ՌԵԺԻՍՈՐ ԱՐՏԱԿ ԱՒԴԱԼԵԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ Է ՆԿԱՐԱՀԱՆԵԼ ՊԱՏՄԱԿԱՆ
ԿԻԼԻԿԻԱՅԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՎԱՒԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ
18-07-2007 18:40:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կինովաւերագրող Արտակ
Աւդալեանը պատրաստւում է նկարահանել պատմական Կիլիկիային նուիրուած
ֆիլմ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ռեժիսորը, ֆիլմը
բաղկացած է լինելու 4 մասից: Առաջին մասում կներկայացուի
նախաթագավորության ժամանակաշրջանը, երկրորդում` Կիլիկիայի
թագաւորութեան հիմնումը եւ զորացումը, իսկ երրորդում`
թագաւորութեան անկումը, դրա պատճառները եւ նախկին թագաւորութեան
տարածքում տեղի ունեցած իրադարձութիւնները` մինչեւ 1915թ.-ը
Օսմանեան Թուրքիայում իրականացուած Հայոց ցեղասպանութիւնը
ներառեալ:
«Այսինքն փորձելու ենք ցոյց տալ, որ թագաւորութեան անկումից
յետոյ հայերը ոչ միայն շարունակել են գոյատեւել Կիլիկիայում, այլեւ
բոլոր բնագաւառներում ունեցել են յաջողութիւններ»,- նշեց
Ա.Աւդալեանը: Ֆիլմի չորրորդ մասը, ըստ ռեժիսորի, կը պատմի աշխարհով
մէկ սփռուած կիլիկիացիների ժառանգների, ինչպէս նաեւ ներկայումս
Կիլիկիայի տարածքում բնակուող մահմեդականացած հայերի մասին:
Ա.Ավդալյանի խօսքերով, նման մեծածաւալ կինոփաստաթղթի ստեղծման
նախապատրաստական փուլում ինքը համագործակցել է պատմաբանների հետ,
որոնց օժանդակությամբ էլ գրուել է ֆիլմի սցենարը: Միաժամանակ
ռեժիսորը նշեց, որ յաջորդ փուլի` ֆիլմի նկարահանման աշխատանքների,
համար անհրաժեշտ է հովանաւորների օժանդակությունը: