Մինչեւ ապրիլի 24-ը Հայաստանը պէտք է ետ վերցնի իր ստորագրութիւնը հայ-թուրքական արձանագրութիւններից
24-03-2011 15:09:05 | Հայաստան | Քաղաքական
«Հայաստանը մինչեւ ամենաուշը ապրիլի 24-ը պէտք է ետ վերցնի իր ստորագրութիւնն արձանագրութիւններից, որպէսզի պատրուակ չտայ որեւէ մէկին` հրաժարուել Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու իր տուած խոստումներն իրականացնելուց»: Այս մասին մարտի 24-ի ասուլիսում յայտարարել է ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրոյ Մանոյեանը։ Նրա խօսքերով, հայ-թուրքական գործընթացի աւարտը պէտք է ամրագրուի Արձանագրութիւնները ետ վերցնելով` յատկապէս, որ այդ գործընթացում որեւէ տեղաշարժ չի լինելու մինչեւ Թուրքիայում անցկացուելիք ընտրութիւնները։ Ըստ նրա, գործընթացում տեղաշարժ չի լինի նաեւ ընտրութիւններին յաջորդող առաջին տարում:
Կ.Մանոյեանը նշել է, որ Հայոց ցեղասպանութեան տարելիցին ընդառաջ Թուրքիան որոշակի քայլեր է ձեռնարկում եւ արդէն պատուիրակ է ուղարկել Վաշինգտօն, մինչդեռ Հայաստանը որեւէ քայլ չի ձեռնարկում: