«ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ»-Ի ՆՄԱՆ ԽՈՇՈՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌՈՅՑՆԵՐԻ ՀԵՏ<br /> ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ<br /> ԳԵՐԱԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻՑ Է<br />


«ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ»-Ի ՆՄԱՆ ԽՈՇՈՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌՈՅՑՆԵՐԻ ՀԵՏ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ
ԳԵՐԱԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻՑ Է

  • 25-01-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի բանկային համակարգում առաջատար դիրք գրաւող «Գազպրոմբանկ»-ի մուտքը Հայաստանի ֆինանսական շուկայ նոր խթան կհանդիսանայ բանկային եւ ֆինանսական ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցութեան զարգացման գործում: Ընդունելով յունվարի 25-ին «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Ակիմովի գլխաւորած պատուիրակութեանը, այս մասին յայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանը: Նա նշել է, որ «Գազպրոմբանկ»-ի նման խոշոր ու հեղինակաւոր ֆինանսական կառոյցների հետ փոխշահավետ համագործակցութիւնը ՀՀ կառավարութեան տնտեսական քաղաքականութեան գերակայ ուղղութիւններից է: Վարչապետը հաւաստիացրել է, որ Հայաստանը ջանում է տարէցտարի աւելի հրապուրիչ դարձնել գործարար միջավայրը խոշոր ներդրումների համար, քայլեր է ձեռնարկում օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղութեամբ: Ս.Սարգսեանն ընդգծել է, որ դրան նպաստում են նաեւ վերջին տարիների կայուն տնտեսական աճը, Հայաստանի տնտեսութեան մէջ ներդրումների աճող ծաւալները: Հայաստանի հետ իր ղեկավարած ընկերութեան համագործակցութիւնը համարելով գրաւիչ ու հեռանկարային, Ա.Ակիմովը վստահեցրել է, որ «Գազպրոմբանկ»-ի մուտքը Հայաստան նպատակաուղղուած կլինի նաեւ հանրապետութեան բանկային ու ֆինանսական համակարգի զարգացմանը: Ըստ նրա, Հայաստանի հետ համագործակցութեան ու ներդրումների համար լաւ հնարաւորութիւններ կան տնտեսութեան տարբեր ճիւղերում, մասնաւորապէս` էներգետիկայի ոլորտում, ինչին նպաստում է նաեւ առկայ մարդկային մեծ ներուժը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, հանդիպման աւարտին Ս.Սարգսեանը նշել է, որ ՀՀ կառավարութիւնը պատրաստ է քննարկել փոխշահավետ համագործակցութեան զարգացմանն ուղղուած ցանկացած առաջարկ եւ նախաձեռնութիւն, իրաւասութեան եւ հնարաւորութիւնների սահմաններում նաեւ աջակցել դրանց իրագործմանը:
  -   Տնտեսութիւն