ՎԶԵԲ-Ը, ՀՆԱՐԱՒՈՐ Է, ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ<br />


ՎԶԵԲ-Ը, ՀՆԱՐԱՒՈՐ Է, ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

  • 20-05-2008 21:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԿԻԵՎ, 20 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կիեւում Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի (ՎԶԵԲ) ամենամեայ 17-րդ նիստում Գերմանիայի նախկին պետական քարտուղար Թոմաս Միրովը ընտրուել է այդ կազմակերպութեան նոր նախագահ: Նա այդ պաշտօնում կփոխարինի Ժան Լեմիերին, որն իր պաշտօնը կթողնի յուլիսի 1-ին: Լեմիէրը չորրորդ նախագահն է ՎԶԵԲ-ի պատմութեան մէջ, որն այդ պաշտօնը զբաղեցնում էր ութ տարի: ՎԶԵԲ-ը ստեղծուեց նախկին սոցիալիստական բլոկի երկրներին ժողովրդավարութեան եւ մասնաւոր հատուածի զարգացման գործում աջակցութիւն ցուցաբերելու նպատակով: Կիեւում նիստի ժամանակ քննարկուել է նաեւ Թուրքիայի դիմումը, որպէսզի դառնայ ՎԶԵԲ-ի գործառնութիւնների երկիր: Ինչպէս լրագրողներին յայտնել է Ժան Լեմիէրը, բանկի Կառավարիչների խորհրդի անդամների մեծ մասը այդ խնդրանքին դրականօրէն է վերաբերւում, եւ ամենայն հաւանականութեամբ, այն վերջնականապէս կլուծուի այս տարուայ աշնանը: 2008թ. ՎԶԵԲ-ը 353 նախագծի համար յատկացրել է 5,6 մլրդ. եւրոյի վարկ, որից 77,8 մլն. յատկացուել է Հայաստանին: ՎԶԵԲ-ի ֆինանսավորած նախագծերի հնարաւոր էկոլոգիական եւ սոցիալական հետեւանքների համար բանկի պատասխանատւութեան մասին «ՆՏ»-ի թղթակցի հարցին Ժան Լեմիէրը պատասխանեց. «Ես համաձայն եմ ձեզ հետ: Բանկի շատ նախագծերում կան էկոլոգիական եւ սոցիալական ռիսկեր: Մենք այդ հարցին մեծ ուշադրութիւն ենք դարձնում միջազգային չափորոշիչներին նախագծերի համապատասխանութիւնը ուսումնասիրելիս: Համարում եմ, որ ռիսկերի դէմ պայքարել կարելի է աւելի բարձր չափորոշիչների ներդրմամբ, ընդ որում ոչ միայն իր համար, այլեւ տարածաշրջանում միւս ներդրողների համար»:
  -   Տնտեսութիւն