«ԼՈՍ-ԱՆՋԵԼԷՍ ԹԱՅՄՍ»-Ի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԽՄԲԱԳԻՐԻ ՎԱՏ ՎԱՐՔԱԳԻԾԸ<br /> ՑԱՍՈՒՄ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ<br />


«ԼՈՍ-ԱՆՋԵԼԷՍ ԹԱՅՄՍ»-Ի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԽՄԲԱԳԻՐԻ ՎԱՏ ՎԱՐՔԱԳԻԾԸ
ՑԱՍՈՒՄ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

  • 03-05-2007 20:50:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Յարութ Սասունեան «Կալիֆոռնիան կուրիեր»-ի հրատարակիչ Անցած շաբաթուայ իմ սյունակը` նուիրուած «Լոս-Անջելէս թայմս»-ի պատասխանատու խմբագիր Դուգլաս Ֆրանցի գործելակերպին (նա մեղադրավում է լրագրող Մարկ Արաքսի նկատմամբ խտրական գործողութիւններ իրականացնելու համար), ցնցել է ողջ համայնքը: Ֆրանցը արգելափակել էր Հայոց Ցեղասպանութեան մասին ԱՄՆ-ի կոնգրեսի բանաձեւին նուիրուած` փորձառու լրագրող Արաքսի յօդուածի հրապարակումը: Իմ նախորդ յօդուածը տեղադրուեց բազմաթիւ կայքէջերում եւ մեջբերվեց կամ լուսաբանուեց «Լոս-Անջելէս Վիկլի» շաբաթաթերթում, Թուրքիայի ամենամեծ պարբերականներից մէկում` «Հյուրիյեթ»-ում, նաեւ մի քանի լրատուական գործակալութիւնների եւ աշխարհի շատ այլ տարալեզու պարբերականների կողմից: Տողերիս հեղինակը նաեւ հարցազրովյց տվեց Հարաւային Կալիֆոռնիայի KPCC ռադիոյի հաղորդավար Լարի Մանթլեին եւ ելոյթ ունեցաւ Լարի Զարյանի շոուի ժամանակ, որը հեռարձակւում է Գլենդեյլում, Բուրբանկում, Լա Կրեսենտայում, Մոնտրոսում եւ Լա Կանադայում: Այդ յօդուածի հրապարակումից շատ չանցած, երբ հարիւրաւոր քննադական էլեկտրոնային նամակների էին տեղում խմբագրութիւն, «Լոս-Անջելէս թայմս»-ի մի քանի ղեկավարներ սկսեցին հրապարակային յայտարարութիւններ անել` բողոքներին ի պատասխան: «Թայմս»-ի հրատարակիչ Դեվիդ Հիլլերի ուղարկած էլեկտրոնային նամակը ե'ւ անկեղծ էր, ե'ւ խելամիտ: Նա հաւաստիացնում է ընթերցողներին, որ ինքը «շատ լուրջ» է վերաբերւում թերթին ուղղուած խտրականութեան մեղադրանքներին: Հիլլերն ասում է, որ ինքը «երբեք չի հանդուրժի, որ որեւէ մէկը էթնիկ, ռասայական, կրոնական կամ որեւէ այլ պատճառով ենթարկուի խտրականութեան: Դա ներառում է նաեւ այն հարցը, թէ ինչպէս են լրագրողներին յօդուածներ գրելու յանձնարարականներ տրւում եւ ինչպէս են յոդուածների հետ աշխատում խմբագրական գործընթացի ժամանակ: Ես հպարտ եմ նրանով, թէ ինչպէս է «Թայմս»-ը լուսաբանում Հայոց Ցեղասպանութեան թեման եւ նաեւ հպարտ եմ մեր պարբերականի որդեգրած դիրքորոշմամբ: Ես նաեւ հպարտ ու երախտապարտ եմ այն աջակցութեան համար, որ Հարաւային Կալիֆոռնիայի ամերիկահայ իմ նոր բարեկամները ցուցաբերել են իմ հանդէպ սկսած այն պահից, երբ վեց ամիս առաջ ես այստեղ ժամանեցի: Ես ակնկալում եմ, որ այդ հիանալի բարեկամութիւնը կշարունակուի, ինչպէս նաեւ կշարունակուի այն ամուր ու բաց հաղորդակցութիւնը, որը հիմք է ծառայում այդ բարեկամութեան համար»: Երկրորդն արձագանքել էր «Լոս-Անջելէս թայմս»-ի գլխաւոր խմբագիր Ջիմ Օ' Շին: Աշխատակազմին հասցէագրուած իր հուշագրում նա յայտնում է, որ պատասխանել էր շատ աշխատակիցների եւ ընթերցողների վերջին օրերին գրուած բողոքներին: Նա յայտարարել է, որ գիտակցում է «այդ հարցի լրջությունը» եւ «լրջօրէն է վերաբերւում այդ բողոքերին»: Չնայած Օ' Շին յայտարարել է, որ ներքին հետաքննութիւնը ավարտվելիս էր, ինքը այնուամենայնիւ ժամանակից առաջ է ընկել եւ շարունակել է կատարել իր պաշտօնական պարտքը` պաշտպանել իր գործընկեր Ֆրանցին` առանց այդ գործընթացի աւարտին սպասելու: Ասելով հանդերձ, թէ ցանկանում է «պարզել թուրիմացությունը, որովհետեւ այս հարցի շուրջ տարածուած լուրերը սխալ են», նա այնուհետեւ հենց ինքը մի քանի սխալ ու մոլորեցնող յայտարարութիւններ է արել: Իր հուշագրում Օ'Շին կրկնել է Մարկ Արաքսի հասցէին Ֆրանցի կողմից աւելի վաղ ներկայացուած կանխակալութեան անհիմն մեղադրանքը` մէկ անգամ եւս կասկածի տակ դնելով այդ պրոֆեսիոնալ լրագրողի ազնւութիւնը: Օ'Շին թաքցնում է այն փաստը, որ յաջորդած հետաքննութիւնը ապացուցել էր, որ այսպէս կոչուած «խմբական նամակը» («պետիցիան»), որը ստորագրելու համար մեղադրւում էին Արաքսը եւ հինգ լրագրողները, իրականում «խմբական նամակ» չի եղել, այլ եղել էր մի հիշեցում, որը պարզապէս տեղեկացնում էր խմբագիրներին եւ աշխատակազմին, որ նրանք շեղուել էին Հայոց Ցեղասպանութիւնը որպէս ցեղասպանութիւն անուանելու` թերթի հաստատուած քաղաքականութիւնից: Այն որ Օ'Շին շարունակում է այդպիսի մեղադրանքներ ներկայացնել Արաքսին, միայն աւելի բարդացնում է օրէնքի հետ թերթի հնարաւոր խնդիրները եւ եւ ստեղծում է «Թայմս»-ի` առաւել վնասաբեր դատական հայցերի առջեւ կանգնելու հնարաւոր վտանգ: Բացի այդ, Օ' Շիի յուշագիրը ներառում է մի քանի սխալ պնդումներ. -- Նա պնդում է, թէ «Թայմս»-ը պարզապէս մէկ շաբաթով «կասեցրել» էր Արաքսի յօդուածի տպագրումը: Իրականում յօդուածի տպագրումը երկու շաբաթով էր արգելուել` այնուհետեւ այն «սպանուել» էր ու ի վերջոյ փոխարինվել էր Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւին նուիրուած` Ռիչարդ Սայմընի աւելի թոյլ յօդուածով; --- Օ'Շիի պնդումը, թէ յօդուածը գրելու յանձնարարութիւն ստացած նոր լրագրողը` Սայմընը, «հաւելեալ տեղեկատուութիւն էր բացայայտել, այդ թվումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսիի դիրքորոշումը բանաձեւի հարցում» կեղծ է: Իրականում այդ յօդուվածում ոչ մի նոր կամ կարեւոր բան չկար: Փելոսին նոյնիսկ չէր էլ խօսել Սայմընի հետ; --- Օ'Շեան գլուխ է գովում, թէ «Թայմս»-ը մանրակրկիտ կերպով լուսաբանում է հայկական համայնքի կեանքը եւ բերել է անցած երկու տարուայ ընթացքում տպագրված 67 յոդուածների ցուցակ, որոնք յիշատակում էին Հայաստանը կամ հայերին: Սակայն նա չի ասում, որ այդ յօդուածներից շատերը սխալ կերպով էին բնութագրում Հայոց Ցեղասպանութիւնը եւ միայն յաճախակի բողոքներից յետոյ, դժկամութեամբ ուղղումներ են տպագրուել: Գուցէ խմբագիրն իր հաշուած 67 յոդուածների շարքում ներառել էր այդ ուղղումների որոշ մա՞սը: Աւելին` նոյնիսկ ներկայիս քննարկումների ընթացքում, Հոլիվուդում Հայոց Ցեղասպանութեան բողոքի ցույցը լուսաբանելիս, «Թայմս»-ը իր ապրիլի քսանհինգի համարում հրապարակել էր մի լուսանկար եւ բացատրագիր, որում ասւում էր. «...ցեղասպանութեան ամենամեայ բողոքը ի նշանաւորումն 1915թ.-ի այն օրուայ, երբ ըստ հայերի, թուրքերը սկսել են համատարած տեղահանություններ, ձերբակալութիւններ եւ մահապատիժներ»: Բարեբախտաբար Օ'Շին իր ուղերձն աւարտել է դրական նոտայով` յայտարարելով, թէ ինքը «երբեք չի հանդուրժի, որ աշխատակազմից որեւէ մէկը յօդուածի մասին դատողութիւններ անի կանխակալ կերպով, կամ գրողի էթնիկ պատկանելութեան հետ կապուած»: Այնուհետեւ նա հարուածի տակ է դնում իր իսկ վարկը, երբ յաւելում է. «Այս դէպքում նման բան տեղի չի ունեցել», այսպիսով կանխորոշելով թերթի հետաքննութեան արդիւնքը: Ամենակոպիտ յայտարարութիւնն արել է թերթի պատասխանատու խմբագրի օգնական Սայմըն Կ. Լին, ով շտապել է կուրօրէն պաշտպանել իր ղեկավարին` Դուգլաս Ֆրանցին: «Լոս-Անջելէս Վիկլի» շաբաթաթերթին հասցեագրած նամակում Լին կշտամբել է յօդուածագիր Դենիել Հերնանդեզին` «Յարութ Սասունեանի նողկալի զրպարտությունը» կրկնելու համար եւ մի աւելի երկար ու բարդ բացատրութիւն է տուել, թէ ինչպէս է Ֆրանցը հաջողացրել դառնալ մայիսին Ստամբուլում կայանալիք մի կոնֆերանսի քննարկման վարողը, որին մասնակցելու է ցեղասպանութեան մերժողական Էնդրյու Մանգոն: Լին բացատրում է, որ Ֆրանցը ի սկզբանէ նախատեսում էր կոնֆերանսի ընթացքում հարցազրովյց վերցնել Օրհան Փամուքից եւ Էլիֆ Շաֆաքից: Երբ այդ նախաձեռնութիւնը ձախողուել է (Լին ասում է, թէ չգիտի դրա պատճառը) Ֆրանցին յանձնարարուել էր մի երկրորդ քննարկում նախագահել, որը նույնպես չի յաջողուել կեանքի կոչել, եւ ի վերջոյ որոշուել է անցկացնել երրորդ մի քննարկում մերժողական Մանգոյի հետ, ինչին նախորդել են «մի շարք պատահարներ»: Լին չի կարողացել բացատրել, թէ քննարկման մասնակիցների անունները պարզելուց յետոյ Ֆրանցը ինչու՞ չէր հրաժարուել դրանից: Լին անամօթաբար ասում է, որ չգիտէ, թէ «արդեօ՞ք Սասունեանի կողմից Մանգոյի բնութագրումը արդարացի էր եւ լայնօրէն ընդունուած»: Ապշեցուցիչ բան. «Լոս-Անջելէս թայմս»-ի պատասխանատու խմբագրի օգնականը չի կարողացել իր համակարգչի «google search» էջում գրել Մանգոյի անունը եւ պարզել նրա ինքնութիւնն ու դիրքորոշումը Հայոց Ցեղասպանութեան հարցում: Այնուամենայնիւ Լին շարունակել է վիրաւորել «Լոս-Անջելէս Վիկլի» շաբաթաթերթի ընթերցողներին` նրանց անուանելով «կողմնակալ, թեթեւամիտ եւ դյուրահավատ»: Կարելի է յուսալ, որ երբ Ֆրանցը գնայ, Լիին իր հետ կտանի: Վերջապէս ««Թայմս»-ի Ընթերցողների Ներկայացուցչական Գրասենեակը» հանդէս գալով առաջին հերթին որպէս վարչութեան ներկայացուցիչ` պատասխան է ուղարկել թերթի բողոքներ ուղարկողներին` ասելով նրանց, թէ այդ ընթերցողները տեղեակ չեն «այդ թեմայի ամբողջ բովանդակութիւնը» եւ նոյնիսկ հրապարակելով Ֆրանցի եւս մէկ վիրաւորական յայտարարութիւն: Այդ յայտարարութիւնը կրկնում է Արաքսի դէմ Ֆրանցի ներկայացրած անհիմն մեղադրանքները` այդ կերպ բարդացնելով ամերիկահայ լրագրողի հանդէպ նրա խտրական սխալ վարքագիծը եւ աւելի շատ բարդացնելով իր վիճակը: «Թայմս»-ի իր գործընկերներին ապրիլի 30-ին յղած բաց նամակում Արաքսը բացայայտել է Ֆրանցի գործողութիւնների մանրամասները եւ նրանից պահանջել է հրապարակավ ներողութիւն խնդրել, ինչն այնքան էլ շատ չէ, եթէ հաշուի առնենք Ֆրանցի վարքագծի լրջությունը: «Լոս-Անջելէս թայմս»-ի բարձրաստիճան ղեկավարութեանը անհրաժեշտ է հնարավորինս շուտ լուծել իր «Դուգալ Ֆրանց» կոչւող խնդիրը` քանի դեռ այս հարգուած պարբերականի հեղինակութեան աւելի շատ չի վարկաբեկուել:
  -   Յօդուածներ