանակներում հրատարակուել է
«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպութեան կազմած
«Արդիւնաւէտ հանրային պաշտպանութիւն» տեղեկագիրը: Ինչպէս
տեղեկագրի փետրուարի 2-ի շնորհանդէսին նշեց ծրագրի ղեկավար Սառա
Պետրոսեանը, տեղեկագիրը շուրջ 8 ամիս տեւած ուսումնասիրութեան
արդիւնք է. Հայաստանի Գեղարքունիքի, Կոտայքի եւ Արագածոտնի
մարզերում, որտեղ առաւել շատ են հանրային պաշտպաններից հրաժարման
դէպքերը, ուսումնասիրուել է հանրային պաշտպանների գործունէութիւնը:
Սա, ըստ ծրագրի ղեկավարի, առիթ էր ուսումնասիրելու նաեւ, թէ շուրջ
4 տարի առաջ ներդրուած ինստիտուտն ինչպէս է իրականացնում
անվճարունակ խաւի պաշտպանութիւնը:
Ինստիտուտի արդիւնաւէտ գործունէութեան խոչընդոտների թւում
նշուեց այն, որ կառոյցի ներդրման մասին հանրային իրազեկում չի
կատարուել եւ անվճարունակ մարդկանց մեծ մասը տեղեակ չէ կառոյցի
գոյութեան, նրա մատուցած ծառայութիւնների շրջանակի մասին:
Միաժամանակ մարդիկ չեն հաւատում, որ քննիչի կողմից հրաւիրուած եւ
պետութեան կողմից վարձատրւող պաշտպանը կարող է օբյեկտիվ
պաշտպանութիւն իրականացնել: «Մարզերում որոշ հանրային պաշտպանների
գործունէութիւնը լիարժէք հիմք է տալիս նման մտածելակերպի
արմատաւորմանը»,- նշւում է տեղեկագրի առաջաբանում:
Ուսումնասիրությունները հիմք են տալիս եզրակացնելու, որ
չքավոր խաւի պաշտպանութեան իրաւունքի արդիւնաւէտութիւնը
բարձրացնելու համար անհրաժեշտ է կատարել օրենսդրական
փոփոխութիւններ: Մասնաւորապէս, Քրէական դատաւարութեան օրէնսգրքում
փոփոխութեամբ նաեւ քաղաքացիները հնարաւորութիւն պէտք է ունենան
դիմելու հանրային պաշտպանին (ըստ գործող օրէնքի, հանրային պաշտպանը
ներգրավւում է քննիչի կամ դատարանի կողմից):
Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Ռուբէն Սահակեանի
կարծիքով, ուսումնասիրութիւնը իւրայատուկ մոնիտորինգ է, որը
հնարաւորութիւն է տալիս ի յայտ բերել հանրային պաշտպանի
ինստիտուտի բացերը: Նա գտնում է, որ նման մոնիտորինգները պէտք է
աւելի յաճախ անցկացուեն: