ԵՎՐՈԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԺ<br /> ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԵՏ<br />


ԵՎՐՈԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԺ
ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԵՏ

  • 14-07-2008 19:45:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 14 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 14-ին ԵԽ մարդու իրաւունքների յանձնակատար Թոմաս Համարբերգի գլխաւորած պատուիրակութիւնը ՀՀ Ազգային Ժողովում հանդիպում է ունեցել Երեւանում մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձութիւնների եւ դրանց պատճառների ուսումնասիրութեան ԱԺ ժամանակաւոր յանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԽ գլխաւոր քարտուղարի յատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան: Յանձնաժողովի նախագահ Սամուէլ Նիկոյանը նշել է, որ ԵԽԽՎ 1620 բանաձեւի մէջ կան դրոյթներ, որոնք վերաբերում են յանձնաժողովի գործունէութեանը եւ այս առումով պարոն Համարբերգի հետ հանդիպումը կարեւոր է յանձնաժողովի համար: Ներկայացնելով իր եւ ԵԽ այլ կառուցների մօտեցումը մարտեան իրադարձութիւնների վերաբերեալ, Թ.Համարբերգը նշել է, որ խորհրդարանը պէտք է որոշակի դերակատարում ունենայ իրադարձութիւնների քննարկման եւ դրանից բխող հետեւություններ անելու գործում: Ըստ նրա, կարեւոր է, որ ուսումնասիրութիւնը լինի եւ ընկալվի որպէս բացարձակ անկողմնակալ, որպէսզի քաղաքական տարբեր շահեր չազդեն ընթացքի վրայ եւ ուսումնասիրութեան արդիւնքներին վստահի եւ հաւատայ հասարակութեան զգալի մասը: Թ.Համարբերգի խնդրանքով ներկայացնելով յանձնաժողովի ձեւաւորման սկզբունքները եւ կատարած աշխատանքը, Ս.Նիկոյանը յայտնել է, որ այժմ յանձնաժողովի կազմում ընդգրկուած են ութ պատգամաւոր եւ արտախորհրդարանական ուժերի չորս ներկայացուցիչներ: Նա նշել է, որ «Ժառանգութիւն» խմբակցութիւնը եւ Լեւոն Տեր-Պետրոսեանը մերժել են ԱԺ առաջարկը յանձնաժողովի կազմում աշխատելու վերաբերեալ: Յանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրաւէրը ընդունել են ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը, ԵԱՀԿ գրասենյանկը եւ ԱՄՆ դեսպանութիւնը: Ս.Նիկոյանը ասել է, որ որոշուել է մարտի 1-2-ի իրադարձութիւնների ուսումնասիրութիւնը երկու մասի տարանջատել. մարտի 1-ի առաւօտեան Ազատութեան հրապարակում տեղի ունեցած իրադարձութիւններ եւ դրանց յաջորդող իրադարձութիւններ: Նրա խօսքերով, յանձնաժողովի նպատակն է ժողովրդի համար ընդունելի անաչառ եւ անկողմնակալ եզրակացութիւն ներկայացնել: Այս առումով կարեւորվել է միջազգային եւ տեղական անկախ փորձագէտների ներգրավվածությունը յանձնաժողովի աշխատանքներին: Ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, նոյն օրը Թ.Համարբերգի գլխաւորած պատուիրակութիւնը հանդիպել է նաեւ ԱԺ խմբակցութիւնների ներկայացուցիչների հետ: Թ.Համարբերգը ասել է, որ թէեւ ՀՀ-ին վերաբերող ԵԽԽՎ-ի բանաձեւում եղած առաջարկների մի մասը կատարուել է եւ Հայաստանին հնարաւորութիւն է տրուել մինչեւ յունուար աւարտել այն, բայց եւ այնպէս ԵԽԽՎ-ն դեռ մտահոգութիւններ ունի: Նա տեղեկացրել է, որ իրեն խնդրել են սեպտեմբերի 11-ին ԵԽ-ին զեկուցել երկու կարեւոր հարցերի վերաբերեալ. առաջինը մարտի 1-ին տեղի ունեցածի հետաքննութիւնն է, որը պէտք է լինի թափանցիկ, անկողմնակալ ու վստահելի, իսկ երկրորդը` մարտեան դէպքերին յաջորդած ձերբակալութիւնների ու դատավարութիւնների խնդիրը: Առաջին հարցին առնչուող որոշակի քայլեր կատարուել են, իսկ երկրորդի հետ կապուած մտահոգութիվւն կայ, որ մարդիկ կալանաւորուել են ոչ թէ բռնի հանցանք գործելու, այլ միտինգներին մասնակցելու համար: Ըստ նրա, մտահոգութիվւն կայ նաեւ, որ մի քանի ամիսների ընթացքում մեղադրանքը դեռ չի ուղարկուել դատարան եւ քայլեր չեն արուել բացայայտելու այն ոստիկաններին, որոնք կարող է գերազանցած լինէին իրենց լիազորութիւնները եւ բռնի ուժ կիրառած ցուցարարաների նկատմամբ: ՀՀԿ խմբակցութեան ներկայացուցիչ Ռաֆիկ Պետրոսեանը նշել է, որ ՀՀ նախագահն ու ԱԺ-ն ամէն ինչ անում են քաղաքական լարուածութիւնը թուլացնելու համար` ակտիւ բարեփոխումների ու քաղաքական երկխօսութեան ճանապարհով: Նա արդարացի է համարել 1620 բանաձեւի այն դրույթը, որ 1-2 ոստիկանի ցուցմունքով չի կարելի մարդկանց դատել, եւ նշել է, որ այդ ուղղութեամբ արդէն որոշակի քայլեր արուել են: «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արամ Սաֆարեանի գնահատմամբ, եթէ ընդդիմությունը չմասնակցի մարտեան դէպքերի պատճառները քննող ԱԺ ժամանակաւոր յանձնաժողովի աշխատանքներին, յանձնաժողովի ջանքերը մնալու են ապարդիւն, իսկ քաղաքական գնահատականները` թերի: Նա կարծիք է յայտնել, որ ԵԽ-ի փորձագէտների մասնակցութիւնը ժամանակաւոր յանձնաժողովի աշխատանքներին նույնպես եղած քաղաքական տեսակետները մերձեցնելու հնարաւորութիւն կտայ: «Օրինաց երկիր» խմբակցութեան ղեկավար Հեղինէ Բիշարեանն ասել է, որ մարտեան դէպքերը ողբերգական են ողջ ազգի համար: Ըստ նրա, Լեւոն Տեր-Պետրոսեանը գնում է շանտաժի ճանապարհով, իսկ իշխանութիւնը անում է հնարաւոր ամէն բան` կարգաւորելու ստեղծուած իրավիճակը: «Ժառանգութիւն» խմբակցութեան անդամ Ստյոպա Սաֆարեանը հայտարցարել է, որ ԵԽ բանաձեւում տեղ գտած շատ առաջարկներ իշխանութիւնը չի կատարում եւ շարունակւում են խախտուել ձերբակալուածների շահերի պաշտպանութեանն առնչուող բազմաթիւ իրաւունքներ: Նա տեղեկացրել է նաեւ, որ խմբակցութիւնն առաջարկել է ժամանակաւոր յանձնաժողովը ձեւաւորել իշխանութեան եւ ընդդիմութեան ներկայացուցիչների հաւասար մասնակցութեան կամ էլ կոնսենսուսի սկզբունքով, սակայն այդառաջարկները մերժուել են, եւ իրենք էլ հրաժարուել են մասնակցել յանձնաժողովի աշխատանքներին:
  -   Մարդու իրաւունքներ