ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՊԷՏՔ Է ՊԱՀԱՆՋՈՒԻ ԱՒԵԼԻՆ, ՔԱՆ ՊԱՐԶԱՊԷՍ<br /> ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ<br />


ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՊԷՏՔ Է ՊԱՀԱՆՋՈՒԻ ԱՒԵԼԻՆ, ՔԱՆ ՊԱՐԶԱՊԷՍ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

  • 24-01-2008 17:50:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Յարութ Սասունեան «Կալիֆոռնիան կուրիեր»-ի հրատարակիչ Անցեալ մի քանի տասնամեակներում ԱՄՆ-ի իւրաքանչիւր նախագահական ընտրութեանը ամերիկահայերը, այդ թւում նաեւ տողերիս հեղինակը, արել են ամէն ինչ` որ վստահ լինեն, որ իրենց պաշտպանած թեկնածուն ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը իր քարոզարշավի ընթացքում ու, ինչն աւելի կարեւոր է, խոստացել է նոյն կերպ վարուել ընտրությունից յետոյ: Այս ջանքերը զուր չէին, քանի որ խրախուսում էին ամերիկահայ համայնքի քաղաքական մասնակցութիւնը նախագահական ընտրութիւններին եւ Հայոց ցեղասպանութիւնը դարձնում ԱՄՆ-ի համազգային քարոզարշավի հիմնախնդիր: Այս կապակցութեամբ թեժ բանավէճեր են եղել հայերի միջեւ առ այն, թէ ո՞ր թեկնածուն է առաւել աչքի ընկել Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործում եւ ո՞ր մէկը առաւել հաւանական է որ կկատարի իր քարոզարշավի խոստումը: Բայց, աւաղ, նախագահի գրեթէ բոլոր թեկնածուները, լինեն դեմոկրատ, թէ հանրապետական, իրենց քարոզարշավին հայ համայնքի շռայլ աջակցութիւնից եւ քվեներից օգուտ քաղելուց յետոյ կամ ընդհանրապես մոռանում էին այս խնդրի մասին, կամ էլ յիշատակը հավերժացնող ամենամեայ յայտարարութիւններ էին տարածում ապրիլի 24-ին` ցեղասպանութիւն բառը փոխարինելով տարբեր մեղմասություններով: Օրինակ, նախագահներ Քլինթոնը եւ Բուշը, երբ թեկնածուներ էին, գրաւոր խոստումներ տվեցին, որ ընտրուելու դէպքում պաշտօնապէս կը ճանաչեն Հայոց ցեղասպանութիւնը: նրանք ոչ միայն չպահեցին իրենց խօսքը ընտրությունից յետոյ, այլեւ ընդհակառակը` ուժգնորեն ընդդիմացան ու խոչընդոտեցին օրէնքի ուժ չունեցող, ոգեկոչող բանաձեւերի ընդունմանը Կոնգրեսի կողմից, որոնց նպատակն էր ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը: Այժմ, երբ եւս մի նախագահական քարոզարշավ է ընթացքի մէջ, ու մի քանի նահանգ արդէն անցկացրել է նախնական ընտրութիւններ, ամերիկահայ համայնքի անդամները դարձեալ սկսել են տալ նոյն չարչրկված հարցը. «Ո՞ր թեկնածուն է ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը, եւ ո՞ր թեկնածուն ամենայն հաւանականութեամբ կարտաբերի «Հայոց ցեղասպանութիւն» բառերը նախագահ դառնալուց յետոյ»: Առաջարկում եմ, որ այս տարի ամերիկահայերը նոր մօտեցում որդեգրեն: ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներից այլեւ չպէտք է պահանջել խոստանալ, որ ընտրուելու դէպքում իրենք կարտասանեն «Հայոց ցեղասպանութիւն»: Նախ եւ առաջ, այսպիսի խնդրանքն այն կեղծ տպավորությունն է ստեղծում, թէ ցեղասպանութիւնը դեռեւս ճանաչուած չէ, ու թեկնածուի կամ ապագայ նախագահի կողմից այս բառն արտասանելը նշանակալի նորութիւն կլինի Հայկական հարցին հետամուտ լինելու գործում: Մի՞թէ ամերիկեան-հրեական խմբերը պահանջում են, որ նախագահի թեկնածուները խոստանան ընտրությունից յետոյ արտասանել «Հրեական հոլոքոստ» բառերը: Իհարկէ ոչ: Այդպիսի խնդրանքը ինքնաբերաբար հարց կառաջացնի, թէ ինչու՞ յաջորդ նախագահը պէտք է հաստատի, որ Հոլոքոստը տեղի է ունեցել: Նոյն փաստարկը տեղին է նաեւ Հայոց ցեղասպանութեան դէպքում: Տասնամեակներ շարունակ մի շարք երկրների խորհրդարանների, երկու անգամ` 1975թ. եւ 1984թ., ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի, Եւրախորհրդարանի, ՄԱԿ-ի մարդու իրաւունքների յանձնաժողովի եւ հարիւրաւոր ցեղասպանագետների կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման համար պայքարից յետոյ ինչու՞ պէտք է ամերիկահայերը կասկածի տակ առնեն ցեղասպանութիւնը ճանաչող անհամար վկայութիւնները` խնդրելով ԱՄՆ-ի նախագահից ճանաչել այն: Աւելին, ԱՄՆ-ի մի շատ նշանաւոր նախագահ` Ռոնալդ Ռեյգանը, Նախագահական հռչակագրով 1981թ. ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը: Ի՞նչ կշահեն հայերը, եթէ մէկ այլ նախագահ պարզապէս կրկնի այն, ինչն աւելի քան 25 տարի առաջ արդէն ասել է նրա նախորդը: Հայերը պէտք վերաբերուեն Հայոց ցեղասպանությանը որպէս ճանաչուած փաստի, ինչպէս Հոլոքոստն է: Եվ ինչպէս որեւէ թեկնածուի մտքով անգամ չի անցնի առաջադրուել երկրի ամենաբարձր պաշտօնի համար, եթէ ինքը ժխտում է Հոլոքոստը, ճիշտ այդպէս էլ պէտք է լինի Հայոց ցեղասպանութեան պարագայում: Ամերիկահայ համայնքի տարիներ տեւած գովելի ջանքերի շնորհիւ նախագահի գրեթէ բոլոր թեկնածուները յստակ կերպով ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը (մասնաւորապէս, Հիլարի Քլինթոնը, Բարաք Օբաման, Ջոն Էդվարդսը, Ռուբի Ջուլիանին, պակաս չափով` Ջոն մաքքեյնը, Մայք Հաքաբին եւ Միթ Ռոմնին): Անշուշտ, հայերը դէմ չեն լինի, եթէ նախագահի թեկնածուները վերահաստատեն Հայոց ցեղասպանութիւնը: Թեկնածուները գիտակցում են, որ ցեղասպանութիւնը հաստատող այսպիսի յայտարարութիւնները օգուտ կբերեն իրենց իսկ քարոզարշավներին, քանի որ ամերիկահայերը կպաշտպանեն իրենց պարզապէս ճշմարտութիւնն ասելու համար: Ի՞նչ պահանջներ պէտք է հայերը ներկայացնեն ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներին: Վերջին շաբաթներին ամերիկահայ երկու կազմակերպութիւն հարցաթերթեր է ուղարկել նախագահի բոլոր թեկնածուներին եւ խնդրել նրանց արտայայտել դիրքորոշում հետեւեալ հիմնահարցերի առթիւ. -- Հայոց ցեղասպանութեան ոգեկոչում -- Հայաստանին եւ Արցախին (Լեռնային Ղարաբաղին) տրամադրուող օգնութեան աւելացում -- ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրուող օգնութեան սահմանափակում -- Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացում --- Արցախի ինքնորոշում -- Նախագահական այց Հայաստան -- Որակաւորուած ամերիկահայերի նշանակում կառավարական պաշտօնների: Ես եւս մէկ հիմնահարց կավելացնեի. Թուրքիայում փոքրամասնություն կազմող հայերի իրաւունքների ոտնահարումների դատապարտում: Հենց թեկնածուները հստակեցնեն իրենց դիրքորոշումը այս հիմնահարցերի առթիւ, ամերիկահայ ընտրողները կկարողանան լաւ հիմնաւորուած որոշում կայացնել, թէ ում են աջակցելու գալիք նախագահական ընտրութիւններին:
  -   Յօդուածներ