ՀՆԴԻԿ ՌԵԺԻՍՈՐ ՌԱՄՉԱՆԴՐԱ ՓԻ ԷՆԸ ՀԱՄՈԶՈՒԱԾ Է, ՈՐ ՀԱՅԵՐՆ ՈՒ
ՀՆԴԻԿՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԱՒ ԿԻՆՈ ՆԿԱՐԵԼ
12-07-2007 19:30:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ոսկէ ծիրան» միջազգային
4-րդ կինոփառատօնի մասնակից հնդիկ ռեժիսոր Ռամչանդրա Փի Էնը առաջին
անգամ է այցելում Հայաստան: Հայերը, նրա բնորոշմամբ, հիանալի ու
ժպտերես, հիւրասէր ու ընկերասեր մարդիկ են: «Այս երկիրը հիանալի
տարածք ունի: Իսկ երբ օդանավից դուրս եկայ, ինձ հմայեց բացուած
հիասքանչ տեսարանը` Բիբլիական Արարատ լեռը»,- իր այս
տպավորություններով «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ կիսեց հնդիկ
ռեժիսորը:
Հայկական մշակոյթին Ռամչանդրա Փի Էնը նոր է ծանօթանում,
սակայն գիտի, որ հայերն ունեն Փարաջանով, ով կինոաշխարհում յայտնի
է իր անկրկնելի փիլիսոփայական ֆիլմերով. «Ես արդէն ձեռք եմ բերել
նրա ֆիլմերից»:
Հնդիկ ռեժիսորի համոզմամբ, հայերն ու հնդիկները ամենահին
մշակոյթ ունեցող երկրներից են, եւ լաւ կլինի, եթէ «մենք
միաւորուենք ու միասին ֆիլմեր նկարենք, քանի որ երկու կողմերի
ռեժիսորներն էլ ունեն այդ ներուժը»:
«Ջնջվող ծէսեր» կինոնկարը ռեժիսորի առաջին գեղարուեստական
աշխատանքն է: Այն ընդգրկուած է «Ոսկէ ծիրան» կինոփառատօնի
միջազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում:
Ռեժիսորի խօսքերով, «Ջնջվող ծէսեր» կինոնկարում ինքը
անդրադարձել է Հնդկաստանում ապրող բոլոր կրոնական համայնքների
ընտանեկան ծեսերին ու սովորույթներին, որոնք աստիճանաբար ջնջվում
ու մոռացւում են: Եվ այդ մոռացումի ճանապարհը, ըստ ռեժիսորի, լի է
բախումներով ու խնդիրներով: