«SOS ԹԵՂՈՒՏ» ԲՆԱՊԱՀԱՊԱՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ<br /> ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԿՈԱԼԻՑԻԱՆ ԴԻՄԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ<br />


«SOS ԹԵՂՈՒՏ» ԲՆԱՊԱՀԱՊԱՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԿՈԱԼԻՑԻԱՆ ԴԻՄԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ

  • 01-03-2007 19:45:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բնապահպանական 26 հասարակական կազմակերպութիւններ միաւորող «SOS Թեղուտ» կոալիցիան Թեղուտի հանքավայրի նախատեսւող շահագործման դէմ գրաւոր բողոք է ներկայացրել ՀՀ նախագահին: Ինչպէս մարտի 1-ի ասուլիսում նշեց «SOS Թեղուտ» կոալիցիայի անդամ «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպութեան ներկայացուցիչ Մհեր Շառոեանը, հանքավայրի շահագործմամբ է'լ աւելի մեծ վնաս կհասցուի շրջակայ միջավայրին եւ տեղի բնակչութեան առողջութեանը: Ըստ նրա, ծրագրի իրականացման դէպքում կը խախտուեն մի շարք միջազգային կոնվեցիաներ, ՀՀ Սահմանադրութիւնը եւ օրէնքները: Մ.Շառոեանի խօսքերով, «Արմէնիան քափր փրոգրամ» (ACP) ընկերութեան այդ ծրագրի պետական բնապահպանական փորձաքննության ընթացքում ճիշտ չեն գնահատուել պետութեանը, բնակչութեանն ու շրջակայ միջավայրին հասցւող իրական վնասները: Ըստ նրա, ծրագրի իրականացումը յատկապէս աղէտալի հետեւանքներ կարող է ունենալ տեղի ջրահաւաք աւազանի բնական հաւասարակշռութեան պահպանման առումով` զրկելով տարածքի բնակավայրերը խմելու ջրից: Բացի այդ, ինչպէս նշեց Թեղուտին հարակից Շնող գիւղի բնակիչ Վառշամ Աւետեանը, ոչնչացման վտանգ է սպառնում տեղի պատմամշակութային արժէքաւոր մի շարք յուշարձանների: «Մենք մեղադրում ենք ուրիշներին հայկական պատմական յուշարձանները ոչնչացնելու հարցում այն դէպքում, երբ ինքներս ենք նոյն կերպ վարւում»,- ասաց նա: Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի նախագահ Սրբուհի Յարութիւնեյանը նշեց, որ հանքավայրը շահագործելու համար կհատվեն լեռնային բարձրարժէք անտառներ, ինչի դիմաց ACP-ն տարեկան կը մուծի ընդամէնը 8 մլն դոլարի չափով հարկեր, իսկ ընկերութեան բաժնետէրերը կստանան 14 մլն դոլարի եկամուտ: «28 տարուայ ընթացքում ստանալով, աւելի քան 406 մլն դոլարի մաքուր շահոյթ, ACP-ն այդտեղից կհեռանայ` բնակչութեանը թողնելով խախտուած հողեր, լեռնային աղբիւրների ցամաքած ակունքներ: Իսկ այդ ամէնը վերականգնելու համար կպահանջուեն մի քանի սերունդների ջանքեր»,- ասաց Ս.Յարութիւնեյանը: Ասուլիսին մասնակցում էին նաեւ Թեղուտի համայնքապետ Յարութիւն Մելիքսեթեանը, Շնողի գիւղապետ Կորիւն Շադինյանը եւ այդ գիւղերի մի խումբ բնակիչներ: Նրանք նշեցին, որ իրենք դէմ չեն ծրագրի իրականացմանը, քանի որ տեղի բնակիչների գրեթէ կէսը գործազուրկ է եւ «ընտանիքը կերակրելու ոչ մի միջոց չունի»: Իսկ էկոլոգների այն ահազանգը, թէ Թեղուտը 30 տարի յետոյ վերածուելու է մեռյալ գօտու, նրանց այս պահին այդքան էլ չի անհանգստացնում: «Եթէ այսպէս շարունակուի, վաղ թէ ուշ Թեղուտը անմարդաբնակ կլինի»,- ասաց Թեղուտի համայնքապետը:
  -   Հասարակութիւն