ՅԱՅՏԱՐԱՐՈՒԵԼ Է ՀՖՖ-Ի ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՄՐՑՈՅԹ<br />


ՅԱՅՏԱՐԱՐՈՒԵԼ Է ՀՖՖ-Ի ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՄՐՑՈՅԹ

  • 08-10-2008 16:16:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի խորհրդանիշից Մասիսները հանելու հարցում ֆեդերացիայի վրայ որեւէ ճնշում չի եղել. պարզապէս այդ փոփոխութիւնը համընկել է Հայաստան-Թուրքիա հանդիպման հետ: Այս մասին հոկտեմբերի 8-ի ասուլիսում յայտարարեց ՀՖՖ-ի նախագահ Ռուբէն Հայրապետեանը: «Չէինք կարծում, որ հարցն այսքան կքաղաքականացվեր: Այնուամենայնիւ, գնահատում ենք ժողովրդի դժգոհութիւնը եւ, յարգելով նրա կամքն ու ճշմարտացիութիւնը, նոր խորհրդանիշի մրցոյթ ենք յայտարարել: Քննարկմանը կհրավիրենք ինչպէս յանձնաժողովի անդամներին, այնպէս էլ ֆուտբոլասերների եւ լրագրողների»,- ասաց ՀՖՖ-ի նախագահը: Անդրադառնալով Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Յան Պոուլսենի այն յայտարարութեանը, թէ աշխարհի առաջնութեան եզրափակիչ մտնելու խնդիրը իրատեսական չէ, քանի որ թիմի անդամների ունակութիւնները եւ հնարաւորութիւնները չեն համապատասխանում ժամանակակից չափանիշներին, Ռ.Հայրապետեանը նշեց, որ նման յայտարարութիւն անող մարզիչը արժանի չէ ղեկավարելու Հայաստանի ազգային թիմը: ՀՖՖ-ի նախագահը ազգային հաւաքականին ցանկանում է տեսնել աշխարհի առաջնութեան եզրափակիչի մասնակիցների ցանկում, եւ դրա համար թէ անձամբ ինքը, եւ թէ ֆեդերացիան կգործադրեն բոլոր ջանքերն ու հնարաւորութիւնները: Ինչ վերաբերում է ընտրական փուլում Թուրքիայի եւ Իսպանիայի հաւաքականներից կրած պարտութիւններին, ապա դրանում, Ռ.Հայրապետեանի համոզմամբ, միանշանակ մեղաւոր են ֆուտբոլիստները, ովքեր լիովին չդրսեւորեցին մարտական յատկանիշները եւ մարզիկին վայել կամային որակները: Հոկտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հաւաքականը կմեկնի Բելգիա, որտեղ աշխարհի առաջնութեան ընտրական փուլի ծրագրով հոկտեմբերի 10-ին կմրցի տեղի ընտրանու հետ:
  -   Սպորտ