ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐԸ ՖՐԱՆԿՖՈՒՐՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԱԾ ԳՐՔԻ 60-ՐԴ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ՄՕՏ 250 ԱՆՈՒՆ<br /> ՏՊԱԳԻՐ ԱՐՏԱԴՐԱՆՔ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐԸ ՖՐԱՆԿՖՈՒՐՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԱԾ ԳՐՔԻ 60-ՐԴ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ՄՕՏ 250 ԱՆՈՒՆ
ՏՊԱԳԻՐ ԱՐՏԱԴՐԱՆՔ

  • 28-10-2008 19:22:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մշակոյթի նախարարութեան Հրատարակչական գործի գործակալութեան եւ Հայաստանի Հրատարակիչների ազգային ասոցիացիայի (ՀԱԱ) նախաձեռնութեամբ հայաստանեան մի շարք հրատարակչութիւններ մասնակցել են հոկտեմբերի 14-19-ին Ֆրանկֆուրտում կայացած Գրքի 60-րդ միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսին: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀԱԱ-ի նախագահ Վահան Խաչատրեանը, ցուցահանդէսում հայաստանեան 60 հրատարակչութիւններ ներկայացրել են գրական-գեղարուեստական, գիտահանրամատչելի, մանկապատանեկան եւ ուսումնական մօտ 250 անուն տպագիր արտադրանք: Վ.Խաչատրեանը յայտնեց, որ ՀՀ մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ Հայաստանի պատուիրակութեանն այս տարի յատկացուել է 20 քմ-անոց տաղավար` նախորդ տարիների 8 քմ-ի փոխարէն: Ըստ նրա, ցուցահանդէսի ընթացքում հայ հրատարակիչները պայմանագրեր են կնքել տարբեր երկրների հրատարակիչների, գրավաճառ ֆիրմաների եւ տպագրատների հետ: Նշուեց նաեւ, որ այդ համագործակցութեան արդիւնքում վերջին 4-5 տարիներին Հայաստանում բացուել են միջազգային հրատարակչական, տպագարական որոշ կազմակերպութիւնների ներկայացուցչություններ, ինչպէս նաեւ ստեղծուել են համատեղ ձեռնարկութիւններ: Հիմնադրման 60-ամեակի առիթով այս տարուայ ցուցահանդէսը անցել է առաւել մեծ հանդիսութեամբ: Ըստ Վ.Խաչատրեանի, երկրորդ աշխարհամարտից յետոյ գերմանացիները աւերակների վերածուած երկիրը առաջին հերթին փորձել են վերականգնել գրքի միջոցով: Ֆրանկֆուրտում 1948թ.-ին անցկացուել է գրքի ցուցահանդէս, որին մասնակցել են ընդամէնը մի քանի հրատարկչություններ: Սակայն մարդկանց ուշադրութիւնը դէպի գիրքը գրաւելու համար ցուցահանդէսի կազմակերպիչները կենդանաբանական այգուց մի ուղտ են բերել եւ վրան փակցրել «Միայն ուղտերը գիրք չեն կարդում» մակագրութեամբ ցուցանակ: Տարիների ընթացքում Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդէսը դարձաւ միջազգային, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների հարիւրաւոր հրատարակիչներ: Վ.Խաչատրեանը նշեց, որ հայ հրատարակիչները կմասնակցեն նաեւ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 9-ը Ստամբուլում կայանալիք գրքի 27-րդ միջազգային ցուցահանդեսին:
  -   Մշակոյթ