ԼՈՅՍ Է ՏԵՍԵԼ ԲԵՐԴԱՁՈՐԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՋՈԿԱՏԻ ՊԵՏԻ<br /> ՅԻՇԱՏԱԿԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ «ԲԵՐԴԱՁՈՐԻ ԱՆԴՐԱՆԻԿ» ԳԻՐՔԸ<br />


ԼՈՅՍ Է ՏԵՍԵԼ ԲԵՐԴԱՁՈՐԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՋՈԿԱՏԻ ՊԵՏԻ
ՅԻՇԱՏԱԿԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ «ԲԵՐԴԱՁՈՐԻ ԱՆԴՐԱՆԻԿ» ԳԻՐՔԸ

  • 14-03-2007 18:10:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հրատարակուել է «Բերդաձորի Անդրանիկ» ժողովածուն, որ նուիրուած է Արցախի ազատագրական շարժման առաջին կազմակերպիչներից ու ղեկավարներից մէկի, Բերդաձորի ինքնապաշտպանութեան ջոկատի պետ Անդրանիկ Յարութիւնեանի յիշատակին: Գրքում ընդգրկուած են Ա.Յարութիւնեանի բանաստեղծութիւնները, յուշագրութիւններն ու պատմուածքները, ինչպէս նաեւ նրա մասին հայաստանեան եւ Սփիւռքի մամուլում հրապարակուած յօդուածները: Ա.Յարութիւնեյանը 1989թ.-ին «Հայ Դատ» կազմակերպութեան յանձնարարութեամբ մեկնել է շրջափակման ծանր պայմաններում յայտնուած Բերդաձոր եւ ղեկավարել շրջանի ինքնապաշտպանութիւնը: Նա հիմնել է Բերդաձորի Ինքնապաշտպանութեան խորհուրդը (ԲԻԽ), որը լայն գործունէութիւն է ծավալել շրջանի հայկական գիւղերում: Ա.Յարութիւնեանի նախաձեռնութեամբ վերաբացվել են դպրոցներ, արտադրամասեր: Այսօր Բերդաձորի դպրոցներից մէկը կոչւում է Ա.Յարութիւնեանի անունով: Նրա մասին նկարահանուել են «Ճանապարհը բաց է» եւ «Յունիս` 1991թ.» ֆիլմերը: Ա.Յարութիւնեյանը զոհուել է 1992թ.-ին` աւտովթարից: «Նրա անունը ահ ու սարսափի մէջ էր պահում թուրքերին եւ դա էր պատճառը, որ նրանք Անդրանիկին վերացնելու համար կրքեր էին բորբօքում, աչքերն էին ցոյց տալիս հեռուստատեսութեամբ ու 5 միլիոն ռուբլի գլխագին սահմանում, գրում, որ նրա աչքերը թուրքի արեան ծարավ են»,- «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում ասաց Ա.Յարութիւնեանի կինը` Աստղիկ Յարութիւնեյանը: Նրա խօսքերով, Բերդաձորի Անդրանիկը լեգենդ էր եւ ժամանակն է նորից հնչեցնել նման հայորդու անունը, քանզի անթոյլատրելի է, երբ նման հերոսները մնում են ստուերում: Ա.Յարութիւնեյանը յայտնեց, որ նախատեսւում է հրատարակել «Բերդաձորի Անդրանիկ» գրքի երկրորդ մասը, քանի որ կան բազմաթիւ նիւթեր, որոնք անտիպ են եւ պէտք է ներկայացուեն հանրութեանը:
  -   Մշակոյթ