ՀԱՅԵՐԸ ՊԷՏՔ Է ԼԻՆԵՆ ԴԱՐՖՈՒՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐՋ ՏԱԼՈՒ<br /> ՋԱՆՔԵՐԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐ<br />


ՀԱՅԵՐԸ ՊԷՏՔ Է ԼԻՆԵՆ ԴԱՐՖՈՒՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐՋ ՏԱԼՈՒ
ՋԱՆՔԵՐԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐ

  • 29-05-2007 18:00:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Յարութ Սասունեան «Կալիֆոռնիան կուրիեր»-ի հրատարակիչ Մայիսի 20-ի կիրակի օրը ես ներկայ էի Լոս-Անջելէսի յայտնի First AME եկեղեցում տեղի ունեցած «Դարֆուրին նուիրուած օր» կոչուած հանրահաւաքին: Իրադարձութիւնը համահովանավորել էին Լոս-Անջելէսի քաղաքապետարանը, First AME եկեղեցին, «Ջյուիշ ուորլդ ուոչ» կազմակերպութիւնը եւ «Ամերիկայի հրեական կոմիտէն»: Ներկայ էին հազարից աւելի հիւրեր, որոնք ներկայացնում էին բոլոր կրոնները, ռասաները եւ դավանանքները: Լոս-Անջելէսի քաղաքապետ Անտոնիօ Վիլարաիգոսան իր արտայայտիչ ելոյթում կոչ արեց անմիջապէս վերջ տալ Դարֆուրի անմեղ ժողովրդի համատարած կոտորածներին: Քաղաքապետը երկու անգամ յիշատակեց Հայոց Ցեղասպանութիւնը` որպէս 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւն: «Ջյուիշ ուորլդ ուոչ» (JWW) կազմակերպութեան նախագահ Ջենիս Քեմընիր-Ռեզնիկը ներկայացրեց Դարֆուրի ցեղասպանութեան զոհերի աջակցութեան ուղղուած իր կազմակերպութեան ձեռնարկած տարբեր քայլերը: Նա ասաց, որ Հիտլերը, քաջալերվելով Հայոց Ցեղասպանութեան հարցում աշխարհի անտարբերությունից` 20 տարի անց իրագործեց հրեաների Հոլոքոստը: JWW-ի հիմնադիր ռաբբի Հարըլդ Շուլվեյսը կոչ արեց Դարֆուրի համատարած սպանութիւններին վերջ տալու համար գործել, այլ ոչ թէ խօսքեր կամ աղօթքներ ասել: Աջակցող կոչերով հանդէս եկան նաեւ Ամերիկայի հրեական կոմիտէի Լոս-Անջելէսի բաժանմունքի նախագահ Շերի Վեյնմանը եւ գործադիր տնօրէն Սեթ Բրիսկը, ու նաեւ First AME եկեղեցու քահանա պատվելի Ջոն Ջ. Հանթերը: Որպէս ցեղասպանությունից փրկվածների թոռ, ես պարզորոշ ընկալեցի Դարֆուրի ժողովրդի ողբերգական կացութիւնը: Անհաւանական է, բայց նրանք անցնում են նոյն արհավիրքի միջով, ինչը հայերը` գրեթէ մէկ դար առաջ: Դէմքերը եւ անունները տարբեր են, բայց վայրագութիւնը եւ տառապանքները նոյնն են: Ամէնից սրտակեղեք վկայութիւնն արեց «Յանուն ժողովրդավարութեան եւ ազատութեան դաշինք- Դամանգա» կազմակերպութեան գործադիր տնօրէն Մոհամեդ Յահյան: Նա պատմեց, որ կորցրել է իր ընտանիքի 21 անդամներին, որոնք զոհուել էին իր գիւղի վրայ Սուդանի կառավարութեան հովանաւորուած Ջանջովիդ կազմակերպութեան զինյալների դաժան յարձակման ժամանակ: Ինձ համար սփոփանք էր First AME եկեղեցու խորանի մօտ այլ կրոնական եւ քաղաքացիական առաջնորդների կողքին տեսնել մի հայրենակցի` պատվելի Պերճ Ջամբազեանին: Նա իր հետ մի աւտոբուս հայ ծխականներ էր բերել: Հայկական կազմակերպութիւնները պէտք է լինենին այս կարեւոր արարողութիւնը հովանաւորների թւում եւ մասնակցէին այդ ծրագրին: Որոշ հայկական խմբեր, մասնաւորապէս Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը միացել էր Դարֆուրի ժողովրդին աջակցելու այլ ծրագրերին: Ժամանակն է, որ մեծ թւով հայեր, այլ ոչ թէ սոսկ համայնքային ղեկավարներ, միանան Միացեալ Նահանգներում ծաւալուող հասարակական կազմակերպութիւնների շարժմանը` վերջ տալու Դարֆուրի ցեղասպանությանը: Հայերիս համար, որոնք պայքարում են անցեալի մի ցեղասպանութեան մերժման դէմ, հրամայական անհրաժեշտութիւն է` անել հնարաւոր ամէն ինչ` վերջ տալու մի ցեղասպանութեան, որը մեր օրերում է տեղի ունենում: Արդէն մօտ 400 հազար մարդ է սպանուել եւ աւելի քան 2,5 միլիոնը տարհանվել են իրենց տներից: Ոչ ոք չի կարող զոհերի վիճակն աւելի լաւ հասկանալ, քան անցեալ ցեղասպանութեան ժառանգները: Քանի դեռ երկրագնդի բոլոր մարդիկ չեն համախմբուել` փրկելու այսօրուայ զոհերին, նրանք իրենք կարող են դառնալ ցեղասպանութեան յաջորդ զոհերը: Ինչպէս գերմանացի քահանա Մարտին Նիմոլերը խորաթափանց կերպով նկատել է. «Սկզբում նրանք եկան կոմունիստների յետեւից, եւ ես չխոսեցի ի պաշտպանութիւն նրանց, որովհետեւ կոմունիստ չէի: Ապա եկան սոցիալիստների յետեւից ու ես չխոսեցի, որովհետեւ սոցիալիստ չէի: Ապա եկան արհմիութեան անդամների յետեւից եւ ես չպաշտպանեցի նրանց, որովհետեւ ես արհմիութեան անդամ չէի: Ապա եկաւ հրեաների հերթը, եւ ես ձայն չբարձրացրեցի ի պաշտպանութիւն, որովհետեւ ես հրեայ չէի: Երբ հերթը հասաւ ինձ, այեւս ոչ ոք չկար, որ ձայն բարձրացնէր ի պաշտպանութիւն ինձ»: Յաճախ կրկնւող «այլեւս երբեք» կարգախօսը օրեցօր դառնում է աւելի ու աւելի անիմաստ, քանի որ, միջազգային հանրութիւնը չի ձեռնարկում կանխարգելիչ կամ պատժիչ քայլեր, ու կրկին ցեղասպանութիւն է տեղի ունենում: Համակրանքի խօսքերն ու բարձրագոչ յայտարարութիւնները չեն կարող կանգնեցնել ցեղասպանութիւնը: Նոր արիւնահեղութիւններ թոյլ չտալու համար պէտք է վճառականություն ու կտրուկ քայլեր: Սպանութիւնների մոլուցքի դեմը կարելի է առնել միայն վստահելի միջազգային ուժերի կիրառմամբ: Միայն համաշխարհային հասարակական պաշտպանութիւնը կարող է հարկադրել անզգա կառավարութեան ղեկավարներին ուշադրութիւն դարձնել կոտորածներին եւ վերջ տալ դրանց: Մինչդեռ կան որոշ յատուկ քայլեր, որոնք ցանկացած ոք կարող է իրականացնել` որպէսզի իր նպաստը բերի Դարֆուրի ցեղասպանությանը վերջ տալու գործին. - Գրեք ձեր ընտրած պաշտօնեաներին` Միացեալ Նահանգներից եւ ՄԱԿ-ից պահանջելով աւելի շատ մարդասիրական օգնութիւն տրամադրել փախստականներին եւ միջազգային խաղաղապահ ուժեր ուղարկել Սուդան: - Քաղաքի, օկրուգի, նահանգի եւ դաշնային պաշտօնեաներից պահանջեք հրաժարուել Սուդանում գործունէութիւն ծաւալող ընկերութիւնների իրենց բաժնեմասից: - Մասնակցեք բողոքի հաւաքներին, որոնք կոչ են անում վերջ տալ Դարֆուրի ցեղասպանությանը, եւ - Նուիրատւութիւն արեք «Փրկենք Դարֆուրը» հիմնադրամին (www.savedarfur.org), որպէսզի մարդասիրական օգնութիւն հասցնեք սպանութիւններից փրկված փախստականներին:
  -   Յօդուածներ