ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ ԱԿՆԿԱԼՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ<br /> ԱԿԱՆԱՏԵՍՆ Է ԴԱՌՆՈՒՄ ԱԶԱՏ ԽՕՍՔԻ ՀԱՆԴԷՊ ԲՌՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՆՈՐ ԱԼԻՔԻ,-<br /> ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԿ-ՆԵՐ <br />


ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ ԱԿՆԿԱԼՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ
ԱԿԱՆԱՏԵՍՆ Է ԴԱՌՆՈՒՄ ԱԶԱՏ ԽՕՍՔԻ ՀԱՆԴԷՊ ԲՌՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՆՈՐ ԱԼԻՔԻ,-
ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԿ-ՆԵՐ

  • 21-08-2008 18:24:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ հայաստանեան մի շարք հասարակական կազմակերպութիւնների օգոստոսի 21-ի յայտարարութեյան, 2008թ.-ի օգոստոս ամիսը աննախադէպ էր լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնութիւններով: Յայտարարութիւնում ըստ ժամանակագրութեան յիշատակուած են այդ բռնութիւնների փաստերը. Օգոստոսի 1-ին Աշտարակ քաղաքում բերման է ենթարկուել եւ մօտ մէկուկէս ժամ ոստիկանական բաժանմունքում պահուել «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական հարցերով պատասխանատու Գագիկ Հովակիմեանը, որը խմբագության մեքենայով Աշտարակ էր տարել լրագրող Աննա Զախարյանին` լուսաբանելու քաղաքի իրավիճակը (մասնաւորապէս` տրանսպորտի չաշխատելը) ընդդիմութեան նախատեսած հանրահաւաքի օրը: Լրատվամիջոցի աշխատակցի նկատմամբ ապօրինի բռնութիւն իրականացրած ոստիկանները մինչ այժմ պատասխանատւութեան չեն ենթարկուել` չնայած խմբագրութեան պահանջներին: Օգոստոսի 5-ին Ֆոտոլրագրող Գագիկ Շամշեանը, որը ցանկանում էր լուսանկարել «Հանրապետութիւն» կուսակցութեան քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազեանի դէմ դատաքննութիւնը, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրաւասութեան դատարանի դատաւոր Գագիկ Աւետիսեանի կարգադրութեամբ մի քանի ժամ անցկացրել է անազատութեան մէջ. նա արգելանքի տակ է պահուել դատարանի նկուղային հարկում, այնուհետեւ նրան տեղափոխել են ոստիկանութեան Կենտրոնի բաժին: Օգոստոսի 6-ին նոյն դատավարութիւնը լուսաբանող «Չորրորդ իշխանութիւն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը դատաւորի հրահանգով բռնութեան է ենթարկուել դատական կարգադրիչների կողմից. վերջիններս Վեզիրյանին քաշքշելով եւ հարուածելով տեղափոխել են դատարանում գտնուող ամբաստանեալների պահման սենեակ: Այստեղ լրագրողին տարբեր հանցագործությունների մէջ մեղադրւողների հետ միեւնոյն սենեակում են պահել մօտ մէկուկէս ժամ, որից յետոյ տեղափոխել են ոստիկանութեան Կենտրոնի բաժին: Օգոստոսի 11-ին տնից դուրս գալուց յետոյ ծեծի է ենթարկուել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինէ Բարսեղեանը: Վերջինս տեղափոխուել է «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ենթարկուել է բժշկական հետազօտութեան: Բժիշկները նրա մօտ արձանագրել են գլխի սալջարդ եւ հեմատոմա: Թէեւ յարուցուել է քրէական գործ, սակայն յանցագործները մինչ այժմ յայտնաբերուած չեն: Իսկ օգոստոսի 18-ի երեկոյեան Երեւանի կենտրոնում յարձակման եւ ծեծի է ենթարկուել «Ազատութիւն» ռադիոկայանի Երեւանեան գրասենեակի ղեկավարի պաշտօնակատար Հրաչ Մելքումեանը: «Այսպիսով, 2008 թուականի մարտի 1-ի ողբերգական իրադարձութիւններից յետոյ հանդուրժողականութեան մթնոլորտ ակնկալող հասարակութիւնը ականատեսն է դառնում ազատ խօսքի հանդէպ բռնութիւնների նոր ալիքի: Սա տեղի է ունենում այն դէպքում, երբ ակնկալւում էր, որ Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է քայլեր ձեռնարկի հնարավորինս արագ իրականացնելու ԵԽԽՎ 1609 («Ժողովրդավարական ինստիտուտների գործառոյթը Հայաստանում») եւ 1620 («Վեհաժողովի 1609 (2008) բանաձեւի կատարումը Հայաստանի կողմից») բանաձեւերը, որոնք ենթադրում են բարեփոխումներ նաեւ խօսքի ազատութեան ոլորտում»,- ասուած է Երեւանի մամուլի ակումբի, Խօսքի ազատութեան պաշտպանութեան կոմիտէի, Բազմակողմանի տեղեկատուութեան ինստիտուտի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հելսինկեան քաղաքացիական ասամբլէայի Վանաձորի գրասենեակի, Վանաձորի մամուլի ակումբի եւ Ժուռնալիստների «Ասպարէզ» ակումբի յայտարարութիւնում: Նրան մտահոգութիվւն են յայտնել, որ ոչ միայն պահպանւում է ՀՀ իշխանութիւնների աւանդական դարձած անգործութիւնը, այլեւ որ դատական ու իրավապահ մարմինների պաշտօնեաներն են դառնում լրագրողների օրինական մասնագիտական գործունէութիւնը խոչընդոտողներ: «Մամուլի նկատմամբ բռնութիւններն արդէն վտանգաւոր սահմանագծին են հասել, եւ իշխանութիւնների ներկայացուցիչները պէտք է ոչ թէ վերացական մտահոգութիւններ հայտնեն եւ կոչեր անեն, այլ արդիւնաւէտ քայլեր ձեռնարկեն, որպէսզի բռնութիւններ ու ապօրինութիւններ իրականացրած բոլոր անձինք հայտնաբերվեն եւ, անկախ զբաղեցրած պաշտօնից, պատժվեն օրէնքի ողջ խստութեամբ»,- նշում են յայտարարութեյան հեղինակները:
  -   Մարդու իրաւունքներ