Միշելին Կալմի-ռեյ. Հայաստանի եւ Շուեյցարիայի միջեւ կայ չօգտագործուած ներուժ


Միշելին Կալմի-ռեյ. Հայաստանի եւ Շուեյցարիայի միջեւ կայ չօգտագործուած ներուժ

  • 31-03-2011 15:33:20   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանն ու Շուեյցարիան երկուստէք ամուր կամք ունէն ակտիւ համագործակցութիւնը շարունակելու համար։ Հայաստան կատարած պաշտօնական այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի հետ մարտի 31-ի համատեղ ասուլիսում այս մասին յայտարարեց Շուեյցարիայի Համադաշնութեան նախագահ Միշելին Կալմի-ռեյը։ Նա ընդգծեց, որ Հայաստանի եւ Շուեյցարիայի միջեւ յարաբերութիւնների յետագայ զարգացման համար կայ անհրաժեշտ օրէնսդրական դաշտ՝ երկու երկրները ստորագրել էն համաձայնագրեր տնտեսական համագործակցութեան, ներդրումների պաշտպանութեան եւ կրկնակի հարկումից խուսափելու, ինչպէս նաեւ երկու երկրների միջեւ օդային հաղորդակցութեան վերաբերեալ։ Շուեյցարիայի նախագահը տնտեսական երկկողմ յարաբերութիւններն որպէս «լաւ» գնահատեց, սակայն միաժամանակ նշեց երկու երկրների միջեւ «բաւականին համեստ» ապրանքաշրջանառութեան ծաւալի աւելացման անհրաժեշտութեան մասին։ «Կայ չօգտագործուած ներուժ, եւ Շուեյցարիայի իշխանութիւնները կողմնակից էն, որպէսզի տնտեսական յարաբերութիւնները զարգանան»,- ասաց Շուեյցարիայի նախագահը։ Ըստ նրա, երկու երկրների յարաբերութիւններն էլ աւելի ամրապնդուեցին Շուեյցարիայի միջնորդութեամբ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղուած գործընթացի անցկացմամբ։ 2009թ.-ի հոկտեմբերին գործընթացը յանգեց արձանագրութիւնների ստորագրմանը, ինչը թոյլ է տալիս յուսալ, որ արձանագրութիւնները կվաւերացուեն։ Շուեյցարիայի նախագահը նշեց, որ իր երկիրը համագործակցում է Հայաստանի տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարութիւնների հետ։ Մասնաւորապէս, Սիւնիքում իրականացւում է ծրագիր կաթնարտադրութեան եւ այգեգործութեան բնագաւառում, իսկ աղէտների կանխարգելման հարցում համագործակցութիւնը սկսուել է դեռեւս 1988թ.-ին Հայաստանին պատուհասած երկրաշարժից յետո։
  -   Քաղաքական