ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԲԱՑՈՒԻ ՍՈՑԻԱԼ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ<br /> ԿԵՆՏՐՈՆ<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԲԱՑՈՒԻ ՍՈՑԻԱԼ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

  • 10-10-2007 19:15:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Առաքելութիւն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպութեան նախաձեռնութեամբ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում կառուցուել է 4 հարկանի շինութիւն, որտեղ կգործի սոցիալ-առողջապահական կենտրոն, որի բացումը տեղի կունենայ հոկտեմբերի 12-ին: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին կազմակերպութեան հասարակայնութեան հետ կապերի բաժնից, կենտրոնը նախատեսուած է 34 միայնակ տարեցների եւ սոցիալապէս անապահով 2 ընտանիքների համար: Նախատեսւում է, որ կենտրոնում բնակուող ընտանիքները, որոնք անպայման պէտք է նաեւ երեխաներ ունենան, տարեցներին կօգնեն որոշ կենցաղային խնդիրների լուծման հարցում` գնումներ կատարելու, անհրաժեշտութեան դէպքում բժիշկ կանչելու եւ այլն: Շէնքի առաջին երկու հարկերում կգործեն բարեգործական ճաշարան, բուժկէտ, սոցիալական սենեակ, լվացքատուն, վարսավիրանոց, բաղնիք, ատամնաբուժարան, սրճարան, ժամանցի սրահ, համակարգչային սենեակ եւ մարզասրահ: Նշենք, որ ծրագիրը իրականացուել է Շվեյցարիայի կառավարութեանն առընթեր Զարգացման եւ համագործակցութեան գործակալութեան, Հայաստանում Գերմանիայի դեսպանատան, ՄԱԿ-ի Փախստականների հարցերի գերագոյն յանձնակատարի հայաստանեան գրասենեակի եւ Փախստականների հարցերի Նորուեգական խորհրդի ֆինանսավորմամբ:
  -   Հասարակութիւն