ՄԱՀԱՑԵԼ Է ՕՊԵՐԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԵՐԳՉՈՒՀԻ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐԵԱՆԸ
17-05-2007 15:33:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 16-ին կեանքի 83-րդ
տարում իր մահկանացուն կնքեց «Հայկական սոխակը»` հայ օպերային
արուեստի մեծագոյն վարպետը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ,
Սոցիալիստական աշխատանքի հերոս, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր,
Երեւանի կոնսերուատորիայի պրոֆեսոր Գոհար Գասպարեանը: Այս մասին
«ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ Մշակոյթի եւ երիտասարդության
հարցերի նախարարութիւնից:
Գ.Գասպարեանը ծնուել է 1924թ.-ին Կահիրէում: Ուսանել է տեղի
երաժշտական ակադեմիայում: 1948թ.-ին հայրենադարձել է: 1949թ.-ից
Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդէս
է եկել 23 օպերաներում գլխաւոր դերերգերով, իսկ նրա համերգային
երկացանկում տեղ են գտել աւելի քան 500 ստեղծագործութիւններ: