ԱՄՆ-ՈՒՄ ՀՆԱՐԱՒՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆ ԿՈՒՆԵՆԱՅ<br /> ՆԱԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱՅ<br />


ԱՄՆ-ՈՒՄ ՀՆԱՐԱՒՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆ ԿՈՒՆԵՆԱՅ
ՆԱԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱՅ

  • 24-01-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ում սպասւող հնարաւոր տնտեսական անկումը որոշակի ազդեցութիւն կունենայ նաեւ Հայաստանի տնտեսութեան վրայ: Այս մասին յունվարի 24-ի ասուլիսում յայտնեց AEPLAC գործակալութեան տնօրէն Տիգրան Ջրբաշեանը: Ըստ նրա, ներկայումս պէտք է յստակ գնահատել այդ ազդեցութեան հնարաւոր հետեւանքները եւ ձեռնարկել դրանք մեղմելուն ուղղուած քայլեր: Նա նշեց, որ ՀՀ Կենտրոնական բանկը այդ ուղղութեամբ արդէն չորս ամիս քննարկումներ եւ համապատասխան հետազոտություներ է անցկացնում: Ըստ Տ.Ջրբաշյանի, եթէ տնտեսական անկումը ԱՄՆ-ում դառնայ իրականութիւն ու լինի երկարատեւ, տնտեսական աճը կդանդաղի ամբողջ աշխարհում: «Մենք կունենանք խնդիր կապուած մետաղների, հումքի գների հետ, ինչը մեր տնտեսական աճի երկրորդ խոշոր աղբիւրն է հանդիսանում»,- ասաց նա: Տ.Ջրբաշյանի դիտարկմամբ, ԱՄՆ-ում տնտեսական հնարաւոր անկումը կարող է ազդել նաեւ Հայաստան մտնող մասնաւոր տրանսֆերտների ծաւալների վրայ: «Դրանք կնուազեն եւ մեզ կբերեն տնտեսական պայմանների փոփոխութեան»,- նշեց նա: Տնտեսագետի գնահատմամբ, դեռեւս վաղ է խօսել համաշխարհային տնտեսական անկման մասին: Սակայն, նրա խօսքերով, «դրա ուրուականը շրջում է եւ իրականում բերում է լուրջ ազդեցութիւն բոլոր շուկաներում»: Այսպէս, այն արդէն սկսել է ազդել նավթաի շուկայի վրայ. վերջին 2 օրուայ ընթացքում նաւթի գները մօտ 4%-ով նուազել են:
  -   Տնտեսութիւն