ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԲԱՑՈՒԵՑ ԱՐԴԻՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹԵԱՆԸ<br /> ՎԵՐԱԲԵՐՈՂ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԲԱՑՈՒԵՑ ԱՐԴԻՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹԵԱՆԸ
ՎԵՐԱԲԵՐՈՂ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ

  • 18-04-2007 17:25:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային օրուայ` ապրիլի 18-ի կապակցութեամբ Ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտում առաջին անգամ բացուեց «Արդիւնաբերական ժառանգութիւն. Սեւան-Հրազդան կասկադ» լուսանկարների ցուցահանդէսը` նուիրուած երկրի արդիւնաբերական հսկայ Սեւան-Հրազդան ՀԷԿ-երի համալիրին: Թանգարանի տնօրէն Աշոտ Գրիգորեանի խօսքերով, Հայաստանում գրեթէ մոռացութեան են մատնուել միջնադարից մինչեւ այսօր գոյութիւն ունեցող արդիւնաբերական ժառանգութիւնը, որը, ինչպէս պատմամշակութային ու հոգեւոր միւս արժէքները, ունի պահպանութեան եւ պաշտպանութեան կարիք: Ըստ Ա.Գրիգորեանի, օրուայ խորհուրդն է հանրութեան շրջանում բարձրացնել արդիւնաբերական ժառանգութեան նկատմամբ ուշադրութիւնն ու ձեւաւորել նոր մօտեցում դրանց թանգարանացման համար: «Աշխարհի շատ երկրներում վաղուց արդէն արդիւնաբերական ժառանգութիւնը մատչելի է դարձել հասարակութեան համար. բացուել են տեխնիկական թանգարաններ, արդիւնաբերական արգելոց-վայրեր»,- նշեց տնօրէնը: Յուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային օրը Հայաստանում նշւում է 2001 թուականից, երբ երկիրը դարձաւ միջազգային ԻԿՕՄՕՍ-ի (Յուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհուրդ) անդամ: Հայաստան-ԻԿՕՄՕՍ կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Յասմիկ Ազիզեանի խօսքերով, իրենց նպատակն է հասարակութեան ուշադրութիւնը բեւեռել արդիւնաբերական ժառանգութեան կառույցներին, որոնք «գեղարուեստական առումով այդքան փառահեղ չեն, սակայն հետաքրքիր են ու կարեւոր իրենց համակողմանիությամբ»: Բացի այդ, նշուած կառույցներն ունեն նաեւ սոցիալական արժէք, քանի որ դարանցում աշխատել են մարդիկ, կերտել իրենց աշխատանքային կենսագրութիւնը: Ըստ Հ.Ազիզեանի, արդիւնաբերական կառոյցների համար շատ կարեւոր է լանդշաֆտների գործօնը` հաշուի առնելով, որ շատ յաճախ արդիւնաբերական այս կամ այն ձեռնարկութեան աշխատանքի ոչ ճիշտ կազմակերպման հետեւանքով վնասւում են մշակոյթային լանդշաֆտները:
  -   Մշակոյթ