Համաշխարհային բանկը 2012-2013թթ. Հայաստանին կը տրամադրի 200 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակութիւն


Համաշխարհային բանկը 2012-2013թթ. Հայաստանին կը տրամադրի 200 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակութիւն

  • 07-07-2011 19:16:02   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Յուլիսի 6-ին Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի կողմից ներկայացուել է Հայաստանի հետ 2009-2013թթ.«Երկրի գործընկերութեան ռազմավարութեան ընթացիկ զեկոյցը», որի համաձայն, այդ տարիներին Հայաստանը կը ստանայ 200 միլիոն դոլարի նոր ֆինանսաւորում: Այս մասին յուլիսի 7-ին յայտարարուեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչէ Գաբրիէլեանի եւ Համաշխարհային բանկի երեւանեան գրասենեակի ղեկավար Ժան-միշել Հապիի համատեղ ասուլիսում: Նշուեց, որ «Երկրի գործընկերութեան ռազմավարութիւնը» պատրաստուել է գլոբալ տնտեսական ճգնաժամի համատեքստում: Ռազմավարութեան հիմնական ուղղութիւններն են բնակչութեան խոցելիութեան մեղմումը եւ միջնաժամկէտ մրցունակութեան ամրապնդումը` տնտեսութեան հետճգնաժամային վերականգնման եւ աճի նպատակով: 200 միլիոն դոլարի նոր ֆինանսաւորման շրջանակներում նախատեսւում է նպաստել տնտեսական աճի պահպանմանն ու խոցելի խմբերի կարիքները հոգալուն: Միջոցների մեծ մասը ուղղուելու է հիմնական սոցիալական ծառայութիւնների զարգացմանը եւ ենթակառուցուածքային ծրագրերին: Նախատեսւում է, որ առաջարկուող վարկային փաթեթն առաւել կը խորացնի Հբ-ի մասնակցութիւնն աղքատութեան կրճատման գործողութիւններում` միաժամանակ ապահովելով հիմքեր մրցունակութեան եւ տնտեսական աճի աղբիւրների դիւերսիֆիկացման համար: Այդ առումով, «Զարգացման քաղաքականութեան գործառնութեան ամենամեայ շարքը» միտուած կը լինի հարկաբիւջետային կառավարման, աղքատութեան կրճատմանն ուղղուած բիւջետային յատկացումների, սոցիալական պաշտպանութեան քաղաքականութեան, ինչպէս նաեւ գործարար միջավայրի բարելաւմանը եւ մրցակցային դաշտի բարեփոխումներին: Պետական ֆինանսների կառավարման եւ եկամուտների վարչարարութեան ուղղութեամբ ինստիտուցիոնալ բարեփոխումները կը մեծացնեն պետական ֆինանսների եւ հարկային վարչարարութեան արդիւնաւէտութիւնը եւ թափանցիկութիւնը: Սպասւում է, որ գյուղերի զարգացմանը, կենսական նշանակութեան ճանապարհների եւ ոռոգման համակարգերի վերականգնմանն ուղղուած ներդրումների շարունակումը կը մեծացնի գյուղացիական տնտեսութիւնների արտադրողականութիւնը, կ'ընդլայնի գյուղատնտեսութեան մասնաբաժինը տնտեսական աճում եւ կը ստեղծի աշխատատեղեր գյուղական բնակչութեան համար: Առողջապահութեան ոլորտում Հբ-ն կը շարունակի օժանդակել ՀՀ կառավարութեան բարեփոխումների իրականացմանը` ուշադրութիւն դարձնելով մահացութեան պատճառների աւելի քան 90%-ը կազմող ոչ տարափոխիկ հիւանդութիւնների հետ կապուած խնդիրներին: Համայնքային ջրամատակարարման եւ ջրհեռացման յաջորդ ծրագրի շրջանակներում կը շարունակուի առկայ ենթակառուցուածքների վերականգնումը: Այն թոյլ կը տայ նուազեցնել չհաշուառուող ջրի հսկայական ծաւալները (այս խնդիրը կարող է վտանգել ջրամատակարար սուբյեկտների ֆինանսական կենսունակութիւնը): Նշուեց նաեւ, որ Հբ-ի խմբի վարկային ծրագիրը կ'ամրապնդուի խորհրդատուական ու վերլուծական ծառայութիւններով. դրանց առանցքում կը լինեն պարտքային եւ հարկաբիւջետային կ'ոնսոլիդացիան, աղքատութեան նուազեցումը, սոցիալական պաշտպանութիւնը եւ ֆինանսական հատուածի կայունութիւնը, որոնք առնչւում են «Երկրի գործընկերութեան ռազմավարութեամբ» նախանշուած երկու ռազմավարական ուղղութիւններին:
  -   Տնտեսութիւն