ՊՂԾԵԼՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ, ԹՈՒՐՔԻԱՆ Ի ԴԵՐԵՎ ՀԱՆԵՑ ԻՐ ԻՍԿ<br /> ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՊՂԾԵԼՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ, ԹՈՒՐՔԻԱՆ Ի ԴԵՐԵՎ ՀԱՆԵՑ ԻՐ ԻՍԿ
ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

  • 06-04-2007 23:55:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Յարութ Սասունեան «Կալիֆոռնեան կուրյեր»-ի հրատարակիչ Անցած շաբաթ թուրքական կառավարութիւնը վերջապէս իրագործեց Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացման իր քարօզչական քայլը, որը շատ գովազդվեց, սակայն վերջ ի վերջոյ ձախողուեց: Դա մի դասագրքային օրինակ էր այն մասին, թէ ինչպէս չպէտք է քարոզարշավ իրականացնել: Իր համար մեծ նշանակութիւն ունեցող այսպիսի մի շոու կազմակերպելով, Անկարան նպատակ ուներ զարմացնել միջազգային հանրութեանը` փորձելով ցոյց տալ, որ մինչ հայերը մեղադրում են թուրքերին իրենց նկատմամբ ցեղասպանութիւն իրագործելու համար, թուրքական կառավարութիւնն այնքան մեծահոգի եւ գթառատ է, որ իր սեփական գրպանից 1,5 մլն դոլար է ծախսել` մի հնադարյան հայկական եկեղեցի վերանորոգելու համար: Բացարձակ անիրազեկութեան եւ ոչ պակաս չարակամության հետեւանքով Անկարան փչացրեց այս արարողութեան գրեթէ բոլոր բաղադրիչները: Թուրք ղեկավարներն իրենց բազում սխալ քայլերով ի դերեւ հանեցին իրենց իսկ սեփական նպատակները եւ շահերը: Ահա այդ սխալ քայլերի մի կարճ ցուցակ. 1) Բացման արարողութեան օրը փոխեցին 3 կամ 4 անգամ, այդ կերպ աշխարհին պարզ դարձնելով, որ Թուրքիան փորձում էր գտնել քաղաքականապես ամենանպատակայարմար ժամանակը` հնարաւոր առաւելագոյն քարօզչական արդիւնքի հասնելու համար: 2) «Ագդամար»-ի (sic) բացման արարողութիւնից երկու շաբաթ առաջ Լոս-Անջելէսի թուրքական գլխաւոր հիւպատոսարանը մեծ թւով հրաւէրներ էր ուղարկել հայերին: Այս հասցեատերերի ցուցակը վերջերս էին վերցրել մի «համեստ» հայից, իսկ հրաւէրները ուղարկուել էին էժանագին դարչնագույն ծրարներով, որոնք նման էին նպարեղենի խանութներում օգտագործվող թղթե տոպրակներին: 3) Թուրքական լրատվամիջոցներ թափանցեց սփիւռքահայերի անունների մի կեղծ ցուցակ, որոնք իբրեւ թէ պէտք է ներկայ գտնվերին բացման արարողութեանը, մինչդեռ իրականում նրանցից ոչ մէկն Ախթամարում չեղաւ: 4) Անկարայի կողմից Ախթամար հրաւիրուած հայերին «չափաւոր» պիտակավորելը նպաստեց հայկական համայնքում այդ հայերի հանդէպ վստահութեան եւ նրանց դիրքերի սասանմանը: 5) Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆեանին ստիպեցին ներկայ գտնուել արարողութեանը` նրան թոյլ չտալով նոյնիսկ մի աղօթք կարդալ: 6) Հայկական եկեղեցու առաջնորդներին հրաւիրել էին հայկական մի սուրբ եկեղեցու վերաբացմանը եւ ապա նրանց ասել էին, որ դա լինելու է մի թանգարան այլ ոչ թէ եկեղեցի եւ որ այնտեղ ոչ մի կրոնական արարողութիւն տեղի չի ունենալու, խաչ չի լինելու եկեղեցու գմբէթին եւ այն ոչ մի կապ չի ունենալու Հայոց Պատրիարքարանի հետ: Զարմանալի չէ, որ պատրիարքից բացի, հայկական եկեղեցու ոչ մի առաջնորդ, ոչ Հայաստանից եւ ոչ էլ սփիւռքից, չերեւաց այդ արարողութեանը: 7) Հրաւիրել էին հայկական կառավարութեան բարձրաստիճան պաշտօնեաների եւ թոյլ չէին տուել սահմանն անցնել, այդպիսով ստիպելով նրանց 15 ժամում մենքենայով Վրաստանով հասնել Վանա Լիճ, փոխանակ 4 ժամում Հայաստանից ուղիղ ճանապարհով հասնելու: 8) Արարողութեանը հրաւիրել էին իսրայելցի եւ ամերիկացի դիւանագէտների, որոնց կառավարութիւնները մերժել էին ճանաչել հայոց ցեղասպանութիւնը: 9) Մերժել էին աշխարհահռչակ ամերիկահայ դաշնակահար Շահան Արծրունու (նախկինում ստամբուլաբնակ)` Ախթամար կղզում բացման արարողութեանը ելոյթ ունեալու առաջարկը: Փոխարենը պայմանաւորուել էին մի թուրք դաշնակահարի հետ, ով նվագեց թուրքական, հրեական եւ հայկական երաժշտություն: 10) Ախթամար կղզում ամէնուր բարձրացրել էին թուրքական հսկայական դրօշներ, այդ թւում նաեւ մի մեծ դրօշ էլ եկեղեցու պատին` Աթաթուրքի մի մեծ պատկերի հետ միասին: 11) Երբ մի քանի կրոնապաշտ հայ այցելուներ եկեղեցու ներսում մոմեր վառեցին, թուրքական անվտանգութեան ծառայողներն անմիջապէս հանգցրեցին բոլոր մոմերը ու բռնագրաւել դրանք: 12) Երբ Թուրքիայի մշակոյթի նախարար Աթիլա Քոչին հարցրին, թէ արդեօք տարին մէկ անգամ կարող է ծես անցկացուել վերակառուցուած եկեղեցում, նա պատասխանեց` թէ ինքը սպասում է արտգործնախարարութեան որոշմանը, այդ կերպ բացարձակապէս պարզ դարձնելով, որ ամբողջ արարողութիւնը մի մեծ քաղաքական թամաշա էր: Եթէ Թուրքիան ցանկանում էր տպաւորութիւն գործել միջազգային հանրային կարծիքի վրայ եւ դէեպ իրեն տրամադրեր ողջ աշխարհի հայերին, նա պէտք է անէր ճիշտ հակառակը, ինչ արեց: Ինչպէս հայկական եկեղեցու մի առաջնորդ վերջերս տողերիս հեղինակին ասել էր, եթէ թուրքերն իրականում ցանկանում էին բարեկամաբար վերաբերուել հայերին, ապա թուրքական դրոշների եւ Աթաթուրքի պաստառների փոխարէն նրանք Սուրբ Խաչ եկեղեցում պէտք է ամէնուր խաչեր դնեին: Հայերի վրայ տպաւորութիւն գործալու փոխարէն, Թուրքիան իրականում վերջին հաշւով նրանց վիրավորեց` պղծելով նրանց պատմական հայկական եկեղեցին! «Թըրքիշ դեյլի նիւզ» -ում հրապարակուած իր մեկնաբանություններում Ջենգիզ Չանդարը շատ կոպիտ բառեր օգտագործեց թուրք ղեկավարների հասցէին: Ախթամարում նրանց *ործողությունները Ջենգիզ Չանդարը որակել էր իբրեւ «անարգանք» եւ նոյնիսկ «մշակոյթային ցեղասպանութիւն»: Միշտ կարելի է յուսալ, որ թուրք պաշտօնեաները ի դերեւ կը հանեն իրենց երկրի շահերը: Ահա թէ ինչու նրանց յաճախ յիշատակում են որպէս «հրոսակախումբ, որը չի կարող ուղիղ կրակել»:
  -   Յօդուածներ