ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀԱՅՖԵՍՏ» 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ<br /> ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀԱՅՖԵՍՏ» 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ
ՓԱՌԱՏՈՆԸ

  • 04-10-2007 19:35:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանեան «Լուչիա» թատերախմբի «Քենթրվիլյան ուրուականը» ներկայացումով հոկտեմբերի 4-ին Երեւանում մեկնարկեց «հայֆեստ» 5-րդ միջազգային թատերական փառատոնը, որի բացմանը յաջորդեց նաեւ թատերական շքերթն ու հրավառութիւնը` Շառլ Ազնաւուրի հրապարակում: Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասեանի խօսքերով, հոկտեմբերի 4-14-ը անցկացուող այս փառատոնի օրերին կցուցադրուեն շուրջ 100 ներկայացում 33 երկրների թատերախմբերի կողմից: Աւանդական դարձած այս թատերական փառատօնին կմասնակցեն հայաստանեան 17 թատրոններ: Թատերախմբերը հանդէս կգան երեւանեան բոլոր բեմահարթակներում եւ բաց հրապարակներում: «5 տարի առաջ փառատոնը հիմնադրուեց որպէս թատերական, սակայն յետագայում դարձաւ կատարողական արուեստների փառատոն: Մենք փորձեցինք ընդլայնել փառատոնի շրջանակները` ընդգրկելով արուեստի միւս ասպարէզներում ստեղծուած նոր ու հետաքրքիր գործերը, որոնք եւս թատրոն են իրենց ձեւի մէջ»,- նշեց փառատոնի նախագահը: Արթուր Ղուկասեանը յայտնեց, որ երեւանեան թատերական փառատօնին ներկայ կգտնուեն հանրաճանաչ արուեստագէտներ, միջազգային փառատոների նախագահներ, թատերագետներ, որոնք տեղում կանցկացնեն սեմինարներ եւ «կլոր սեղաններ»` նուիրուած Հայաստանում մշակոյթային քաղաքականութեանը եւ արտմենեջմենթին: Ըստ Ա.Ղուկասեանի, փառատոնը հայ հանդիսատեսին հնարաւորութիւն կընձեռի դիտել տարբեր երկրների մնջախաղի, դրամատիկական, տիկնիկային, խամաճիկների, ինչպէս նաեւ ժամանակակից պարի թատրոնների լաւագոյն ներկայացումները: Նշուեց, որ «հայֆեստ»-ի շրջանակներում կկազմակերպուի նաեւ Տիկնիկային եւ մանկական թատրոնների փառատոն: Իսպանական «Ֆիրա Տարեգա» թատերական փառատոնի նախագահ Մայք Ռիբալտան նշեց, որ ինքն ուրախութեամբ է մասնակցում այս երիտասարդ փառատօնին եւ ակնկալում է ոչ միայն տեսնել հետաքրքիր ներկայացումներ, այլեւ` սովորել: Մայք Ռիբալտան, ով երեք օրով է եկել Հայաստան, փորձելու է օգնել երիտասարդ ու տաղանդաւոր դերասաններին ու հետաքրքիր թատերախմբերին. «Չեմ եկել միայն դիտելու լաւ, վատ կամ միջին ներկայացումներ, այլ ուզում եմ օգնել երիտասարդներին, որպէսզի իրենց ուժերը փորձեն նաեւ դրսում»:
  -   Մշակոյթ