ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԱՌԱՋԻԿԱՅ 2 ՏԱՐՈՒԱՅ ԸՆԹԱՑՔՈՒՄ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԻՈՎԻՆ ԱՊԱՀՈՎԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՑՈՐԵՆՈՎ<br />


ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԱՌԱՋԻԿԱՅ 2 ՏԱՐՈՒԱՅ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԻՈՎԻՆ ԱՊԱՀՈՎԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՑՈՐԵՆՈՎ

  • 07-03-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութիւնը նախաձեռնել է երկու ծրագիր` ուղղուած երկիրը հացահատիկով ապահովելուն: Ըստ ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Դավիթ Լոքեանի, դրանցից մէկով նախատեսւում է Հայաստանում սկսել եգիպտացորենի արտադրութիւն, իսկ երկրորդով ակնկալւում է մօտ ապագայում Հայաստանը լիովին ապահովել սեփական արտադրութեան ցորենով: Ըստ առաջին ծրագրի, կառավարութիւնն առաջարկել է Տաւուշի եւ Լոռու մարզերումէ կերային եգիպտացորեն մշակել. այն գիւղերին, որոնք 50 եւ աւելի հեկտար եգիպտացորենի ցանքեր կունենան, կտրամադրուեն սուբսիդիաներ: Այդպիսի գիւղերին նաեւ առաւելութիւններ կտրուեն բերքի իրացման հարցում: Առայժմ նախնական պայմանագրեր են նախապատրաստուել 15 հազ. հա-ի համար: Կառավարութեան մէկ այլ ծրագրով նախատեսւում է կտրուկ աւելացնել ցորենի արտադրութեան ծաւալները Հայաստանում, որպէսզի դիմակայվի ցորենի գների թանկացմանը միջազգային շուկայում: Ըստ Դ.Լոքեանի, ցորենի ներքին պահանջարկը տարեկան առնուազն 450 հազ. տոննա է , ընդ որում 370 հազ. տոննա` հացի համար, մինչդեռ արտադրւում է ընդամէնը 180 հազար: Կառավարութիւնը նախատեսում է խթանել ցորենի արտադրութիւնը, այնպէս որ երկրում ցանվի մինչեւ 150 հազար հեկտար ցորեն եւ մէկ հեկտարի բերքատուութիւնը կազմի 30 ցենտներ (ներկայումս 25 ցենտներ է): Այս նպատակին հասնելու համար կառավարութիւնը նախատեսում է ներմուծել լավորակ սերմատեսակներ, ստեղծել այդպիսի սերմերի տեղական արտադրութիւն եւ սուբսիդիաներ տրամադրել ցորեն արտադրողներին: Բացի այդ, կառավարութիւնը նախատեսում է տրամադրել բերքը բաւական բարձր գներով մթերելու երաշխիքներ: Ըստ նախարարի, ցորենի ինքաբավության հնարաւոր է հասնել արդէն 2010 թուականին: Այս տարի, ըստ գիւղնախարարի, պարարտանյութի լրացուցիչ խմբաքանակի փոխանցում կլինի այն գիւղացիական տնտեսություններին, որոնք չէին հասցրել պարարտանիւթ ստանալ:
  -   Տնտեսութիւն