ԿԸՀ նոր կազմը յայտնի է, բացառութեամբ երկու անդամի


ԿԸՀ նոր կազմը յայտնի է, բացառութեամբ երկու անդամի

  • 11-07-2011 15:17:53   | Հայաստան  |  Քաղաքական
Մինչ այժմ յայտնի են նոր Կենտրոնական ընտրական յանձնաժողովի եօթ նշանակուելիք անդամների 5 թեկնածուների անունները միայն: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել ԿԸՀ երկու անդամի` ԿԸՀ ներկայիս նախագահ Գարեգին Ազարեանի եւ Լաուրա Գալստեանի թեկնածութիւնները: Այս մասին յայտնեցին ՀՀ վճռաբեկ դատարանից: ՀՀ փաստաբանների պալատի նախագահը ներկայացրել է Փաստաբանների պալատի անդամ, թ.9 ընտրատարածքային ընտրական յանձնաժողովի քարտուղար Գէորգի Մարտիրոսեանի եւ թ.10 ընտրատարածքային ընտրական յանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսեանի թեկնածութիւնները: Յայտնի չեն միայն ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի ներկայացուելիք թեկնածուների անունները: Ինչպէս յայտնի է, անցած շաբաթուայ վերջին ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանը ներկայացրել էր Արտակ Մելիքսէթեանին, Աիդա Մուրադեանին եւ Ռոզա Ստեփանեանին Կենտրոնական ընտրական յանձնաժողովի անդամներ նշանակելու առաջարկութիւն:Սակայն ԿԸՀ անդամների առաջադրման համար օրէնքով սահմանուած վերջնաժամկէտից 4 ժամ առաջ` յուլիսի 11-ին ժամը 14:10-ին Աիդա Մուրադեանը եւ Ռոզա Ստեփանեանը ինքնաբացարկով դիմել են Մարդու իրաւունքների պաշտպանին: Պաշտպանը չի կարող ներկայացնել աւարտուած մրցոյթի մասնակիցներից եւ ոչ մէկին, հետեւաբար, պէտք է առաջադրի երկու նոր անձանց: ԿԸՀ երեք անդամները ՀՀ նախագահին եւ հանրութեանը կը ներկայացուեն մինչեւ յուլիսի 12-ը: Նշենք, որ թեկնածուներից երկուսը` Գարեգին Ազարեանը եւ Գէորգի Մարտիրոսեանը, յայտ էին ներկայացրել նաեւ ԿԸՀ անդամի ընտրութեան նպատակով ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի յայտարարած մրցոյթին: ԿԸՀ անդամները նշանակուելու են Նախագահի հրամանագրով:
  -   Քաղաքական