ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԸ ԲՈՒՇԻ ԻՄՊԻՉՄԵՆՏԻ ԲԱՆԱՁԵՎՆ ՈՒՂԱՐԿԵԼ Է<br /> ԻՐԱՒԱԲԱՆԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎ<br />


ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԸ ԲՈՒՇԻ ԻՄՊԻՉՄԵՆՏԻ ԲԱՆԱՁԵՎՆ ՈՒՂԱՐԿԵԼ Է
ԻՐԱՒԱԲԱՆԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  • 12-06-2008 16:10:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 12 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի 251 «կողմ» եւ 166 «դէմ» ձայնով որոշել է յետագայ քննարկման համար նախագահ Ջորջ Բուշի իմպիչմենտի մասին բանաձեւն ուղարկել պալատի իրաւաբանական յանձնաժողով, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: Իրաւաբանական յանձնաժողովի ղեկավար, դեմոկրատ կոնգրեսական Ջոն Կոնիերսը առայժմ որեւէ ձեւով չի մեկնաբանել պալատի որոշումը եւ չի յայտնել, թէ իր գլխաւորած յանձնաժողովը արդեօք քննարկելու է այդ փաստաթուղթը: Նախօրէին ամերիկեան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ խօսնակ Նենսի Փելոսիի անունից նրա մամլոյ քարտուղար Նադիմ Էլշամին յայտարարել էր, որ Կոնգրեսը հաւանութիւն չի տայ իմպիչմենտի բանաձեւին: Յիշեցնենք, որ յայտնի դեմոկրատ-կոնգրեսական եւ ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Դեննիս Կուսինիչը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստում բանաձեւի նախագիծ էր ներկայացրել, որով պահանջւում է իմպիչմենտի ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին 35 կետերով: «Նախագահ Ջորջ Բուշը մեղաւոր է այնպիսի խախտումներում, որոնք պատժվում են իմպիչմենտով, եւ արժանի է պաշտօնանկման»,- յայտարարել էր կոնգրեսականը: Մեղադրանքները, որ Բուշի դէմ Կուսինիչն առաջադրել է, շարադրուած են «իմպիչմենտի 35 յօդուածներում»: Առաջին յօդուվածում կոնգրեսականը Բուշին մեղադրում է այն բանում, որ ԱՄՆ-ի նախագահը Պենտագոնի ղեկավարի հետ իրականացրել է «գաղտնի քարոզարշավ Իրաքի հետ պատերազմի անհրաժեշտութեան արհեստական հիմնավորման համար»: Բուշին հասցէագրուած մեղադրանքները ներառում են նաեւ խոշտանգումների կիրառում կալանաւորուած անձանց նկատմամբ, կալանաւորուած անձանց այլ երկրների կառավարութիւններին յանձնելու գաղտնի ծրագրի իրականացում, Իրանի կողմից սպառնալիքների մասին ԱՄՆ-ի ժողովրդին եւ Կոնգրեսին մոլորեցում, «միջամտութիւն ազատ եւ արդար ընտրութիւնների գործընթացին եւ արդարադատութեան գործընթացի կոռումպացում» եւ այլն:
  -   Միջազգային