ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՂՈՐԱՅՔԱԿԱՅՈՒՆ ՀԻՒԱՆԴՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՄԱՆ<br /> ԾՐԱԳԻՐԸ ԿՍԿՍՈՒԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒԵԼ 2008 Թ.-ԻՑ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՂՈՐԱՅՔԱԿԱՅՈՒՆ ՀԻՒԱՆԴՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՄԱՆ
ԾՐԱԳԻՐԸ ԿՍԿՍՈՒԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒԵԼ 2008 Թ.-ԻՑ

  • 23-03-2007 19:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանական KFW բանկի եւ «GOPA-EPOS» կազմակերպութեան աջակցութեամբ Հայաստանում անցեալ տարուանից իրականացւում է հետազօտութիւն` դեղորայքակայուն տուբերկուլյոզով հիւանդների թուաքանակը ճշտելու նպատակով: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց Տուբերկուլյոզի դէմ պայքարի ազգային ծրագրի ղեկավարի տեղակալ Տաթեւ Կոստանեանը, հետազօտութեան արդիւնքները կամփոփուեն մարտի վերջին: Սակայն, ըստ նրա, նախնական տուեալների համաձայն, հանրապետութիւնում դեղորայքակայուն են անցեալ տարի գրանցուած առաջնակի 1613 հիւանդների 8,5%-ը եւ կրկնակի 557 հիւանդների 35%-ը: Տ.Կոստանեանը նշեց, որ 2008թ.-ից կիրականացուի այդ հիւանդների անվճար բուժման ծրագիրը` առաջին անգամ Հայաստանում կիրառելով միջազգային չափանիշներին համապատասխանող ԴՈԹՍ+ ռազմավարութիւնը: Նախատեսւում է նաեւ դիմել «Կանաչ լոյս միջանցք» միջազգային կազմակերպութեանը` բուժման համար անհրաժեշտ դեղորայքներն անհամեմատ ցածր գներով ձեռք բերելու համար: Ըստ Տ.Կոստանեանի, դեղորայքակայուն հիւանդների համար նախատեսուած դեղորայքները բաւական թանկ են. մէկ հիւանդի բուժման համար ծախսւում է 10-12 հազար դոլար: Տ.Կոստանեանը յայտնեց, որ մինչ այդ նախատեսւում է դեղորայքակայուն հիւանդների բուժման համար նախատեսուած բաժանմունք ստեղծել նաեւ Երեւանում գործող բուժհիմնարկներից մէկում:
  -   Հասարակութիւն