«ԴԻՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ ՔԱՄՓՆԻ»-Ն ՈՐՈՇԵԼ Է ՓԱԿԵԼ ՊԱՅԹՈՒՑԻԿ<br /> ՆԻՒԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ<br />


«ԴԻՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ ՔԱՄՓՆԻ»-Ն ՈՐՈՇԵԼ Է ՓԱԿԵԼ ՊԱՅԹՈՒՑԻԿ
ՆԻՒԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ

  • 22-03-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»-ն («DENO GOLD MINING COMPANY», Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ), որի 95%-ի սեփականատէրն է հանդիսանում «Դանդի Փրեշզ Մեթալզ» կանադական ընկերութիւնը, շարունակելով արտադրութեան արդիականացման աշխատանքները` սկսել է նաեւ կառուցուածքային բարեփոխումների իրականացում: Կառուցուածքային բարեփոխումները իրականացուելու են 2008թ.-ի ընթացքում: Դրանց նպատակն է` Կապանի հանքերը եւ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»-ի ընդհանուր գործունէութիւնը համապատասխանեցնել համաշխարհային բարձրագոյն ստանդարտներին: Ծրագրի իրականացման ընթացքում ընկերութիւնը մտադիր է Կապանում եւ մերձակայ շրջաններում ներդնել մի քանի տասնեակ միլիոն ԱՄՆ դոլար: Յիշեցնենք, որ ընկերութիւնն արդէն 30 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ներդրում է կատարել: Ինչպէս 2007թ. նոյեմբերին Հայաստան կատարած իր այցի ընթացքում յայտարարել էր Ջոնաթան Գուդմանը, որը հանդիսանում է «Դանդի Փրեշզ Մեթալզ» ընկերութեան նախագահը եւ սեփականատերը, ներդրումների ընդհանուր գումարը կարող է հասնել մինչեւ 300 մլն դոլարի, եթէ ընկերութիւնը հաստատի հետախուզութեան համար լիցենզավորված հանքերի պոտենցիալը: Որպէս ընկերութեան արդիականացման եւ ներդրումների աճի առաջին քայլ` իրականացուեց պայթուցիկ նիւթերի պատրաստման արտադրամասի ուսումնասիրութիւնը: Յայտնաբերուել են արտադրամասի` միջազգային չափանիշներին չհամապատասխանող պայմաններ, որոնք սպառնում են աշխատակիցների անվտանգութեանը եւ կեանքին: «Լինելով սոցիալապէս պատասխանատու ընկերութիւն եւ գիտակցելով աշխատողների համար առողջ եւ անվտանգ աշխատանքային միջավայր ապահովելու իր պարտաւորութիւնը, ընկերութիւնը որոշում է կայացրել փակել արտադրամասը եւ այսուհետ օգտագործել աւելի անվտանգ եւ տնտեսապես մատչելի արտադրանք»,- յայտարարել է Կապանի հանքի գլխաւոր տնօրէն Ռոբերտ Ֆալետան: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ընկերութեան գրասենեակից, պայթուցիկ նիւթերի պատրաստման արտադրամասի բոլոր 28 աշխատակիցները այդ որոշման մասին ծանուցուել են սահմանուած կարգով: Ընկերութիւնը երաշխավորում է, որ նրանք կստանան ՀՀ Աշխատանքային օրենսդրութեամբ սահմանուած փոխհատուցումները եւ նպաստները: Ընկերութիւնը պաշտօնապէս յայտարարել է աշխատողներին, որ հնարաւորութիւնների սահմաններում կարուի ամէն ինչ` վերջիններիս ԴԳՄՔ-ում այլ աշխատանքի տեղավորելու համար: Այս խնդիրը արդէն իսկ քննարկւում է արտադրամասի աշխատողների հետ: Նշենք, որ ըստ «ՆՏ»-ի թղթակցի, արտադրամասի 28 աշխատակիցներ մարտի 20-ի երեկոյեան բողոքի ցոյց էին կազմակերպել Կապանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք հաւաստիացնում էին, որ առանց նախօրոք զգուշացնելու ու ծանուցագրի Ռ.Ֆալետան յայտարարել է, որ մայիսի 1-ից արտադրամասը չի գործելու եւ աշխատակիցները ազատուելու են աշխատանքից:
  -   Տնտեսութիւն