ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԵՐԷՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂՆԵՐԻ ԹԻՒԸ ՎԵՐՋԻՆ<br /> ՏԱՍՆԱՄԵԱԿՈՒՄ ՆՈՒԱԶԵԼ Է<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԵՐԷՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂՆԵՐԻ ԹԻՒԸ ՎԵՐՋԻՆ
ՏԱՍՆԱՄԵԱԿՈՒՄ ՆՈՒԱԶԵԼ Է

  • 12-03-2007 20:03:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանկոֆոնիայի միջազգային օրուայ կապակցութեամբ Երեւանում մարտի 13-22-ը յայտարարուած է ֆրանկոֆոնիայի շաբաթ: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանութեան եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան հայաստանեան կենտրոնի` «Ալիանս ֆրանսեզ»-ի ջանքերով այս օրերին Երեւանում կազմակերպուելու են մի շարք միջոցառումներ. «Նաիրի» կինոթատրոնում ցուցադրվելու են ֆրանսիական ֆիլմեր, Պետական համազգային թատրոնում ֆրանսերենով բեմականացուելու է Է.Ռոստանի «Ռոմանտիկները» պիեսը, Հայաստանի ֆրանսիական համալսարանում, Վ. Բրիւսովի անուան լեզուաբանական եւ Երեւանի պետական համալսարաններում անց են կացուելու «Ոսկէ բառ» եւ «Ոսկէ գրիչ» լեզուաբանական խաղերը: Համանման միջոցառումներ են անցկացուելու նաեւ Գիւմրիում: Մարտի 20-ին նշւող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրուայ առթիւ ֆրանսերենին եւ ֆրանսիական մշակոյթին նուիրուած մեկշաբաթեայ հանդիսութիւններ են տեղի ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան իսկական անդամ կամ դիտորդի կարգավիճակ ունեցող երկրներում: Կազմակերպութեան իսկական անդամ է 55 երկիր, եւս 13-ը, այդ թւում Հայաստանը (2004 թ.-ից), ունի դիտորդ երկրի կարգավիճակ: Ըստ «Ալիանս ֆրանսեզ»-ի տուեալների, վերջին 10 տարում Հայաստանում նուազել է ֆրանսերենն ուսումնասիրողների տոկոսը. Հայաստանում ֆրանսերէն են սովորում օտար լեզու ուսումնասիրողների 12, իսկ անգլերէն` 80 տոկոսը:
  -   Մշակոյթ