ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻՋԱՄՏՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԶՈՀԵՐԻ ՈՒՆԵՑԱՎԾՔԻ<br /> ՀԱՐՑՈՎ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԴԷՄ ԲԱՑՈՒԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՆ<br />


ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻՋԱՄՏՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԶՈՀԵՐԻ ՈՒՆԵՑԱՎԾՔԻ
ՀԱՐՑՈՎ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԴԷՄ ԲԱՑՈՒԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՆ

  • 30-03-2007 14:05:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Յարութ Սասունեան «Կալիֆոռնեան կուրիեր»-ի հրատարակիչ Միացեալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Նաբի Սենսոյը վերջերս, ոտնահարելով բոլոր թույլատրելի իրաւական նորմերը, մի խիստ անհարկի նամակ է ուղարկել Միացեալ Նահանգների օկրուգային դատաւոր Մարգրեթ Մ. Մորոուին (դաշնային դատարան), խնդրելով նրան մերժել գերմանական «Դոյչեբանկի» եւ «Դրեզդներբանկի» դէմ հայ հայցվորների ներկայացրած հայցը: Տողերիս հեղինակն ունի այս` մինչ այդ չբացահայտուած նամակի մի պատճէնը: «Եղիայան էնդ Ասոշիեյթս», «Կաբատեկ, Բրաուն, Քելլներ» եւ «Գիրագոս էնդ Գիրագոս» ընկերութիւնների կողմից ներկայացուած խմբակային հայցով հայ հայցվորները մեղադրել էին գերմանական երկու բանկերին «Առաջին աշխարհամարտից եւ Ցեղասպանությունից առաջ» այս բանկերում հայերի պահ դրած ունեցուածքը թաքցնելու եւ դրա փոխհատուցմանը խոչընդոտելու համար: Հայցվորներն այնուհետեւ պնդել են, թէ բանկերը «ընդունել են թալանված ունեցուածքը, որը Առաջին Աշխարհամարտի եւ Հայոց Ցեղասպանութեան ժամանակ Օսմանեան Թուքիայի կառավարութիւնը բռնի ուժով խլել էր»: Այդ դատական գործը յարուցելու պահից ի վեր (այն յարուցուել է 2004թ.-ին եւ նորոգուել 2006թ.-ին), այս երկու գերմանական բանկերը արել էին հնարաւոր ամէն ինչ այն փակել տալու համար: Նրանք հարցականի տակ էին դրել Կալիֆոռնիայի օրէնսդիր մարմնի կողմից ընդունուած օրէնքի սահմանադրականությունը, որը երկարձգել էր «Հայցային վաղեմիության» մասին օրէնքը, ինչով հայցվորների համար հիմք էր ստեղծել էր, որ գերմանական բանկերին եւ այլ կառույցներին դատի տալ մինչեւ 2016թ.-ը: Փորձելով հակազդել այն մեղադրանքներին, թէ իրենք շահ են ստացել անազնիւ եկամուտներից, այս գերմանական բանկերը, իրենց իրաւախորհրդատուի` «Միլբանկ, Թվիդ, Հադլի էնդ Մըքքլոյ» ֆիրմայի միջոցով հայց են ներկայացրել, ըստ որի Կալիֆոռնիայի այդ օրէնքը «իր երկրի արտաքին գործերը կարգաւորելու դաշնային կառավարութեան բացառիկ իրաւունքի հակասահմանադրական խախտում է»: Տպավորությունն այն է, որ իրենց հայցը պաշտպանելու համար գերմանական բանկերը հաջողացրել են ստիպել Թուրքիային, որ վերջինս կարգադրի Միացեալ Նահանգներում իր դեսպանին նամակ ուղարկել դատաւոր Մորոուին` ասելով նրան, որ օկրուգային դատարանը միջամտում է մի գործի, որն առնչւում է Միացեալ Նահանգներ-Թուրքիա յարաբերութիւններին: Այս գերմանաթուրքական մերօրեայ համագործակցութիւնը յիշեցնում է գերմանական ու թուրքական կառավարությունների միջեւ 90 տարի առաջ` Հայոց Ցեղասպանութեան ժամանակ ստեղծուած միութիւնը: Վերածնելով այս վատահամբավ միութիւնը, գերմանական բանկերը հոյս ունեն պահել իրենց «աւարը», իսկ թուրքական կառավարութիւնը կկարողանայ շարունակել ծածկել ցեղասպանութիւնը եւ փորձել կանխել իր` Թուրքիայի դէմ ցանկացած ապագայ պահանջներ: Սակայն գերմանական բանկերը եւ թուրքական կառավարութիւնը ըստ երեւույթին ուշադրութիւն չեն դարձրել այն փաստին, որ անմիջականօրէն դաշնային դատաւորին մի նամակ գրելով, թուրք դեսպանը միջամտում էր մի դատական գործընթացի, որում թուրքական կողմը օրինական կողմ չէ: Ուշագրաւ է, որ թուրք դեսպանի` 2007թ.-ի փետրուարի 23-ով թուագրուած նամակը, որն անմիջապէս յաջորդել էր արտգործնախարար Աբդուլահ Գիւլի Վաշինգտոն կատարած վերջին այցին, հիմք է տալիս ենթադրել, որ քաղաքական վերադասը ստիպել էր դեսպանին գնալ այս անպատշաճ քայլին հնարաւոր է, ի հակառակ նրա ամերիկացի հավատարմատարների խորհուրդների: Ուշագրաւ է, որ 2007թ.-ի փետրուարի 27-ի դատական լսումների ժամանակ գերմանական բանկի փաստաբանը բացայայտեց, որ թուրքական դեսպանատան հավատարամատար Դեվիդ Սալցմենը սերտ կապ է պահպանել իր հետ տարիներ շարունակ, սկսած առաջին անգամ դատական գործ յարուցուելու պահից: Դատաւոր Մորոուիին հասցէագրուած իր նամակում դեսպան Սենսոյը գրել էր. «Ես խորապէս մտահոգուած եմ, որ հայցվորները խնդրել են ձեզ քննութեան առնել Թուրքիայի ինքնիշխան գործողութիւնները` իրականացուած իր իսկ տարածքում, ինչից ես ձեզ կը խնդրէի ձեռնպահ մնալ: Մասնաւորապէս, հայցվորները յայտարարութիւններ են արել, որոնք այս դատարանի առջեւ պահանջ են դնում հիմնովին ուսումնասիրել, թէ արդեօք կառավարական մի պլան չէ՞ր Օսմանեան կայսրութիւնում ապրող հայերի դէմ իրագործուած յանցագործութիւնները, այդ թւում ունեցուածքի թալանը: Հայցվորները հասկացնում էին, թէ ցանկանում են, որ իրենց մեղադրանքները չսահմանափակվեն Օսմանեան կայսրութեան վախճանով եւ տարածվեն ժամանակակից Թուրքիայի վրայ: Օրինակ, հայցվորները պնդում էին, թէ հայկական ողբերգութիւնը շարունակուել էր 1915-ից մինչեւ 1923թ, զրպարտելով, թէ ցանկացած անօրինական գործողութիւն, որը նպաստել էր դրան, ոչ միայն Օսմանեան կայսրութեան պատասխանատւութեան ներքոյ է, այլեւ դրա իրավահաջորդի` Թուրքական Հանրապետութեան, որը հիմնադրուել էր 1923թ.-ին»: Թուրք դեսպանն ապա դատաւորին անամօթաբար առաջարկել է իր դեսպանատան ծառայութիւնները որպէս Հայոց Ցեղասպանութիւնը վերաբերող փաստաթղթերի մի վստահելի աղբիւրի: «Իմ դեսպանատունը միշտ պատրաստ է ձեզ տրամադրել գիտական աշխատանքներ, որոնք համաձայն չեն ներկայումս ընդունուած համարւող տեսակէտի հետ (բնագրում` «current orthodoxy») ըստ որի, հայկական ողբերգութիւնը պէտք է ցեղասպանութիւն կոչուի», - ասուած էր նամակում: Դեսպան Սենսոյն ապա դատափետել է դատաւոր Մորոուին` ցուցում տալով նրան, թէ վերջինիս կողմից «Հայոց Ցեղասպանութիւն» տերմինի օգտագործումը «պատշաճ չէ»: Դեսպանն ասել էր, թէ ինքը դժգոհ էր, որ դատաւորը սեպտեմբերի 11-ի իր կարծիքի մէջ յիշատակել էր «Հայոց Ցեղասպանութեան պատմական հիմքը»: Նա դատաւորին նաեւ մեղադրել էր «մի զուտ պատմական բանավէճի հարցում մի կողմի պաշտպանը հանդիսանալու համար»: Դատարանի գործերին այս անհիմն միջամտությանն ի պատասխան, հայկական կողմի փաստաբանները (հայցվորները), 2007թ. մարտի 7-ին գրաւոր ցուցմունք ներկայացրեցին դատարան, որում ասւում էր. «Թուրք դեսպանի նամակը լի է անճշտություններով եւ սխալ ենթադրություններով»: Թուրքիայի Հանրապետութիւնը այս դատական գործընթացի կողմ չի հանդիսանում, այն նաեւ չունի որեւէ հիմք իր ձայնը հնչեցնելու այս դատական գործընթացում: Այս դատարանը ոչ մի օրինական հիմք չունի այս գործում Թուրքիայի Հանրապետութեան ներկայացրած ցանկացած դիրքորոշում քննարկելու համար: Այսպիսով հայցվորները խորհուրդ են տալիս, որ դատարանն անտեսի թուրք դեսպանի նամակը»: Միւս կողմից, պատասխանող կողմի` գերմանական բանկերի փաստաբանները, իրենց գրաւոր ցուցմունքներում պնդել են, թէ թուրք դեսպանի նամակը «կարեւոր վկայութիւն է»: Զարմանալի չէ, որ պաշտպանները օգտագործել են այդ նամակը որպէսզի հաստատեն իրենց պնդումները, թէ դատական գործընթացը «բացասական նշանակութիւն» կարող է ունենալ Միացեալ Նահանգներ-Թուրքիա յարաբերութիւնների վրայ: Նրանք պնդել են, թէ թուրք դեսպանի նամակը ցոյց է տալիս, որ «Առաջին Աշխարհամարտի ժամանակ հայերի հանդէպ ունեցած վերաբերմունքի մէջ դատարանի կողմից Թուրքիայի յանցաւորութեան աստիճանի ուսումնասիրութիւնը խոսում է Միացեալ Նահանգների եւ Թուրքիայի միջեւ եղած արտաքին քաղաքական յարաբերութիւնների զգայունության մասին, ինչը պահպանւում է մինչեւ օրս»: Թէեւ դատաւորին այսպիսի մի նամակ ուղարկելով թուրքական կառավարութիւնը հաւանաբար մտադիր էր պաշտպանել իր շահերը, այն իրականում կարող է Թուրքիայի համար ունենալ հետեւեալ չնախատեսուած եւ վնասակար հետեւանքները. 1) Միացեալ Նահանգների Դաշնային դատարանի գործերին դեսպանի անհիմն միջամտութիւնը կարող էր պատճառ դառնալ, որ դատաւորը ոչ միայն մերժեր նրա ինքնակամ միջամտութիւնը, այլեւ բացասաբար տրամադրվեր գերմանական բանկերի նկատմամբ` այդ նամակը կազմակերպելու գործում դրանց հնարաւոր դերի համար: 2) Եթէ դատաւորը մերժի նամակը, ապա, իր` դեսպանի յայտարարութեանը լրիւ համապատասախան, նրա վճիռը կնշանակի, որ գերմանական բանկերի կողմից հայերից հափշտակված ունեցուածքը յետ վերադարձնելու ազնիւ գործը կարող է դառնալ մի իրաւական գործ, որը հեռու գնացող հետեւանքներ կունենայ Թուրքիայի համար, որոնց թւում կլինի Միացեալ Նահանգների դաշնային դատարանի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը եւ այն, որ մերօրեայ Թուրքիայի հանրապետութիւնը պատասխանատու կդառնայ ցեղասպանութեան զոհերի կրած կորուստների համար: Մի անգամ եւս` Հայոց Ցեղասպանութեան հետ կապուած բոլոր հարցերին զգայական ու անհարկի սուր կերպով արձագանքելով, Թուրքիայի կառավարութիւնը թերեւս ինքն իրեն կվնասի:
  -   Յօդուածներ