Սարգիս Սեդրակեան. «Գիւղնախարարութիւնը տրամադրուած չէ օգնել աղքատ գիւղացուն»


Սարգիս Սեդրակեան. «Գիւղնախարարութիւնը տրամադրուած չէ օգնել աղքատ գիւղացուն»

  • 06-07-2011 12:54:15   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ Գիւղնախարարութեան կոլեգիայի ապրիլի 29–ի նիստում քննարկուել է «ՀՀ –ում գիւղացիական տնտեսութիւնների խոշորացման» հայեցակարգի նախագիծ, որով նախատեսւում էր` «... փոքր չափերի գիւղացիական տնտեսութիւնների լուծարում կամ վերակազմաւորում … եւ ... խոշոր ապրանքարտադրողների կողմից հողերի կենտրոնացում ...»: Կոլեգիայի անդամ, «Ֆերմերային Շարժում» Հկ-ի նախագահ, ՀՀ կառավարութեան ԿԶԾ ՔՀՑ փոխնախագահ Սարգիս Սեդրակեանը դէմ է արտայայտուել այդ նախագծին` մտավախութիւնս յայտնելով, որ գիւղացուց խլելով իր հողը` ապրուստի միակ միջոցը, նրան վերածելու են էժան, վարձու աշխատուժի` մատնելով սովի: Ըստ նրա, աղքատ գիւղացուն այսօր օգնելու, ոտքի կանգնեցնելու փոխարէն, նրան է՛լ աւելի են մղում աղքատութեան գիրկը: Մտահոգուած գիւղի, գիւղացու եւ գիւղատնտեսութեան ներկայիս վատթար վիճակով, Ս.Սեդրակեանն առաջարկել է վերոնշեալ հայեցակարգի փոխարէն քննարկման դնել «Ֆերմերային Շարժում» Հկ-ի կողմից մշակուած եւ բազմաթիւ գիւղացիների, գիտնականների, մասնագէտների, ինչպէս նաեւ պետական, միջազգային եւ ոչ կառավարական որոշ կառոյցների ներկայացուցիչների կողմից բազմիցս քննարկուած եւ ներդրման հաւանութեան արժանացած «Պայմանագրային Կ'օօպերացիան գիւղատնտեսութեան բնագաւառում» ծրագրային հիմնադրոյթի նախագիծը: Ըստ սահմանման «Պայմանագրային կ'օօպերացիան աղքատ եւ ծայրայեղ աղքատ գիւղացիներին օգնելու, նրանց նոր ձեւաւորուած մանր բուրժուազիայից (ֆէօդալներից) եւ գիւղատնտեսական արտադրութիւնը խոշոր կապիտալի շահագործումից պաշտպանելու միջոց է, ինչպէս նաեւ` գիւղատնտեսական մանր ապրանքարտադրողներին միջազգային գիւղատնտեսական շուկայ դուրս գալու, խոշոր ապրանքարտադրողների հետ մրցակցելու եւ միջազգային տարբեր գիւղատնտեսական միաւորումների հետ ընդհանուր տնտեսութիւնների մէջ ներգրաւուելու առաւել մատչելի ուղի է…»: Կոլեգիայի յունիսի 29-ի նիստուոմ Ս.Սեդրակեանը ներկայացրել է Հհ-ում հողերի խոշորացման գործընթացի անհրաժեշտութիւնը եւ պայմանագրային կօօպերացիայի ներդրման առաւելութիւնները: Նա նշել է, որ «Ֆերմերային Շարժում» Հկ-ի ուսումնասիրութիւնները ցոյց են տուել, որ փոքր եւ մասնատուած գիւղատնտեսական հողակտորների վրայ առանձին տնտեսութիւններով գիւղատնտեսական արտադրութեամբ զբաղուելն արդարացուած չէ, իսկ հողերի խոշորացման շնորհիւ կը նուազեն գիւղատնտեսական մշակաբոյսերի մշակութեան եւ բերքահաւաքի հետ կապուած տնտեսական ծախսումները, կը նուազի արտադրուող գիւղմթերքի ինքնարժէքը, կը հեշտանայ գիւղացու ստացած բերքի իրացման կազմակերպումը, լիարժէք եւ արդիւնաւէտ կօգտագործուէն գոյութիւն ունեցող ոռոգման ցանցը, գիւղատնտեսական հողատեսքերը, գիւղտեխնիկան եւ Հայաստանի բնական պաշարները, արդիւնաւէտ կ'օգտագործուի առկայ գիւղատնտեսական մասնագիտական եւ աշխատանքային ներուժը, կը բարձրանայ գիւղատնտեսական հիւանդութիւնների եւ վնասատուների դէմ կանխարգելիչ միջոցառումների կիրառման արդիւնաւէտութիւնը, կը զարգանայ գիւղատնտեսութիւնը, տեղի կ'ունենայ գիւղատնտեսական արտադրանքի աճ: Ըստ Ս.Սեդրակեանի, պայմանագրային կ'օօպերացիան գիւղատնտեսական աշխատանքների կազմակերպման ձեւ է: Գիւղերում պայմանագրային կօօպերացիայ իրականացնելու նպատակն է` կամաւորութեան հիմունքներով միաւորել աղքատ եւ ծայրայեղ աղքատ գիւղացիներին` ձեւաւորելով գիւղացիական միաւորումներ, եւ գիւղացիների սեփականաշնորհուած հիմնական միջոցները` հող, այգի, անասուն, եւ այլն, ու նախօրօք կազմուած պայմանագրերի համաձայն` գիւղերում համատեղ կազմակերպել գիւղմթերքների արտադրութիւն: Ըստ նախագծի, կոլեկտիւի անդամ հանդիսացող իւրաքանչիւր գիւղացի կոլեկտիւի հետ համաձայնեցնում եւ կնքում է պայմանագիր իր սեփականաշնորհուած հողատարածքը որոշակի երկարատեւ ժամկէտով (10 տարուց ոչ պակաս) կոլեկտիւի միւս անդամների հողատարածքներին միաւորելու եւ համատեղ օգտագործելու համար: Համաձայն կոլեկտիւի կանոնադրութեան, պայմանագրում նշուած ժամկէտից շուտ գիւղացին իրաւունք չունի իր հողակտորով դուրս գալ կոլեկտիւից, քանի որ այդ հողակտորների վրայ կոլեկտիւի անդամների կողմից արդէն ներդրուած կը լինեն որոշակի գումարներ: Պայմանագրում նշուած ժամկէտը լրանալուց յետոյ գիւղացին կարող է երկարացնել պայմանագրի ժամկէտը` մնալով կոլեկտիւում կամ կարող է իր հողակտորով դուրս գալ կոլեկտիւից: Կարող են նաեւ լինել գիւղացիներ (հիմնականում` ծերեր, թոշակառուներ, եւ այլն), որոնք իրենց հողակտորները վարձակալական հիմունքներով կը ցանկանան յանձնել կոլեկտիւի տնօրինմանը: Կոլեկտիւի անդամների սեփականութիւնը հանդիսացող հողակտորները միաւորելու եւ համատեղ օգտագործելու կոլեկտիւ պայմանագիրը, որում յստակ ամրագրուած է հողակտորը կոլեկտիւին տրամադրման ժամկէտը, հողի օգտագործման վճարի գործակիցները (դրոյքաչափերը) եւ այլ մանրամասնէր, քննարկւում եւ հաստատւում է կոլեկտիւի Ընդհանուր կամ Հիմնադիր ժողովի կողմից: Պայմանագրային կօօպերացիայի կիրառման դէպքում, հողերի խոշորացման ակնկալուող դրական արդիւնքներից բացի, նաեւ կը նուազի աղքատութիւնը գիւղերում եւ կը կարգաւորուի գիւղացիների սոցիալական վիճակը, անկախ գիւղացիների ֆինանսատնտեսական հնարաւորութիւններից, գիւղերում կստեղծուէն ապրելու եւ աշխատելու համար նորմալ պայմաններ, կը ժողովրդավարացուի տնտեսական կեանքը գիւղերում, կը ձեւաւորուի գիւղացիների միջին խաւ, կը ստեղծուի սոցիալական արդարութեան հասարակարգ, կը պաշտպանուեն գիւղացիների իրաւունքներն ու շահերը, կը կանխուի գիւղերից արտագաղթը, կը խթանուի գիւղա-տնտեսական մթերքների իրաց-ման, մատա-կա-րա-րումների եւ սպա-սար-կումների կօօպերատիւների ձեւաւորումն ու արդիւնաւէտ գործունէութիւնը, կ'աւելանայ գիւղա-կան բնա-կա-վայրերում զբաղուածու-թեան մակարդակը, գիւղատնտեսութեան բնագաւառի մասնագէտները կ'ունենան կայուն աշխատանք, գիւղացիները ի վիճակի կը լինեն ժամանակին վճարելու պետութեան # յարկերը, կը գործի գիւղատնտեսական ապահովագրութեան համակարգը, գիւղերի վերականգնման եւ զարգացման համար հնարաւոր կը լինի ստեղծել որոշակի համապատասխան միջոցներ: Կոլեկտիւներին տնտեսական գործունէութեան կամ աշխատանքային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է ՀՀ կառավարութեան ու միջազգային կազմակերպութիւնների բարոյական եւ ֆինանսական աջակցութիւնը, մասնաւորապէս առաջարկւում է` տրամադրել 10 տարի ժամկէտով վարկ (առաջին 3 տարին անտոկոս, մնացած տարիներին` 5 տոկոս դրոյքաչափով), անվճար գիւղտեխնիկայ (1 հատ տրակտոր իր գիւղգործիքներով` 50–ից 100 անդամ ունեցող կոլեկտիւների համար), զեղչ գներով պարարտանիւթ, սերմնացու, թունաքիմիկատներ եւ դիզվառելիք (առաջին տարին կէս գնով): Վերը նշուածից բացի, անհրաժեշտ է առաջին տարին կոլեկտիւներին ազատել ոռոգման ջրի եւ հողի հարկերից, նաեւ ՀՀ պետբիւջէով նախատեսել արտադրուելիք գիւղմթերքների պետական պարտադիր գնումներ աղքատ գիւղացիներով ձեւաւորուած կոլեկտիւներից (շուկայականից բարձր գներով): Յուլիսի 1-ին տարածած յայտարարութիւնում Ս.Մեդրակայանը նշում է, որ փաստաթղթի ներկայացումից յետոյ կոլեգիայի որոշ անդամներ կարծես թէ մրցավազքի մէջ էին մտել, թէ ով աւելի շատ կը քննադատի ներկայացուած նախագիծը եւ նախարարի աչքին աւելի «պուպուշ» կ'երեւայ: «Կոլեգիայի որոշ անդամներ (նախկին շրջկոմի քարտուղար Կիմ Եգանեան, նախկին գիւղնախարար Աշոտ Ոսկանեան, նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյեան, եւ ուրիշներ) վրդոհուած էին իմ զեկոյցի նախաբանում գրուած «... վերջին տարիներին Հայաստանում իրականացուած եւ իրականացուող սխալ ագրարային քաղաքականութեան հետեւանքով ֆէօդալիզմը ներխուժել է հայկական գիւղեր, որպէս արդիւնք` խորացել է գիւղական աղքատութիւնը, աճել է գիւղական արտագաղթը, բազմաթիւ գիւղացիներ խրուած են օրէցօր աճող հարկերի, վարկերի, պարտքերի ու տոկոսների մէջ, գիւղատնտեսութիւն էլ` հետզարգացում է ապրում ...» տողերից: Սակայն, որպէս իրականացուած սխալ ագրարային քաղաքականութեան հետեւանք, ես նրանց յիշեցրեցի սակաւահող Հայաստանում մշակելի հողերի կէսից աւելին չմշակելը եւ հողերի դեգրադացիան: Գործարար Մարատ Ջանուելեանն էլ իրեն շատ վատ էր զգում «ֆէօդալ» բառը լսելիս: Նորաթուխ փոխնախարար Ռոբերտ Մակարեանն էլ չի տարբերում ծրագրային հիմնադրոյթը բիզնես ծրագրից: Իմ մտահոգութիւնները որոշ չափով կիսեց միայն կոլեգիայի անդամ Ռոզա Ծառուկեանը: Իր ամփոփիչ ելոյթում նախարար Սերգօ Կարապետեանն էլ խօսեց նախագծում նշուած նիւթատեխնիկական միջոցների ձեռք բերման եւ այլ աջակցութիւնների անհնարինութեան մասին: Սակայն նախարարին ես յուշեցի ճապոնական դրամաշնորհով Հայաստան ներկրուած անվճար գիւղտեխնիկայի, պետութեան կողմից 1–ին տարին կոլեկտիւին անհրաժեշտ սերմնացուի, պարարտանիւթի, թունաքիմիկատի եւ դիզվառելիքի գնման գների հնարաւոր սուբսիդաւորման, արտերկրից շատ ցածր տոկոսներով ՀՀ մտնող վարկերի, բանակի եւ այլ կարիքների համար աղքատ կոլեկտիւներից իրականացուելիք հնարաւոր գնումների մասին: Բոլոր դէպքերում ես այն կարծիքին եմ, որ եթէ լինի աջակցելու ցանկութիւն եւ պետական սրտացաւութիւն, ապա միջոցներ միշտ էլ կը գտուեն: Մեր երկրում այսօր աղքատ գիւղացիութիւնը կազմում է ընդհանուր գիւղացիութեան ճնշող մեծամասնութիւնը, սակայն ներկրուած ցորենի սերմնացուն տրամադրուեց 15 հա-ից աւելի հողատարածք ունեցողներին, գիւղտեխնիկան տրամադրուեց 40 հա-ից աւելի հողատարածք ունեցողներին, եւ այլն: Այնպիսի տպաւորութիւն է ստեղծւում, որ գիւղնախարարութիւնը աշխատում է հարուստների համար, քանի որ ինչ ծրագիր էլ որ գիւղում արւում է, որպէս արդիւնք` հարուստն էլ աւելի է հարստանում, իսկ աղքատն` էլ աւելի աղքատանում: Յիշեցնեմ, որ այսօր գիւղի առջեւ 2 հիմնական խնդիր գոյութիւն ունի` գիւղական աղքատութեան նուազեցում եւ բնակչութեանը անհրաժեշտ պարէնամթերքով ապահովում: Իմ կողմից ներկայացրած նախագիծը լուծում էր նշուած 2 խնդիրն էլ: Սակայն, ինչպէս երեւաց գիւղնախարար Սերգօ Կարապետեանի մօտեցումից, գիւղնախարարութիւնը տրամադրուած չէ օգնել աղքատ գիւղացուն, իսկ նրանց տրամադրած մի բուռ գարին եւ մի բուռ խոստումները, կարծում եմ, գիւղացուն պէտք չեն: Գիւղացին պետական լուրջ ծրագրերի եւ աջակցութեան կարիք ունի: Ես կարծում եմ` գիւղնախարարութիւնը շուտով կը ներկայացնի կօօպերացիայի ծրագրի իր նախագիծը, գիւղացիներին շփոթութեան եւ մոլորութեան մէջ կը գցի, իսկ որպէս արդիւնք` կրկին կը շահի ունեւորը: Կոլեգիան մերժելով ներկայացուած փաստաթուղթը, միաժամանակ` որոշեց նախագծից առանձնացնել որոշ մտքէր եւ յետագայում դրանք օգտագործել մշակուելիք փաստաթղթերում»,- ասուած է «Ֆերմերային Շարժում» Հկ-ի նախագահի յայտարարութիւնում:
  -   Տնտեսութիւն