ԶԱՀՐԱՏԸ ՀԱՅ ՊՈԵԶԻԱՅԻ ԽՈՇՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻՑ ԷՐ,- ԱՍՈՒՄ Է
ԳՐԱԿԱՆԱԳԷՏ ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԵԼԵԱՆԸ
21-02-2007 19:55:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 20-ի կէսգիշերին
83 տարեկան հասակում Թուրքիայում մահացել է պոլսահայ մեծ բանաստեղծ
Զահրատը:
Հայաստանի Գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանի
բնորոշմամբ, Զահրատը Սփիւռքի պոեզիայի վիթխարի կաղնին է, որի
գրական ժառանգութիւնը խորը եւ կայուն ազդեցութիւն է թողել ոչ
միայն Սփիւռքի, այլեւ Հայաստանի արդի պոեզիայի վրայ:
«ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում Սփիռք
գիտաուսումնական կենտրոնի տնօրէն, գրականագէտ Սուրէն Դանիելեանը
նույնպես նշեց, որ Զահրատի գրական ժառանգութիւնը խորը եւ կայուն
ազդեցութիւն է թողել եւ Սփիւռքի, եւ Հայաստանի ժամանակակից
պոեզիայի վրայ: Զահրատի հետեւորդներն էին այնպիսի գրողներ, ինչպիսիք
են Յովհաննէս Գրիգորեանը, Հենրիկ Էդոյանը, Արմէն Մաարտիրոսյանը,
Արտեմ Յարութիւնեյանը: «Պոլսահայ գրականութիւնն այսօր ամէնից
մարտունակն է ողջ Սփիւռքի տարածքում` ի դէմս Զահրատի, Զարեհ
Խրախունու եւ Ռոպեր Հատտեճեանի: Գրական հսկայական ներուժ կայ այդ
երեք գրողների մէջ: Եվ այսօր Զահրատի կորուստն ամէնից առաջ կզգան
նրա գրչակից ընկերները»,- ընդգծեց Ս.Դանիելեանը:
Զահրատը (Զարեհ Յալտըճյան) ծնուել է Կ.Պոլսում: 1942թ.-ին
աւարտել է Կ.Պոլսի Մխիթարեան լիցեյը: Զահրատը գրական ասպարէզ է
իջել 1940-ականներից: Բանաստեղծի ստեղծագործությունները եւ
յօդուածները տպագրուել են Թուրքիայում եւ Հայաստանում լոյս տեսնող
թերթերում եւ ամսագրերում: Նա խմբագրել է Մխիթարեան Սանուց
միութեան «Սան» պարբերականը: Գրականագէտների գնահատմամբ, 1960 թ.
լոյս տեսած նրա «Մեծ քաղաքը» ժողովածուում պարզորոշ երեւաց նոր
ձեռագրով բանաստեղծը, որը, մի կողմից, զարգացրեց պոլսահայ
գրականութեան նորագոյն շրջանում սոցիալական թեմատիկան, միւս
կողմից` երգեց մարդու տառապանքը: 1971-ին հրատարակուել է բանաստեղծի
«Բարի երկինք» ժողովածուն, 1976-ին` «Կանաչ հողը», իսկ 1989-ին`
«Մէկ քարով երկու գարուն» ժողովածուն: