«ՎԱՐԴԱՇԷՆ» ՔԿՀ-ՈՒՄ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՄԷՋ ԵՆ 5 ԿԱԼԱՆԱՒՈՐՆԵՐ<br />


«ՎԱՐԴԱՇԷՆ» ՔԿՀ-ՈՒՄ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՄԷՋ ԵՆ 5 ԿԱԼԱՆԱՒՈՐՆԵՐ

  • 20-06-2008 19:20:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 20 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական եւ զինծառայողների իրաւունքների վերականգնման խումբը յունիսի 19-ին այցելել է ՀՀ ԱՆ «Վարդաշէն» ՔԿՀ: Հիմնարկի պետի տեղակալ, արդարադատութեան գնդապետ Ս.Պետրոսեանը յայտնել է, որ հիմնարկում կան հինգ հացադուլաւորներ, ովքեր ստորագրութեամբ ծանօթացել են հացադուլի վնասակար հետեւանքների, ինչպէս նաեւ հետեւանքների համար վարչակազմի պատասխանատւութիւն չկրելու մասին: ՔԿՀ-ի պետի տեղակալի ուղեկցութեամբ խումբը հանդիպել է հացադուլ յայտարարած կալանաւորներին, որոնք յայտարարել են, որ պահանջում են փոխել իրենց նկատմամբ ընտրուած խափանման միջոց կալանքը եւ կատարել ԵԽԽՎ-ի թիւ 1609 բանաձեւի պահանջները: Նրանք յայտնել են նաեւ, որ իրենք գտնւում են բժիշկների հսկողութեան տակ, անհրաժեշտութեան դէպքում ցուցաբերվում է բժշկական օգնութիւն, պարբերաբար իրենց է այցելում նաեւ սոցիալ-հոգեբանը: Ըստ կալանաւորներից մէկի, ինքը անազատութեան մէջ է գտնւում 2006թ. դեկտեմբերի 10-ից: Նա նշել է, որ դատապարտուել է ՀՀ քր. օր.-ի 301 յօդուածով, որն ըստ իրեն, հակասում է ՀՀ Սահմանադրութեան 27 յօդուածին: Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները դիմում բողոքի հիման վրայ հանդիպում են ունեցել նաեւ կալանաւոր Ս.Ս.-ի հետ, ով յայտնել է, որ ձերբակալուել է այս տարուայ մարտի 8-ին Վրաստանում, իսկ յաջորդ օրը տեղափոխուել է Երեւան: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրուել սկզբից ՀՀ քր. օր.-ի 225 հոդ. 2-րդ մասով, այնուհետեւ վերաորակվել` նոյն յօդուածի 1-ին մասով: Կալանաւորը յայտնել է, որ առ այսօր որեւէ քննչական գործողութիւն չի կատարուել. միայն մէկ անգամ հանդիպել է քննիչի հետ մայիսին, եւ դրանից յետոյ որեւէ դատավարական գործողութիւն չի կատարուել: Նա պնդել է, որ առաջադրուած մեղադրանքը ապօրինի է, եւ ինքն իրեն մեղաւոր չի ճանաչում: Ըստ ՀՀ Մարդու իրաւունքների գրասենեակի մամլոյ հաղորդագրութեան, կալանաւորները «Վարդաշէն» ՔԿՀ-ի վարչակազմից եւ ՔԿՀ-ի պահման պայմաններից դժգոհութիւն չեն յայտնել:
  -   Մարդու իրաւունքներ