ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ «ՔՎԱԶԱՐ-ՄԻԿՐՈ» ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ<br /> ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅ<br />


ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ «ՔՎԱԶԱՐ-ՄԻԿՐՈ» ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ
ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅ

  • 26-06-2007 21:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տեղեկատուական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում գործող ուկրաինական «Քվազար-Միկրո» ընկերութիւնը աւարտել է Ձեռնարկութիւնների ինկուբատոր հիմնադրամի համար հաշւողական տեխնիկայի եւ սերվերային սարքավորումների ժամանակակից միջոցների մատակարարման ծրագիրը: Ծրագրի իրականացմանը մասնակցել է նաեւ գոյքի եւ տարածքի պաշտպանութեան համակարգերի մատակարարմամբ զբաղուող հայկական «ՍՌՍ-Զվեզդա» ընկերութիւնը: Այս մասին յունիսի 26-ին յայտնեց ՁԻՀ-ի տնօրէն Բագրատ Ենգիբարյանը: Նա միաժամանակ յայտարարեց, որ ընկերութիւնը սկսում է համագործակցել Հայաստանում գործող ՏՏ ընկերութիւնների հետ: Բ.Ենգիբարյանը համոզմունք յայտնեց, որ «Քվազար-Միկրո»-ն կարճ ժամանակում իր կայուն տեղը կգրաւի հայկական շուկայում: «Քվազար-Միկրո»-ի մարքեթինգի բաժնի տնօրէն Սերգեյ Շչերբինի խօսքերով, ընկերութեան մուտքը հայկական շուկայ կնպաստի տարածաշրջանում գործող ՏՏ-ի առաջատար ընկերութիւնների հետ Հայաստանի գործընկերային յարաբերութիւնների զարգացմանը, ինչպէս նաեւ մասնակցութեանը մի շարք պետական ծրագրերին, այդ թւում` կրթութեան ոլորտում: Նրա խօսքերով, ընկերութիւնը հայկական ձեռնարկութիւններին կառաջարկի հեռանկարային մշակումներ, այդ թւում` մասնագիտացուած լուծումներ խոշոր կազմակերպութիւնների ֆինանսական հոսքերի կառավարման համար: Նշենք, որ «Քվազար-Միկրո» ընկերութիւնը մտնում է ռուսական «Սինտրոնիքս» հոլդինգի կազմի մէջ: Ընկերութեան շրջանառութիւնը 2006թ.-ին կազմել է 568 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն